Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ օրեր առաջ ավարտվեց Գայանե Մելքոնյանի, Սուսաննա Նիկողոսյանի, Ռուզաննա Բաղդասարյանի եւ Մայրանուշ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ կավատության եւ մարդկանց առեւտրի: Նախաքննության ժամանակ այս կանայք ընդունել էին իրենց մեղքը, իսկ դատարանում նրանք հրաժարվեցին նախնական ցուցմունքներից՝ ասելով, թե զոհերը կամավոր են մեկնել Դուբայ, Թուրքիա: Ամբաստանյալների պաշտպանությունն իրականացնող փաստաբանը՝ Գուրգեն Գրիգորյանը, թե դատաքննության ժամանակ, թե մասնավոր զրույցներում հաճախ էր շեշտում. «Մի մոռացեք, ձեր դիմաց հայ կանայք են»: Իսկ «հայ կանայք» դատական նիստի ընդմիջումներին ծանակում էին իրենց զոհերին:
Զոհերից մեկը, որը գյումրեցի էր, մի քանի ամսվա ուսանողուհի, դատարանում ասաց, որ ապրել է վատ պայմաններում: «Մայրս չէր աշխատում, իսկ ես սովորում էի: Ուսմանս վարձը տատիկս էր տալիս: Ռուսաստանից երբեմն քեռիս էր գումար ուղարկում», շարունակեց զոհը, որի ծանոթներից մեկը՝ Անուշ անունով, ծանոթացրել է Գայանե Մելքոնյանի հետ: Դատաքննություններից մեկի ժամանակ, երբ փորձում էինք «հայ կանանց» նկարել, նրանց հարազատներից մեկը մոտեցավ եւ խնդրեց. «Մի նկարի: Նրանք թոռներ ունեն»:
Գայանեն զոհին առաջարկում է Թուրքիա մեկնել՝ մատուցողուհի աշխատել: Զոհը տեղյակ չի լինում, որ իրեն վաճառել են 400 դոլարով:
Դատարանում զոհը ասաց, որ ինքը որպես մարմնավաճառ վաճառվել է Մուժդատ անունով մի քրդի, որը սպառնացել է, թե հրաժարվելու դեպքում կվաճառի իրեն Թուրքիայի կավատներին:
Գայանե Մելքոնյանին դատարանը դատապարտեց 5 տարի ազատազրկման, նրա պատժի սկիզբը հաշվելով անցյալ տարվա սեպտեմբերի 31-ից: Մինչդեռ մեղադրող, գլխավոր դատախազության դատախազ Արմեն Բոշնաղյանը միջնորդել էր 6 տարվա ազատազրկում: Սուսաննա Նիկողոսյանը ազատազրկվեց 2 տարով: Նա կալանավորված էր անցյալ տարվա օգոստոսի 8-ից:
Մայրանուշ Հարությունյանի եւ Ռուզաննա Բաղդասարյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային պատիժ՝ պատիժը պայմանական չի կիրառվի մեկ տարի, նրանց հսկողությունն էլ դատարանը դրեց բնակության վայրի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության տարածքային բաժնի վրա: Վերջիններս, զոհերից մեկին, երբ նկարում էինք Շենգավիթ համայնքի դատարանի զուգարանում (քանի որ զոհի մարմնին առկա էին ծխախոտի այրվածքի հետքեր- Ռ. Մ.) «օգնում» էին ինձ՝ հորդորելով զոհին մեջքը, ոտքերը բացել՝ նկարելու համար: Գուցե այս կերպ զղջո՞ւմ էին իրենց կատարածի համար:
5 տարվա ազատազրկման դատապարտված կավատը՝ Գայանե Մելքոնյանը «օգնել» էր անգամ հարեւանուհուն: Վարսավիրի մասնագիտությամբ Տրապիզոն է ուղարկել նրան, որին դիմավորած իջեւանցի «գործարար» մի կին 2000 դոլարով վաճառել էր տեղի կավատներից մեկին: