Լրահոս
Օրվա լրահոսը

«41»-Ի ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է

Փետրվար 12,2007 00:00

Այսպիսի համոզմունք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը

– Այս օրերին ավելի քան ակտիվ է քննարկվում 41 մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության առաջնորդների՝ որպես պատգամավորի թեկնածուի առաջադրման գաղափարը: Ի՞նչ փուլում են այդ քննարկումները:

– «Հանրապետությունը» համոզված է, որ «41»-ի գաղափարը ընդդիմության մարտավարության տեսանկյունից հաղթելու լավագույն ծրագիր է: Բայց, կարծես, ընդդիմադիր դաշտում տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են ընկալում եւ մեկնաբանում այդ գաղափարը: Ընդդիմադիր բոլոր ուժերը համաձայն են, որ 41 ընտրատարածքներում ընդդիմությունը պետք է ունենա համաձայնեցված թեկնածուներ, մենք դրան հավելում ենք՝ ընդդիմության բոլոր առաջնորդները պետք է առաջադրեն իրենց թեկնածությունները եւ հատկապես Երեւանում, որովհետեւ Երեւանը քաղաքական կյանքի կենտրոնն է, մայրաքաղաքի ընտրազանգվածը համեմատաբար ավելի անկախ է բոլոր կարգի ազդեցություններից՝ կրիմինալի ճնշումներից, վարչական լծակների ու փողի ներգործությունից: Բացի այդ, ընդդիմադիր առաջնորդների առաջադրման դեպքում համոզված եմ, որ Երեւանում քաղաքական մթնոլորտի էական փոփոխություն կլինի եւ կտարածվի ամբողջ երկրով մեկ:

– Դա չի՞ նշանակում, արդյոք, որ անտեսվում են մարզերը, որտեղ նաեւ ձեր ասելով՝ փողի, վարչական լծակների եւ կրիմինալի ազդեցությունն ավելի մեծ է:

– Ընդդիմադիր լիդերների հետ մեկտեղ 41 ընտրատարածքներում պետք է առաջադրվեն ակտիվ եւ ոչ պակաս հայտնի քաղաքական դեմքեր: Բացի այդ, ընդդիմադիր առաջնորդների թեկնածության առաջադրման դեպքում ավելի ցայտուն կլինի այն հակապատկերը, որ կա ընդդիմադիր եւ իշխանական թեկնածուների միջեւ: Գաղտնիք չէ, որ իշխանությունը մեծամասնական ընտրատարածքներ, այլ կերպ ասած՝ փող բաժանելու եւ ընտրակեղծիքներ կատարելու առաջին գիծ, ուղարկում է առաջին հերթին տեղական իշխանիկների պապաներին, սիրասուն բալիկներին, խնամի-բարեկամներին, ինչպես նաեւ օլիգարխներին՝ դրանով իր քաղաքական «էլիտային» հեռու պահելով ընտրակեղծիքներից: Սրանք են, որ պետք է կատարեն կեղտոտ գործը եւ ապագա խորհրդարանում նաեւ դառնան իշխանության հնազանդ ու զոռբա հենարանը: Եթե մենք հակադրվում ենք իշխանության այս մարտավարությանն ու ձախողում նրա ծրագրերը՝ իշխանությանը զրկում ենք կարեւորագույն լծակից: 41 մեծամասնական թեկնածուների համաձայնեցումը եւ ընդդիմադիր առաջնորդների առաջադրումը նվազագույնն է, ինչին պետք է ձգտի ընդդիմությունը, իսկ առավելագույնը, իհարկե, կլիներ այն, որ 41 ընտրատարածքներում առաջադրվեին միասնական թեկնածուներ, եւ ընդդիմությունը կամ գոնե նրա մի ծանրակշիռ հատվածը հանդես գար միասնական համամասնական ցուցակով: Այդ դեպքում 41 ընտրատարածքների տրոհված Հայաստանը, ըստ էության, կդառնար մեկ միասնական ընտրատարածք, եւ ընտրություններում կմնար ընդամենը երկու թեկնածու. մի կողմում՝ ընդդիմությունը, մյուս կողմում՝ իշխանությունը: Ընտրողը էլ չէր մոլորվի տարբեր կուսակցությունների եւ անձերի բազմության մեջ, չէր ջլատի իր ուժերը եւ կկանգներ հստակ ընտրության առաջ՝ ընտրում է ընդդիմությա՞նը, թե՞ իշխանությանը:

– «41»-ի գաղափարն արդեն մի քանի ամիս է, ինչ շրջանառվում է, բայց այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշումներ, ըստ էության, ոչ բոլորն են հայտնել:

– Շատ կարեւոր է առանցքային կուսակցությունների դիրքորոշումը: «41»-ի գաղափարը զուգահեռաբար առաջացել էր ե՛ւ մեր կուսակցությունում, ե՛ւ ՀԺԿ-ում, որն այդ մասին առաջինը բարձրաձայնեց: Ասել է թե՝ ՀԺԿ-ին կարելի է համարել դրա կողմնակից:

– Բայց ՀԺԿ նախագահը, կարծես թե, նման հրապարակային հայտարարությունից դեռ խույս է տալիս:

– Համենայնդեպս, նաեւ չի ասվել, որ Ստ. Դեմիրճյանը չի ուզում մեծամասնականով առաջադրվել:

– Այսինքն՝ դա առայժմ հստակ որոշում չէ:

– Համարենք, որ այս դեպքում հարցը դեռ բաց է: Բայց կան ընդդիմադիր ուժերի ղեկավարներ, ովքեր պատրաստ են առաջադրվել: Օրինակ՝ այդ մասին հայտարարել են ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:

– Իսկ ի՞նչ է ասում, օրինակ՝ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը:

– Նա, կարծես, սկզբում խոսեց չառաջադրվելու մասին, բայցեւ դա էլ առայժմ միանշանակ չէ:

– Իսկ առաջարկված գաղափարն ընդդիմադիր առաջնորդների «անցողիկության» տեսանկյունից ռիսկեր պարունակո՞ւմ է:

– Այսօր ընդդիմադիր դաշտում կան առանցքային կուսակցություններ, որոնք 2003թ. ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փաստացի արժանացել են համաժողովրդական վստահության, ինչը նաեւ քաղաքական պատասխանատվություն է, եւ որի շրջանակներում նրանք գործել են մինչ օրս՝ փորձելով երկրում վերականգնել սահմանադրական կարգը եւ այլն: Այսօր իշխանությունը փորձում է գործել 2003-ի մեթոդներով: Կամ՝ մենք շարունակում ենք գործել մեր ստանձնած պատասխանատվության զգացումով, կամ՝ ինչ-որ վերացական ռիսկեր եւ այլ փաստարկներ ենք հորինում՝ հրաժարվելով «41»-ի առաջարկից՝ չունենալով ավելի լավ առաջարկ: Ասում ենք՝ առանձին-առանձին գնանք, մեկ է՝ ընտրությունների արդյունքները կեղծվելու են, հետո միասին կհավաքվենք հրապարակում: Իսկ ավելի ճիշտ չէ՞ միասին գնալ ընտրությունների, որի դեպքում, վստահ եմ, հասարակությունն ավելի ոգեւորված եւ ակտիվ մասնակցություն կցուցաբերի ընտրություններին ու քաղաքական հետագա պրոցեսներին, նաեւ կեղծիքի հնարավորությունն այդ դեպքում նվազագույն կլինի: Առանձին-առանձին գնալը, ուզենք թե չուզենք, մրցակցության էլեմենտ է մտցնում ընդդիմադիր դաշտում: Այդ մրցակցությունն ընդունելի եւ բնական կլիներ, եթե արբիտրի դերում լիներ ժողովուրդը: Ցավոք, այսօր այդպես չէ, եւ քաղաքական պրոցեսի առանցքային հարցը հենց ժողովրդին արբիտր դարձնելն է: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրություններում ընդդիմադիր առաջնորդների պարտվելու ռիսկին, ապա նման ռիսկն ընդհանրապես բացառում եմ: Չի կարելի մեր ժողովրդի մասին այդքան վատ կարծիք ունենալ:

– Իսկ գուցե ընդդիմադիր դաշտում, ինչպես 2003թ. ընտրությունների ժամանակ էր ասվում, «ականնե՞ր» կան, որոնք փորձում են խոչընդոտել, ինչպես դուք եք ասում՝ «41»-ի հաղթական ծրագրի իրագործմանը:

– Ես չէի ցանկանա գնահատականներ տալ կամ ասել, որ եթե ընդդիմադիր որեւէ ուժ համաձայն չէ մեր տեսակետին՝ ուրեմն ական է: Քաղաքական հետագա զարգացումները դա ցույց կտան, իսկ գնահատական տվողը հասարակությունն է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել