Թե ինչու էր բարկացել Հովիկ Աբրահամյանը՝ կարծիքները տարբեր են
Օրերս տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն այցելել էր Շիրակի մարզ: Դա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Թեեւ պաշտոնապես նախարարի հանկարծակի այցն աշխատանքային բնույթ է կրում, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկատվությամբ՝ այն ավելի շատ կապված է առաջիկա ընտրությունների հետ. Հովիկ Աբրահամյանը իշխանական մյուս կուսակցությանը՝ Դաշնակցությանը «տեղը նստեցնելու» եւ հանրապետականներին որոշ ցուցումներ տալու համար էր եկել: Այդ է պատճառը, որ նախարարը հենց ընտրությունների նախաշեմին է մտաբերել մարզի խնդիրների մասին: Նախարարին բարկացրել էր հատկապես այն, որ Գյումրիի դպրոցներում դաշնակցական տնօրենները սկսել են իրենց կոլեկտիվներին դաշնակցականացնել: (Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետը դաշնակցական է, իսկ նախարարը՝ հանրապետական:) Հովիկ Աբրահամյանը Գյումրիի հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կաբինետում էլ, վերջինիս մի շարք ցուցումներ տալով, սպառնացել է, թե իրեն խոսակցություններ են հասել Գյումրիի 2 դպրոցների կոլեկտիվներին դաշնակցականացնելու մասին, եւ եթե որեւէ չինովնիկ՝ լինի դա մարզպետ, թե քաղաքապետ, կորոշի կամ կփորձի, օգտագործելով իր լծակները, մարդկանց ստիպել որեւէ կուսակցության անդամ դառնալ՝ անպայման կպատժվի: Սա այն դեպքում, երբ հանրապետականներն են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ գրոհում քաղաքի մանկապարտեզները՝ հարկադրելով տնօրեններին կուսակցական դառնալ:
Պաշտոնական տվյալներով՝ նախարարին բարկացրել էր այն, որ Շիրակի մարզի գյուղերում կան աշխատավարձի կուտակված պարտքեր, եւ որ սեփական եկամուտները նորմալ չեն հավաքագրվել: Այստեղ իսկապես զայրանալու տեղ կա, բայց նկատենք, որ նախորդ տարիներին էլ գյուղապետերը սեփական եկամուտների հավաքագրման զրոյական ցուցանիշ էին ապահովում եւ Շիրակի մարզպետն էլ նրանց գործերը դատախազությանն էր հանձնում: Իսկ այս տարի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը «զեկուցել» է, որ սեփական եկամուտների հավաքագրումը մարզում ավելացել է 15 տոկոսով եւ որեւէ համայնք չկա, որտեղ զրոյական ցուցանիշ գրանցվի: Բայց արդյոք բավարա՞ր է արձանագրված առաջընթացը:
Մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանի՝ «Առավոտին» տված պարզաբանմամբ՝ նախարարին իսկապես բարկացրել է այն, որ գյուղապետերը լավ չեն աշխատել. «Աշխատավարձերի պարտքերի կուտակումը սկսվել է դեռեւս 1997-ից, երբ նախկին գյուղապետերից շատերը նորմալ չեն աշխատել, ոչ մի լումա չեն հավաքագրել, բյուջեն զրոյական է եղել, հույսները դրել են միայն կառավարության հատկացրած դոտացիայի վրա, սոցվճարումները չեն կատարել, որի վրա էլ տույժ-տուգանք է գործել: Մի բան էլ՝ գյուղապետ չընտրվելուց հետո դատարան են դիմել ու իրենց աշխատավարձը պահանջել, որի պատճառով էլ կալանք է դրվել բյուջեի վրա, ոչ մի գործարք չի կատարվել: Նորընտիր գյուղապետերն էլ այս պատճառով իրենց հերթին են կրակն ընկել՝ չկարողանալով աշխատավարձ ստանալ»: Ըստ Հովսեփ Սիմոնյանի, այստեղ մեղավոր է նաեւ ավագանին. «Եթե ավագանու անդամներն իրենց ընտրողի հետ ճիշտ աշխատեին, հասկացնեին, որ համայնքի բյուջեն իրենց գյուղի կարիքների համար է՝ պրոբլեմ չէր լինի»: Մարզպետ Ռոմիկ Մանուկյանն էլ հարցը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Մենք էսօր կողք կողքի գյուղեր ունենք՝ նույն սոցիալական վիճակով, նույն դժվարություններով: Մի գյուղում կա 100 տոկոսանոց ցուցանիշ, մյուսում՝ 10 տոկոսի էլ չի հասնում, սա կախված է թե՛ համայնքապետի աշխատանքից, թե՛ համայնքի մթնոլորտից: Երբ գազի, լույսի համար փող ես ուզում՝ գյուղացին անմիջապես վճարում է, բայց երբ հողի համար ենք ուզում, ասում է՝ կտամ, էլի: Եթե իմանան, որ չվճարելու դեպքում հողը ձեռքից կառնեն, ինչպես, օրինակ, լույսից ու գազից են զրկում, լավ էլ վճարունակ կդառնան: Էսօր մենք գյուղացուն սովորեցնելու եւ գյուղապետերին աշխատեցնելու խնդիր ունենք»: