Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ՀԱՆԴԱՐՏ Է

Փետրվար 09,2007 00:00

Փետրվարի 7-ի ուշ երեկոյան ՀՀԿ խորհուրդը հրավիրել էր իր հերթական նիստը: Մեր դիտարկմանը՝ «Գիտենք, որ հիմա ասելու եք, թե չեք քննարկել կուսակցության համամասնական ցուցակին վերաբերող հարցեր»՝ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց.

«Իսկապես այդպես է եղել՝ չե՛նք քննարկել: Ասվել է, որ ցուցակի հարցը կքննարկվի խորհրդի հաջորդ նիստին, որը հավանաբար տեղի կունենա փետրվարի վերջին»: Ըստ պրն Թորոսյանի, այս նիստի ընթացքում քննարկել են «սովորական, ընթացիկ» հարցեր. «Օրակարգում կար 1 կետ, որը հենց կոչվում էր «ընթացիկ հարցեր». այն է՝ թե ինչպես են տարածքային կազմակերպությունները պատրաստվում ընտրություններին: Սրա հետ կապված եղան տարբեր հարցադրումներ»: Մեր հարցին՝ ՀՀԿ կառույցներն ինչպե՞ս են պատրաստվում ընտրություններին, կա՞ն թերություններ՝ ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Բավարար են նախապատրաստվում: Բնականաբար, չի կարող լինել որեւէ գործընթաց, առավել եւս՝ ընտրական, որտեղ չլինեն թերություններ: Բայց դրանք տեխնիկական խնդիրներ են, եւ չեմ կարծում, թե ընթերցողին առանձնապես հետաքրքրի, թե ո՛ր գրասենյակում ի՛նչ խնդիրներ կան»: Հարցադրմանը, թե բացի օրակարգային այս հարցից՝ իրո՞ք չի եղել որեւէ անդրադարձ ընտրություններին այս պայմաններում, երբ ողջ մթնոլորտն է նախընտրական, եւ զարմանալի է, որ ՀՀԿ 80 հոգանոց խորհուրդը հավաքվում, բայց չի անդրադառնում այդ հարցերին՝ Տիգրան Թորոսյանն այսպես արձագանքեց. «Բայց ի՞նչ պիտի քննարկել: Կարծում եմ, նախընտրական այս շրջանն ընդհանրապես բավականին հանդարտ է, ի տարբերություն, օրինակ, նախորդ՝ 2003-ի շրջանի: Դա է հուշում անգամ ԱԺ-ում այս քառօրյա նիստերի հայտարարությունների եւ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում իրավիճակը: Պետք է հուսալ, որ քաղաքական ուժերն ավելի հասունացել են եւ ավելի ծանրակշիռ են վերաբերվում հարցերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել