Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՔԱՐՈԶԵՔ՝ ՄԱԾՈՒՆ ԷԼ ԿՀՅՈՒՐԱՍԻՐԵՆ

Փետրվար 12,2007 00:00

Քարոզչության համար վճարովի եթերաժամի բարձր սակագներից դժգոհ ընդդիմադիրներին առաջարկում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

«Կենտրոն» հեռուստաընկերությունը քարոզչության համար վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը սահմանել է 108 հազար դրամ, «Ար»-ը՝ 100 հազար դրամ: Կարող է թվալ, թե մատչելի է Հանրային հեռուստաընկերության սահմանած սակագինը՝ 80 հազար դրամ (մոտ 222 դոլար), սակայն հիշեցնենք, որ 2003-ի ընտրությունների ժամանակ Հ1-ով քաղաքական գովազդի 1 րոպեի արժեքը 120 դոլարին համարժեք դրամ էր: Ընդդիմադիր կուսակցություններն արդեն իսկ տագնապ էին արտահայտել սակագների աննախադեպ աճի կապակցությամբ՝ այն դիտարկելով իբրեւ ոչ իշխանամետ ուժերի համար մրցակցային պայմանների անհավասարություն: Երեկ ճեպազրույցների ընթացքում «Առավոտը» խորհրդարանական ուժերից փորձեց պարզել նրանց վերաբերմունքը սակագնային այս քաղաքականության հանդեպ:

ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանը կանխատեսեց՝ ինչ է ասվելու մրցակցային պայմանների անհավասարության վերաբերյալ մեղադրանքին ի պատասխան, թե չկա տարբերակում ըստ քաղաքական ուժերի. «Բոլորի՛ համար է այդ վճարը սահմանված»: Նրա կարծիքով՝ «Անհավասարությունն առաջանում է ըստ ֆինանսական ռեսուրսների, որոնք տնօրինում են կողմերը»: Գրիգոր Ղոնջեյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ը վաղուց էր տեսել այս միտումը. «Գնաճը վերաբերում է ե՛ւ ծիրանին, ե՛ւ մսին, ե՛ւ, պարզվում է՝ եթերաժամին»: Ու դրական կողմ տեսավ. «Նման գումարներ վճարելով՝ պիտի շատ կարեւոր ու բովանդակալից բան ունենաս ասելու»:

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը հարցին ի պատասխան՝ հայտարարեց. «80 հազար սակագին սահմանելը համարում եմ ընդդիմության մեծագույն հաղթանակ: Նշանակում է՝ ինչքա՜ն են սարսափում ընդդիմադիր գործիչների բանավոր խոսքից, որ դիմում են այսպիսի մեթոդի»: Ըստ նրա՝ նման բարձր սակագինը «տրամաբանական եւ ոչ մի քննության չի դիմանում այն պարզ պատճառով, քանի որ Հանրային հեռուստատեսությունը ֆինանսավորվում է հարկատուների կողմից»:

ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց. «Սակագներն իսկապես բարձր են, եւ սա մրցակցային հիմնախնդիրներ է առաջացնում»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը պատասխանեց այսպես. «Բայց այդ 80 հազար դրամը նաեւ մյուս կուսակցությունների համար է՝ միայն ընդդիմության համար չի: Հաշվի առնելով, որ Հայաստանում գործում են բազմաթիվ մասնավոր հեռուստաընկերություններ՝ կարծում եմ, որ շուկան պետք է կարգավորի այս խնդիրը»: Նաեւ նկատեց. «Իհարկե, հավասար չեն լինի հնարավորությունները, բայց պայմանները տրված են հավասար»:

«Արդարության» քարտուղար Գրիգոր Հարությունյանը հայտարարեց. «Այնպիսի հնարավորություն են ստեղծում, որ այդ եթերին կարողանան հասնել միայն կեղտոտ ճանապարհներով վաստակած գումարներ ունեցողները»: Իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը զուգահեռ տարավ, թե Կանադայում ընտրությունների ժամանակ պատգամավորներն իրավունք չունեն ծախսել 50 հազար դոլարից ավելի. «Եվ խստիվ ստուգվում է. եթե դրանից ավելի ես ծախսել՝ անվավեր են համարում ընտրությունը»:

«Ժողպատգամավոր» խմբի ներկայացու ցիչ, ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը տեղում հաշվարկեց. «Բավական բարձր սակագներ են: Եվ եթե հաշվի առնենք, որ նախընտրական հիմնադրամն ընդամենը 5 միլիոն դրամ է, ապա եթե որեւէ այլ ծախս չանի՝ մարդն ընդամենը 62 րոպեի հնարավորություն ունի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց, թե հեռուստաալիքներն են որոշում իրենց սակագները: Մեր հիշեցմանը, թե ըստ «Ազգային միաբանության» հայտարարության՝ նման բարձր սակագներն ուղղորդված են իշխանության կողմից, այսպես արձագանքեց. «Շա՛տ բան կարելի է համարել, բայց օրենքի խախտում չի եղել»:

«Մարդիկ մտածում են, որ ոչինչ պիտի չունենան, բայց որովհետեւ լավ մտքեր ունեն՝ պիտի գան իշխանության,- նկատեց Գալուստ Սահակյանը, հավելելով, թե այդպես չի լինում:- Կուսակցությունը պիտի մտածի ինքն իր մասին, եւ դրա կոմպոնենտներից մեկն էլ ֆինանսավորումն է: Եթե ո՛չ քաղաքական կապիտալ ունես, ո՛չ ֆինանսական, լավ մտքեր ունես՝ կարող ես գրքեր գրել: Պիտի կարողանաս ուժեղ լինել, որ կարողանաս հասարակության համար ինչ-որ մի բան անել: Այսինքն՝ իշխանության չեն գալիս սպառելու համար. իշխանության գալիս են ուժեղները, որոնք խնդիր են լուծում պետության համար: Էդ նվնվոցները-բաներն ընտրություններից առաջ՝ կարծում եմ, կարող է առաջացնել քաղաքական թիմերի իմիջի կորստի խնդիր»: Գալուստ Սահակյանն, իր պնդմամբ, նախընտրում է անվճար քարոզչությունը. «Թաղեթաղ, գյուղեգյուղ ման գալ, ժողովրդին ասել՝ ինչ խնդիրներ է ցանկանում լուծել տվյալ թիմը»: Ճշտմանը՝ միայն անվճա՞ր քարոզչությունից է օգտվելու, այսպես արձագանքեց. «Իմ ոտքերից, իմ ուղեղից, իմ խոսքից: Եվ ոչ թե օգտվելու եմ, այլ տարիներ շարունակ օգտվում եմ: Այնքան մեծ ծախսեր չեն: Նույնիսկ գյուղացի է լինում, որ մի բաժակ էլ մածուն է հյուրասիրում»:

Հ. Գ. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ՀՀ հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան երեկ անդրադառնալով Հանրային հեռուստառադիոընկերության կողմից քաղաքական գովազդի համար սահմանված բարձր սակագներին՝ հայտարարել է. «Դա այն հանգամանքներից է, որը հաշվի կառնվի դիտորդների կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել