Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստանում են արյուն թափել

Փետրվար 09,2007 00:00

Կոզեռնցիները մեջք մեջքի տված պայքարում են քաղաքապետարանի ու կադաստրի դեմ

Երեկ Կոզեռն թաղամասի բնակիչները կրկին բողոքի ցույց էին կազմակերպել: Այս անգամ նրանք հավաքվել էին բուլդոզերներից պաշտպանելու կոզեռնցիներից մեկի ավտոտնակը, որը քաղաքապետարանը մտադիր է քանդել: Այդ ավտոտնակը գտնվում է Պռոշյանի 1-ին փակուղում եւ, ինչպես քաղաքապետարանից պարզեցինք, այն ապամոնտաժելը բոլորովին էլ կապ չունի կոզեռնցիների բուն խնդրի հետ: Այդուհանդերձ, իրացման գոտու բնակիչներն ավտոտնակի տիրոջ «թիկունքին» էին կանգնել եւ իրենց շահերի պաշտպան «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի անդամ Սամվել Մկրտչյանի հետ ցուցապաստառներով «պահակություն» էին անում ավտոտնակի մոտ: Բողոքավորներն ամբողջ օրը պատրաստ էին մնալ այդ բակում. «Մենք այստեղ ենք, քանի որ տեղեկություն ունենք, որ Մացակ Հովհաննիսյանին պատկանող ավտոտնակն այսօր քանդելու են։ Եկել ենք, որ չթողնենք այս ավտոտնակն իրացվի եւ անօրինաբար աճուրդով վաճառվի: Չենք թողնի, որ քար կամ թեկուզ մի բեկոր պոկվի այս կառույցից: Պատրաստ ենք արյուն հեղել, չենք տալու, սա մեր սեփականությունն է»,- բորբոքված բղավում էին ցուցարարները: Նրանք Երեւանի քաղաքապետարանին եւ Կադաստրի պետական կոմիտեին նախազգուշացրին, որ իրենց հետ չեն կարող «խաղ անել», Կոզեռնն ուրիշ թաղամասերի նման չի հարմարվելու իրավիճակին եւ շուտ չի հանձնվելու: Իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը նշեց, որ իրենք դեմ չեն մայրաքաղաքի կառուցապատմանն ու բարեկարգմանը, սակայն չեն լռի՝ մինչեւ թաղամասի վերջին բնակիչը սեփականության վկայական չստանա: Պարզվում է, որ Կոզեռնի որոշ բնակիչներին, ըստ Ս. Մկրտչյանի, անհիմն պատճառներով բնակարանի սեփականության վկայականները դեռ չեն տրամադրել, մինչդեռ կադաստրը դեռ մի քանի շաբաթ առաջ էր խոստացել վկայականների հետ կապված բոլոր խնդիրները մի քանի օրում լուծել: Ըստ իրավապաշտպանի տվյալների, կադաստր է դիմել թաղամասի 120 բնակիչ, որից 74-ն արդեն ստացել է վկայական, 23-ը՝ մերժվել: Մերժվածների համար, Ս. Մկրտչյանի հավաստմամբ, իրենք դիմել են անգամ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն. «Սակայն նրանք ժամանակ ու զահլա չունեն մեզ հետ գլուխ դնելու, բայց ասեմ, որ մենք էլ զահլա չունենք այս վիճակը երկար տանելու»: Կոզեռն թաղամասի բնակիչ Մարիամ Մկրտչյանն էլ մինչ օրս վկայական չի ստացել. «Ամեն անգամ տանում-բերում են, մի նորմալ պատասխան չեն տալիս՝ ոչ մերժում են, ոչ էլ կոնկրետ քայլեր են ձեռնարկում: 1998-ից այդ խնդրով կադաստրի դռներն եմ»:

Կոզեռնցիների երեկվա ցույցի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այն ավտոտնակը, որի համար բնակիչները ցույցի են ելել, անօրինական է, այդ պատճառով էլ ենթակա է քանդման։ Իսկ Կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանը նույնպես պարզաբանեց, որ Մացակ Հովհաննիսյանին պատկանող ավտոտնակն իրացման գոտում չէ եւ այն անօրինական է. «Իրացման գոտում է քաղաքացու տունը։ Նրանք ավելի շուտ բողոքում են վկայականներ ստանալու համար»։ Հ. Մարտիրոսյանի տվյալներով էլ՝ թաղամասից պետք է 97 հոգի վկայական ստանար, ստացել է 71-ը, 9-ի գործը դեռ քաղաքապետարանում է, իսկ 10-ինը ապօրինի կառույցներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել