Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթեց սիրո լավագույն խոստովանությունը

Փետրվար 08,2007 00:00

Երիտասարդների ու սիրո հովանավոր Սբ. Սարգսի մրցույթի հաղթող Նելլի Խաչատրյանը իր կյանքի բարդ խնդիրները լուծում է սիրո բանաձեւով:

Արարատյան հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կազմակերպել էր «Լավագույն սիրո նամակ» խորագրով մրցույթ, որին մասնակցել են ոչ միայն երիտասարդներ, այլեւ սիրահարված ծերեր: Արդյունքներն ամփոփվեցին երեկ հրավիրված ասուլիսում: Շուրջ 1200 մասնակիցների նամակներից լավագույն ութ աշխատանքները ժյուրիի (Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյան, տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան, տեր Հակոբ քահանա Խաչատրյան) մրցանակների արժանացան: Իսկ 60 ակտիվ մասնակիցներ ստացան Աստվածաշունչ, հոգեւոր օրացույցներ: Անկախ մրցույթից, երկու զինվոր էլ Սիսիանի եւ Իջեւանի զորամասերից, Հայոց բանակի 15-ամյակի կապակցությամբ, պարգեւատրվեցին դրամական մրցանակներով:

«Լավագույն սիրո նամակի» առաջին մրցանակակիրը Նելլի Խաչատրյանն էր: Նրա սիրո գրավոր խոստովանությունը կրում էր «Սիրո լավագույն բանաձեւը» խորագիրը: Երկրորդ մրցանակակիրը Լիլիթ Մելքոնյանն էր: Իսկ երրորդ մրցանակի արժանացավ …82-ամյա Վաղինակ Մարգարյանի «Ամենահարատեւ սերը» խորագրով նամակը: Ինչ վերաբերում է առաջին մրցանակակրին, նա նշեց, որ իր կյանքի բոլոր խնդիրները ամուսնու հետ միասին լուծում է սիրո բանաձեւով. «Սերը այն կյանքն է, ուր ապրում ենք՝ դժվարություններով, անակնկալներով, նաեւ սիրով»: Չնայած կենցաղային ծանր պայմաններին, Նելլին երջանիկ է երկու զավակների ու ամուսնու հետ՝ հանրակացարանի փոքրիկ սենյակում: Նա վստահեցրեց, որ ամենազոր սերը կարող է ուժ տալ մարդուն ու անգամ լուսավորել-ջերմացնել մութ ու խոնավ սենյակը: 250 հազար դրամ կազմող մրցանակը Նելլին դեռ չի որոշել՝ ինչպես է ծախսելու. «Հաստատ ընտանեկան բյուջե է գնալու: Ուրախ եմ, որ սիրո իմ բանաձեւը նման գնահատանքի է արժանացել: Սիրող զույգերին խորհուրդ եմ տալիս նյութականի հետեւից շատ չընկնել, որովհետեւ այն գլխավորը չէ ընտանեկան երջանկության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել