Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՔՈՒ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԿՌԻՎ» Է

Փետրվար 09,2007 00:00

Երեկ ինտերնետային կայքերից մեկում տեղեկատվություն էր հրապարակվել, իբր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել այս տարի Բաքվում կայանալիք հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Քանի որ ֆեդերացիայի պաշտոնական անձինք հատկապես վերջին օրերին անընդհատ հավաստիացնում էին, թե մեր ազգային հավաքականները մտադիր են անպայման մասնակցել այդ առաջնությանը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է օլիմպիական ութ ուղեգիր, լուրը տարօրինակ թվաց: Ի՞նչ կարող էր կատարված լինել, որ մերոնք պաշտոնապես նման հայտարարություն անեին: Այս անհանգստությունը փարատեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ-ի նախագահի օգնական Օլեգ Ադյանը:

– Պարոն Ադյան, իրո՞ք Հայաստանը հրաժարվել է Բաքու մեկնելուց:

– Նման բան բացառվում է: Դա ապատեղեկատվություն է, որը թիկունքից հարվածում է մեր երկրի հեղինակությանը: Ընդհակառակը, մենք վճռական ենք աշխարհի առաջնությանն անպայման մասնակցելու հարցում, եւ մեր ազգային հավաքականներն ամենայն լրջությամբ են նախապատրաստվում: Ձեր թերթում էլ արդեն քանի անգամ գրել եք, որ աշխարհի առաջնությանը չմասնակցելը ՖԻԼԱ-ի կանոնակարգով օլիմպիական խաղերին ոչ մի մասնակից չունենալ է նշանակում, քանի որ այդ դեպքում մենք կարող ենք զրկվել նաեւ հաջորդ տարի կայանալիք վարկանիշային երկու մրցաշարերին, որտեղ նույնպես ուղեգրեր են խաղարկվելու, մասնակցելու իրավունքից: Եվ որպեսզի թեման վերջնականապես փակվի ու ամեն բան հասկանալի լինի, տեղեկացնեմ, որ այս եւ հաջորդ տարվա համար ֆեդերացիայի, ազգային օլիմպիական կոմիտեի եւ սպորտի պետական կառույցի բոլոր ծրագրերը նպատակաուղղված են Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերում հնարավորին չափ մեծ թվով մասնակիցներ ունենալուն: Իսկ այդ ճանապարհին ամենակարեւորը հենց աշխարհի առաջնությունն է: Ավելին ասեմ. Բաքվում հանդես գալը հոգեբանորեն որքան էլ դժվար է լինելու, այս պահին մեր բոլոր ըմբիշներն էլ մրցավայր մեկնելու մեծ ցանկություն ունեն: Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ մեր փորձառու եւ երիտասարդ ըմբիշների միջեւ շատ լուրջ մրցակցություն է ծավալվել Բաքու մեկնող հավաքականների հիմնական կազմերում ընդգրկվելու համար:

– Մեր ֆեդերացիան պաշտոնապես դիմել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիա՝ խնդիրը կարգավորելու ուղիներ գտնելու առաջարկով ու, որքան տեղյակ ենք, պատասխան առայժմ չի ստացվել: Վստա՞հ եք, որ ՖԻԼԱ-ն մեզ բավարարող ինչ-որ լուծում կգտնի:

– Այո, դիմել ու սպասում ենք: Եթե մոտ օրերին պատասխան չստանանք, եկող շաբաթ ֆեդերացիայի գործկոմի եւս մի նիստ կհրավիրենք եւ կորոշենք մեր հետագա քայլերը: Թե ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, գուշակել չեմ ուզում: Հնարավոր է, որ ՖԻԼԱ-ն Ադրբեջանին պարտադրի մեզ ընդունել: Բացառված չէ նաեւ, որ մեզ օլիմպիական խաղերի մասնակցության, այսպես կոչված, «սպիտակ քարտ» տա: Այդ դեպքում մենք կորոշենք՝ ընդունե՞լ այն, թե՞ մերժել: Դա կախված կլինի «քարտերի» քանակից: Հայաստանի ըմբիշները աշխարհում լավագույնների մեջ են մտնում ու իրենց ներկայիս հնարավորություններով ի վիճակի են Բաքվում բոլոր քաշային կարգերում ուղեգիր նվաճել: Կա նաեւ երրորդ տարբերակը, որ ՖԻԼԱ-ն մեզ թույլատրի մասնակցել վարկանիշային հաջորդ մրցումներին: Ժամանակից առաջ չանցնենք ու սպասենք, թե ինչ է լինելու:

– Պատկերացնենք, որ Ադրբեջանը հայաստանցիներին ընդունում է: Մերոնք պայքարելո՞ւ են մրցանակային տեղերի համար, թե՞ կբավարարվեն բաղձալի ութնյակում տեղ զբաղեցնելով:

– Այս պահին դժվարանում եմ կոնկրետ պատասխանել: Դա տակտիկայի խնդիր է, որ համատեղ կորոշենք հավաքականների մարզիչների հետ: Մեր ըմբիշները, անկախ մրցումների անցկացման վայրից, միշտ էլ պայքարում են Հայաստանի դրոշը բարձրացնելու համար: Սակայն բացառված չէ նաեւ, որ արդեն ուղեգիր նվաճած փորձառու մարզիկն անպայման պատվո պատվանդան բարձրանալու մտքից հրաժարվի: Հնարավոր է նաեւ, որ հավաքականների մարզիչները երիտասարդներին հանձնարարեն պայքարել մինչեւ վերջ, որպեսզի գործնականում տեսնեն նրանց իրական կարողությունները:

– Իսկ եթե Բաքու մեկնելը բացառվի, ուրեմն բոլոր ծրագրերը, արդեն ծախսված ու ծախսվելիք գումարները ջո՞ւրն են ընկնելու:

– Չեմ կարծում, թե այդպիսի բան կկատարվի: Մեզ բավարարող ինչ-որ մի ելք անպայման կգտնվի: Հակառակ դեպքում՝ պաշտոնական նամակներ կուղարկենք նաեւ մյուս ազգային ֆեդերացիաներ, որոնցից շատերի դրոշի պատիվը պաշտպանում են ու այդ երկրների համար օլիմպիական ուղեգրեր նվաճելու լավ շանսեր ունեն մեր հայրենակիցները (նրանց նույնպես Ադրբեջան մտնել թույլ չեն տա), Հայաստանի իշխանությունների ու Ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ կդիմենք Միջազգային օլիմպիական կոմիտե: Սպորտը քաղաքական շահարկումների զոհ չպետք է դարձնել: Հայաստանի եւ Ադրբեջանի ըմբիշները միշտ էլ միմյանց հանդիպում են տարբեր երկրներում անցկացվող միջազգային մրցաշարերում ու որեւէ խնդիր չեն ունենում՝ պահպանելով մարդկային նորմալ շփումներ: Մենք համակարծիք ենք հետեւյալում. եթե պայքար կա, թող այն ընթանա մրցագորգի վրա ու թող հաղթի ուժեղը: Այդպես եղավ նաեւ 2005 թվականին՝ Թուրքիայում: Երբ Եվրոպայի առաջնության եզրափակիչում ապրիլի 24-ին, ի նշան տեղացի ըմբիշի նկատմամբ Մարտին Բերբերյանի տարած հաղթանակի, բարձրացվեց մեր եռագույնը եւ հնչեց հայոց օրհներգը, Թուրքիայի վարչապետը դահլիճում էր ու քաղաքակիրթ ձեւով հոտնկայս հարգեց չեմպիոնին: Ի՞նչ է, ադրբեջանցիները նման քայլի ընդունակ չե՞ն: Չեմ հավատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել