Լրահոս
Օրվա լրահոսը

Նվերներ ու գրավորներ՝ տոների առիթով

Փետրվար 09,2007 00:00

Հանրակրթական դպրոցներից յուրաքանչյուրն իր ցանկացած ձեւով է նշում հայկական տոները

Փետրվարի 15-ին Սուրբ Վարդանանց տոնն է, իսկ 21-ին՝ Մայրենիինը: Վերջինս արդեն երեք տարի պաշտոնապես նշվում է Հայաստանում: Վարդան սպարապետի եւ իր քաջերի փառաբանման տոնով էլ երիտասարդներն են ոգեւորված, որովհետեւ այն այսօր ընկալվում է իբրեւ հայ տղամարդկանց տոն:

«Առավոտը» փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց համոզվել, արդյո՞ք այդ տոները նշվում են հանրակրթական դպրոցներում: Պարզվեց, շատ դպրոցներում տեղյակ էլ չէին, որ մայրենիին նվիրված տոն կա: Իսկ, օրինակ, թիվ 74 դպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանն ասաց, որ կուզենային նշել, բայց դեռ չեն որոշել, թե ինչպես: «Միջոցառումների կազմակերպման ժամանակ կսահմանափակվենք միայն նեղ դասարանական շրջանակներով, որովհետեւ մեր դպրոցում ջեռուցման համակարգի հետ կապված վթար է եղել, ու դահլիճը չի ջեռուցվում»,- հայտնեց Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Անահիտ Մանուչարյանը: Շահումյանի անվան թիվ 1 դպրոցն էլ այս տարի աչքի չի ընկնի շքեղ միջոցառումների կազմակերպմամբ: «Անցյալ տարի Վարդանանց տոնը մեծ շուքով նշեցինք, սակայն այս տարի միջոցառումներն ավելի համեստ կլինեն՝ միայն դասարաններում: Որոշել ենք երեխաների հետ այցելել Եռաբլուր եւ փոքրիկ նվերներով շնորհավորել դպրոցի Վարդան անունով բոլոր աշակերտներին»,- տեղեկացրեց դպրոցի փոխտնօրեն Անահիտ Տատանյանը:

Ձմռան ցրտերից եւ սառը դահլիճներից բացի, տնօրենների փոխանցմամբ, դպրոցներում միջոցառումներ կազմակերպելու գործին խոչընդոտում է նաեւ ֆինանսների սղությունը: «Երաժշտության, ձայնասկավառակների, հագուստի պարագաների, պաստառների համար գումարներ են պետք: Իսկ մեր ծնողները հազիվ կարողանում են իրենց երեխաների համար գրենական պիտույքներ ապահովել: Եթե անգամ պահանջենք, դժվար թե կարողանան դրամական օգնություն ցույց տալ: Միջոցառում կազմակերպող ուսուցիչը հաճախ իր գրպանից է փող դնում»,- ավելացրեց տիկ. Տատանյանը: Մ. Սարյանի անվան դպրոցի փոխտնօրեն Ա. Մանուչարյանի հավաստմամբ՝ «ուսուցիչները գրպանից փող չեն դնում եւ գրենական պիտույքների թափոններից են հետաքրքիր բաներ պատրաստում, որոնք էլ հետագայում օգտագործվում են միջոցառումների ժամանակ»: Վերջինս չժխտեց, որ ծնողական ներդրումներ էլ են լինում: Սակայն դպրոցի բյուջեից չեն կարողանում տոնական ծախսերի համար գումար հատկացնել, քանի որ ավելի հրատապ հարցեր են լուծում: Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը թվարկեց, թե ինչ են անելու իրենց դպրոցի աշակերտները Վարդանանց տոնի կապակցությամբ. «Առաջինից երրորդ դասարանցիները կցուցադրեն «Վարդանանք» պատմավեպի հերոսների՝ իրենց նկարած նկարները: Բարձր դասարանցիները միջինների համար կընթերցեն «Վարդանանքից» հատվածներ: Միջոցառում կկազմակերպվի նաեւ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Այս ամենը, հաստատ, ոչ մի գումար չի պահանջի: Ուրեմն՝ թող երեխաները հասկանան, որ լավ բան կարելի է նաեւ առանց փողի անել»: Առանց փողի են առաջիկա տոները նշելու նաեւ թիվ 101 դպրոցում: Այստեղ բեմադրելու են Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքը: Երբ փորձեցինք տնօրեն Արտեմիս Քեշքերյանից պարզել, թե ինչ կապ ունի Նար-Դոսը Մայրենիի կամ Վարդանանց տոնի հետ, նա պատասխանեց. «Ոչ մի: Իսկ, այ, համադպրոցական գրավոր աշխատանքների անցկացումը այդ օրերին հաստատ կապ ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել