Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՁՈՐԸ ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է

Փետրվար 08,2007 00:00

\"\"Համաշխարհային սպորտի աստղերը մարզումների համար նախընտրում են Ծաղկաձորը

Ժամանակին Ծաղկաձորում գտնվող նախկին ԽՍՀՄ գլխավոր օլիմպիական մարզաբազան, որ կառուցվել է Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերին եւ դրան հաջորդող բոլոր կարեւորագույն մեկնարկներին նախկին ԽՍՀՄ օլիմպիական հավաքականների նախապատրաստվելը կազմակերպելու նպատակով, շուրջ 15 տարվա մոռացումից հետո կրկին պատրաստվում է հյուրընկալել սպորտի ամառային եւ ձմեռային մարզաձեւերի համաշխարհային աստղերին:

«Առավոտը» պարբերաբար անդրադարձել է մարզական բարձրագույն նվաճումների հասնելու տեսանկյունից անփոխարինելի աշխարհագրական այդ վայրին նոր կյանք տալու նպատակով վերջին տարիներին իրականացվող ծրագրերին: Եվ ահա, կարծես, այդ աշխատանքներն իրենց արդյունքները տալիս են: Երեկ տեղեկացանք, որ վաղը Հայաստանի համապատասխան ատյանների հրավերով հանրապետություն են ժամանելու ՌԴ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Կոժինը եւ Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վ. Տյագաչովը: Նրանք մտադիր են տեղում ծանոթանալ Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում իրենց ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքները կազմակերպելու հնարավորություններին:

Ռուսաստանը վերջին տարիներին թե ամառային, թե ձմեռային մարզաձեւերում նկատելիորեն զիջել է համաշխարհային առաջատարի դիրքերը: Դրան այնտեղ մեծ կարեւորություն են տալիս եւ իրավիճակը շտկելու նպատակով շատ լուրջ վերլուծություններ են կատարում: Մասնավորապես, Ռուսաստանի դահուկավազորդները, բիաթլոնիստները, որ մի քանի տարի անընդմեջ աշխարհի առաջնություններում ու գավաթի խաղարկություններում համեստ տեղեր էին գրավում, երկու տարի իրենց ուսումնամարզական հավաքները Ծաղկաձորում անցկացնելուց հետո սկսեցին արդեն հաղթանակներ տոնել ու մեդալներ նվաճել: Մեր տեղեկություններով, այդ մարզաձեւերի պատասխանատուները երկրի ղեկավարությանը տեղեկացրել են Ծաղկաձորում անցկացրած հավաքների բարձր արդյունավետության մասին ու նրանց առջեւ այդ խնդրին լրջորեն վերաբերվելու հարց բարձրացրել: «Մրցաշրջան-2007»-ի պատասխանատու մեկնարկներին նույն Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում էին նախապատրաստվում ամառային այնպիսի մի մարզաձեւի հավաքականի թեկնածուները, ինչպիսին է թիավարությունից՝ բայդարկան: Բայց միայն ռուսները չեն, որ հայացքը վերստին ուղղել են Ծաղկաձորին: Բառացիորեն օրերս այնտեղ էին նաեւ Բելառուսի լողորդները, ովքեր, ինչպես հայտնի է, մարզաձեւում Եվրոպայում եղանակ ստեղծողներից են:

«Առավոտը» օլիմպիական ավանում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին ազգաբնակչությանը պարբերաբար իրազեկում է: Հիմա էլ տեղեկացնենք, որ ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանի ներդրումներով աշխատանքները շարունակվում են լրիվ թափով: Արդեն հուլիս ամսին կշահագործվեն միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխանող հյուրանոցային առաջին համալիրը, ըմբշամարտի եւ ձյուդոյի դահլիճները, հոկտեմբերին՝ հյուրանոցի երկրորդ մասնաշենքը, բռնցքամարտի ու ծանրամարտի դահլիճները: Իսկ օլիմպիական ավանի հիմնանորոգումը, որ արժենալու է մոտավորապես $10 միլիոն, ավարտվելու է 2008 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել