Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերսնմամբ չենք տառապում»

Փետրվար 09,2007 00:00

Իր եւ գործընկերների անունից հավաստիացնում է ճանաչված հայ մոդել Անի Քոչարը

Վերջին տարիներին աշխարհում շատ է խոսվում անորեքսիա (թերսնում) հիվանդության մասին, որով տառապում են հատկապես մոդելները: Ձգտելով մշտապես լավ «մարզավիճակում» լինել, նրանք գիտակցաբար սովահարության հասնող դիետաների ու պլաստիկ վիրահատությունների են դիմում, ինչը բացասաբար է անդրադառնում վերջիններիս նյարդային վիճակի վրա: Ներկայումս անորեքսիայով տառապում է Գերմանիայում՝ 2 մլն, Անգլիայում՝ 1 մլն, Ռուսաստանում՝ 10.000 կին:

Շատ երկրներում կարծում են, որ երիտասարդ աղջիկները փորձելով նմանվել մոդելներին, վտանգում են իրենց առողջությունը: Իտալիայի կառավարությունն արդեն արգելել է պոդիում բարձրանալ շատ նիհար մոդելներին, իսկ Արգենտինայում խանութների ցուցափեղկերի նիհարակազմ մանեքենները փոխարինվել են «կլորություններ» ունեցողներով: Հիշեցնենք, որ անցյալ տարի Ուրուգվայում հենց ցուցադրության ժամանակ մահացել էր հայտնի մոդել Լուիսել Ռամոսը, որը սկսել էր «սնվել» միայն կիտրոնի հյութով: Նույն ճակատագրին էր արժանացել նաեւ «Ջորջիո Արմանիի» գովազդային դեմքը: «Առավոտը» զրույցի հրավիրեց մանեքենուհի Անի Քոչարին՝ զրուցելու այս եւ «մոդելային» այլ խնդիրների մասին: Նա 6 տարի է՝ պրոֆեսիոնալ մոդել է եւ մասնակցում է միջազգային ցուցադրությունների: Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր 90-60-90 «պարամետրերը» այլեւս մոդայիկ չեն, մեր զրուցակիցն ասաց. «Նրբակազմ մոդելները պահանջարկ կունենան մի 10-15 տարի եւս, չնայած հիմա նախընտրում են «գիրուկներին»: Նա հավաստիացրեց, որ ոչ ինքը, ոչ էլ հայաստանյան մյուս մոդելները չեն տառապում անորեքսիայով: «Երբ ֆրանսաբնակ ճանաչված դիզայներներ Թառլոյան եղբայրներն ինձ առաջարկեցին մասնակցել իրենց հավաքածուի ցուցադրությանը, պահանջեցին նիհարել մոտ 2 կգ, այն դեպքում, երբ ես գեր չեմ՝ քաշս 58 կգ է, հասակս՝ 180 սմ: Իհարկե, ինձ համար պատիվ էր ներկայացնել նրանց աշխատանքները, բայց ես չցանկացա զիջումներ անել: Նկատեմ, որ նրանց նմուշները կարծես կարված լինեին կմախքների համար: Այդ նեղլիկ զգեստները տեսնելով՝ ակամայից հիշեցի Սոմալիի սովալլուկ բնակիչներին, որոնց մասին կադրեր հաճախ ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Իսկ ես չէի ուզում, որ մյուսների նման մաշկիս տակից ոսկորներս դուրս ցցվեին»,- ասաց Անին: Դիտարկմանը՝ ի՞նչ է, տարիներ շարունակ աշխարհահռչակ դիզայներները իրենց աշխատանքները ցուցադրելու համար սխա՞լ ստանդարտներ են ընտրել, մոդելը պատասխանեց, որ նրանք ընտրում էին 90-60-90 չափերով կանանց, որպեսզի ցուցադրությանը ներկա մեծահարուստները չտարվեին կանանց ընդգծված բարեմասնություններով, այլ ուշադրություն դարձնեին ներկայացվող հավաքածուին: Հետաքրքրությանը, թե հայ մոդելը հրավեր չունի՞ այլ երկրից, Անին նշեց Չինաստանը, Մալայզիան եւ Ռուսաստանը: Նա շեշտեց, որ ինքը երբեք չի ընտրի Ռուսաստանը. «Ռուս մտերիմ գործընկերներ ունեմ, որոնցից լսել եմ, որ, մասնավորապես Մոսկվայում, մոդելային գործակալությունները սերտ կապերի մեջ են պոռնոինդուստրիայի պարագլուխների հետ»: Անին անդրադարձավ նաեւ մոդելների հոնորարներին. «Ռուսաստանում մեկ ցուցադրության ժամանակ 2-3 զգեստ ներկայացնող մանեքենը ստանում է $100-300: Հայաստանում էլ ճանաչված մոդելները ստանում են նույնքան, բայց եթե, օրինակ, Մոսկվայում ամսական կարող ես մասնակցել 6-7 ցուցադրության, ապա մեզ մոտ այն կարող է լինել 3 ամիսը մեկ: Հայաստանում պատրաստվում են գովազդներ, որտեղ հաճախ առաջարկում են լուսանկարվել կիսամերկ: Ինքս դեռ դա չեմ արել, բայց երբ առաջարկեցին ներքնազգեստ գովազդել եւ ես պահանջեցի 1 ֆոտոսեսիայի համար $1200, մերժեցին, ասելով, որ ավելի քիչ գումարով Մոսկվայից մանեքենուհի կհրավիրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել