Սրա մասին է երազում երգիչ Վարդան Սարգսյանը
Արդեն պատրաստ է Վարդանի 5-րդ՝ «Կանգ առ» տեսահոլովակը (ռեժիսոր՝ Միհրան Ստեփանյան), որի պրեմիերան օրերս կայացել է «Ռուբիկոնով» եւ առաջիկայում այլ հեռուստաընկերությունների եթերում էլ կլինի: Երգչից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ տեւական ժամանակ նրա տեսահոլովակները չէին հայտնվում հեռուստաէկրաններին, արդյո՞ք ոմանց նման ինքն էլ «սեւ ցուցակում» է:
Վարդանը հերքեց «սեւ ցուցակում» լինելու փաստը՝ ավելացնելով, որ պրոդյուսեր չունենալու պատճառով ե՛ւ տեխնիկական, ե՛ւ ստեղծագործական հարցերը ինքնուրույն է լուծում, այս պատճառով էլ բացակայում է եթերից. «Ես անընդհատ շրջագայությունների եմ մեկնում, օրինակ՝ վերջերս 2-շաբաթյա համերգով Եգիպտոսում էի, հետո մեկնեցի Ռուսաստան, որտեղից նոր եմ վերադարձել: Այսինքն, եթե Հայաստանում չեմ, շատ հարցեր մնում են առկախ»: Վ. Սարգսյանը նշեց, որ իր «Կանգ առ» տեսահոլովակի աշխատանքները եւս դանդաղել են, որովհետեւ չի գտել համապատասխան հերոսներ. «Ցավոք, հայերը տեսախցիկի առաջ կոմպլեքսավորվում են: Այդ պատճառով տեսահոլովակում նկարահանվելու համար ստիպված եղանք աղջիկներ հրավիրել Ուկրաինայից, Ռուսաստանից, մի երիտասարդ ժամանեց Սիրիայից եւ մի սեւամորթ էլ՝ Աֆրիկայից: Հայերից մասնակցում էր միայն Մանվել եւ Էլեն պարային դուետը: Երգս լատինամերիկյան ռիթմերով էր, ուստի տեսահոլովակը պահանջում էր բաց հագուստ, ազատ շարժումներ, ինչը մեր ամաչկոտ հայ աղջիկները չկարողացան ապահովել: Իսկ մենք ուզում էինք ստեղծել այնպիսի տեսահոլովակ, որը դիտելիս պարելու ցանկություն առաջացներ»:
Անդրադարձ եղավ Վարդան Սարգսյանի «Խենթ, խենթ, խենթ» աշխատանքին, որի համար նրան ժամանակին քննադատում էին իսպանացի երգիչ Րիկի Մարտինին նմանակելու մեջ: «Վստահ եմ, նոր տեսահոլովակիս առիթով էլ ինձ կքննադատեն, որովհետեւ այնտեղ սանրվածքով նման եմ Էլվիս Պրեսլիին, թեեւ դրա մեջ հատուկ միտում չեմ դրել: Զարմանում եմ, որ Հայաստանում, երբ երգում ես լատինամերիկյան ռիթմերով, համապատասխան սանրվածք ու հագուստ ես ունենում, որոշում են, որ նմանակել ես Րիկի Մարտինին: Բայց ես նրա կատարումները չեմ էլ լսում, որովհետեւ, իմ կարծիքով, Իսպանիայում շատ ավելի լավ երգիչներ կան: Կամ եթե ինչ-որ մեկը երգում է թուրքական հիշեցնող երգեր, ասում են՝ Տարկանին է նմանակում»,- փաստեց նա:
Վ. Սարգսյանը նշեց, որ եգիպտոսյան հյուրախաղերը լավ են անցել, եւ տեղի հայ համայնքը ջերմ է ընդունել իր կատարումները: «Սկզբում անհանգիստ էի, որ ինձ չեն լսի, որովհետեւ իմ երգացանկում չկային ժողովրդական երգեր: Հետո հասկացա, որ դա պարտադիր չէ, որովհետեւ եգիպտահայ երիտասարդներից շատերը նախընտրում էին ժամանակակից երաժշտություն»,- ասաց երգիչը: Մարտի սկզբին նա պատրաստվում է մեկնել Ռուսաստան, այնուհետեւ մեկշաբաթյա տուրնե ունենալ Արցախում: «Տարին 2 անգամ համերգ եմ ունենում Արցախում՝ Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում: Շատ եմ սիրում Արցախի հանդիսատեսին, կարծում եմ ջերմությամբ երեւանյան հանդիսատեսը զիջում է նրան»,- կարծում է Վարդանը: Զրույցի ընթացքում երգիչն ասաց, որ երազում է իր մասնակցությամբ՝ բաց տեսարաններով ու մերկ աղջիկներով տեսահոլովակ նկարել. «Այնտեղ ամեն ինչ կլինի գեղեցիկ, ժամանակակից, բայց ոչ վուլգար, բայց քանի որ այսօր տեսահոլովակները գրաքննության փուլեր են անցնում եթեր դուրս գալուց, աշխատում եմ սահմանված շրջանակներից դուրս չգալ»: