Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյանը չմիավորեց վիրահայերին

Փետրվար 12,2007 00:00

Միջադեպ պանթեոնում

Ամեն տարի Վահան Տերյանի ծննդյան եւ մահվան տարեդարձերի օրը «Ջավախք» հայրենակցական միությունը եւ «Վահան Տերյան» մշակութային կենտրոնը համատեղ Տերյանական օրեր են կազմակերպում Գանձայում, իսկ Երեւանում այցելում են Կոմիտասի անվան պանթեոն՝ բանաստեղծի հիշատակին տուրք մատուցելու: Երեկ, սակայն, այս միջոցառումը պանթեոնում վերածվել է հայաստանաբնակ վիրահայերի երկու թեւերի միջեւ միջադեպի: «Ջավախք» հայրենակցական միության, «Հզոր Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ու էլի մի քանի գրողներ եւ տերյանագետներ, նաեւ ծագումով վիրահայ ՀՀ փոխոստիկանապետեր Արարատ Մահտեսյանն ու Հովիկ Հունանյանը ժամանելով պանթեոն՝ հանդիպել են «Վիրահայերի միասնություն» հ/կ անդամներին՝ այդ կազմակերպության ղեկավար Տաճատ Վարդապետյանի գլխավորությամբ: Տեսնելով ժամանած նոր խմբին՝ «Վիրահայերի միասնության» անդամ մի քանի տասնյակ մարդիկ շղթա են կազմել՝ թույլ չտալու համար, որ «Ջավախք» հայրենակցական միության անդամներն ու մյուսները մոտենան Տերյանի շիրիմին: Ներկաներից մեկի պատմելով, վերջիններս փորձել են բանակցել, որ իրենց թույլ տան մոտենալ բանաստեղծի գերեզմանին, բայց դիմադրության հանդիպելով՝ շղթան ճեղքել ու ծաղկեպսակ, ծաղիկներ են դրել Տերյանի շիրիմին, ելույթներ են ունեցել, բայց արդեն վերադառնալիս «Վիրահայերի միասնության» ներկայացուցիչներից մի քանիսը մի կողմ են հրավիրել «Ջավախք» միության նախագահ Շիրակ Թորոսյանին եւ էլի մեկին ու «տղայական» խոսակցություն սկսել: Բնականաբար, փոխոստիկանապետերը փորձել են միջամտել ու հարթել վիճակը, բայց «Առավոտին» դիմած ականատեսի ասելով, «Վիրահայերի միասնության» ներկայացուցիչներից մեկը ձնագնդի է նետել Ա. Մահտեսյանի ավտոմեքենայի ուղղությամբ, որը դիպել է փոխոստիկանապետի վարորդին: Ի վերջո, երբ փոխոստիկանապետերը ստիպված են եղել ոստիկանություն հրավիրել՝ «Վիրահայերի միասնության» ներկայացուցիչները հեռացել են: Ըստ մեր տեղեկությունների, միջադեպի առթիվ Շենգավիթի ոստիկանության բաժնում քրգործ է հարուցվել:

Մենք փորձեցինք հենց Շ. Թորոսյանից ճշտել այս տեղեկությունների իսկությունը: Նա հաստատեց տեղի ունեցածի մասին լուրը՝ ասելով, թե «մի խումբ խուլիգաններ փորձում էին միջադեպ հրահրել, բայց դա հարթվեց ու անցավ»: Շ. Թորոսյանը ձեռնպահ մնաց այդ «միջադեպը» ընդհարում որակելուց՝ համարելով, որ այդ բնութագրումը տվյալ դեպքում «մի քիչ խիստ կլինի», բայցեւ հավելեց, որ «ոստիկանությունը կզբաղվի դրանով»:

Հիշեցնենք, որ «Վիրահայերի միասնությունը» հայտարարել է, թե առաջիկա ԱԺ ընտրություններում աջակցելու է ՀՀԿ-ին այն դեպքում, երբ «Ջավախք» հայրենակցական միությունը եւ «Հզոր Հայրենիքը» նման ծրագրեր չունենան:

Երեկ մենք փորձել ենք ստանալ միջադեպի երկրորդ կողմի՝ «Վիրահայերի միասնություն» հ/կ-ի դիրքորոշումը, սակայն դա առայժմ չի ստացվել: Հուսով ենք դրան անդրադառնալ հաջորդ համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել