Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուպերը վերցնել եւ գնալ ընտրատեղամասեր»

Փետրվար 09,2007 00:00

Ընտրությունների արդարությանը հետեւելու համար գյուղերի տարեցներին առաջարկում է ապարանցի պատգամավոր Լեւոն Խաչատրյանը:

– Առաջադրվելու եք մեծամասնականո՞վ եւ դարձյա՞լ Ապարանում:

– Այդ հարցին կպատասխանեմ մայիսի վերջին՝ իմ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքների ժամանակ:

– Այսինքն՝ վստա՞հ եք, որ ընտրվելու եք:

– Այդ հարցին, ասացի, կպատասխանեմ մայիսի վերջին:

– Ի՞նչն է պատճառը, որ ծառատունկի եւ շուրջպարի ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողքին գտնվող մի շարք անուններ (նկատի ունեմ, ասենք, Օֆելյա Պետրոսյանին) արդեն շրջանառվում են որպես «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակի անդամներ:

– Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա դրանում:

– Չկա՞:

– Ի՞նչ նկատի ունեք, կա գաղափարախոսությա՞ն տարբերություն: Կուսակցությունները մեզ համար միջոց են, գործիք: «Նիգ-Ապարան»-ցիների համար կուսակցությունները գործիք են:

– Ասում են, Աղվան Հովսեփյանի մի շարք մտերիմների եւ հայրենակիցների խոստացել են պաշտպանել եւ մեծամասնականով, եւ ընդգրկել իշխանական ուժերի ցուցակների անցողիկ տեղերում՝ որպես փոխհատուցում «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության տապալման:

– «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը «Նիգ-Ապարանինը» չէր: Ես չեմ համարում, որ կուսակցությունները մարդկության կողմից երբեւէ հորինված ամենից մեծ արժեքն են, եւ մեր քայլով մենք ցույց տվեցինք, որ այսօրվա խոպան դաշտում կարելի է համատարած անդամագրել բոլորին: Կուսակցությունը փաստաթղթային կա, եթե անհրաժեշտություն առաջանա՝ գիտենք, որ կա մի կուսակցություն, որը «պոլկի» /դարակ- Մ. Ե./ վրա դրված է:

– Ձեր կարծիքով ինչո՞ւ են այսօր ազատ եւ արդար ընտրությունների մասին ավելի շատ իշխանական ուժերը խոսում: Դուք իրո՞ք հավատում եք, որ այդպես կլինի:

– Իմ տարածաշրջանում վերջին 4 տարվա ընթացքում ոչ մի անարդար ընտրություն չի եղել, նույնիսկ հանրաքվեն Ապարանում չի կեղծվել: Կեղծիքներ չեն եղել, եղել են խախտումներ, պատահել է, որ ընտանիքի մի անդամը մյուս անդամի բյուլետենն է վերցրել, բայց լցոնում կամ այլ պարտադրանք չի եղել: Ապարան քաղաքում ընտրատեղամասի առջեւ սահմանադրական հանրաքվեի օրը հերթ էր, մարդիկ գալիս էին ընտրելու:

– Իսկ իշխանությունները կեղծիքներ չե՞ն անելու:

– Դրա երաշխավորը պետք է լինեն ընտրողները: Երբ կուսակցությունները ասում են՝ դուք ձայն տվեք՝ մենք ձեր ձայները կպահենք, ես պարզապես ծիծաղում եմ: Ձայնը կարող է պահել միայն ձայն տվողը:

– Ինչպե՞ս, հանրահավաքով եւ ցույցերո՞վ:

– Ոչ մի հանրահավաք պետք չէ: Ընտրատեղամասի առջեւ ընտրողները ստեղծում են մի 20-25 հոգուց կազմված խումբ, յուրաքանչյուր ժամը մեկ այդ համայնքից 4-5 տարիքով մարդ նստում են ընտրատեղամասի առջեւ եւ պաշտպանում են իրենց ձայները, չեն թողնում, որ ոչ մի ապօրինի բան լինի: Գյուղի հարգված, ճանաչված մարդկանց ոչ ոք չի կարող հաշվի չառնել: Ծերերը ցուպերը պետք է վերցնեն եւ նստեն ընտրատեղամասի առջեւ, որպեսզի ոչ մեկը չկեղծի, լցոնում չանի, խախտումներ չանի: Սա է ճանապարհը: Այ, նրանք կարող են ձայները պահել, իսկ կուսակցությունները չեն կարող:

– Ձեր առաջարկը նման է Արշակ Սադոյանի առաջարկին՝ ամեն տեղամասում ունենալ մի քանի «բիլակավոր» մարդ, որոնք պետք է հետեւեն ընտրություններին եւ թույլ չտան, որ կեղծիքներ լինեն:

– Բիլակավոր չէ, ես տարիքով, հարգված մարդ եմ ասում: Իսկ բիլակավորը ոչ մի բան անել չի կարող, որովհետեւ «բիլակի» դեմ միշտ կգտնվի մեկ ուրիշ «բիլակ», եւ «բիլակավորը» անպայման կգա կեղծելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել