Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ԿՈՒՅՍԻ ԲԱՐԱԹ Է ՊԵՏՔ»

Փետրվար 08,2007 00:00

\"\"Ըստ ռեժիսոր Արմեն Մազմանյանի, իր հաշվին դատարանն ուզում է Տիգրան Կարապետյանին «սրբացնել»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) պետք է շարունակվեր քննվել ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ տուժողը Տիգրան Կարապետիչն է, որը ռեժիսորին դատի էր տվել «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության եթերից իր հասցեին արված արտահայտությունները վիրավորական գնահատելով:

Երեկվա նիստը հետաձգվեց: «Ամբաստանյալ» Արմեն Մազմանյանն «Առավոտին» ասաց, որ այդ մասին իր պաշտպանը ծանուցվել է, իսկ ինքը տեղեկացվել է վերջին պահին՝ դատարան գալու ճանապարհին: Մեր տեղեկություններով, նիստի հետաձգվելը նախագահողի հարազատներից մեկի մահվան հետ է կապված:

Ա. Մազմանյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Այստեղ գալու ճանապարհին ինձ զանգահարել է պաշտպանս՝ Հայկ Ալումյանը եւ տեղեկացրել, որ գրություն է ստացվել նիստը հետաձգվելու վերաբերյալ: Բայց քանի որ այս դատը վաղուց վերածվել է զավեշտի, այն էլ միակողմանի, ուստի որոշեցի անպայման գալ, որ հետո չպատճառաբանեն, թե չեմ ներկայացել: Այս դատավարությունից ես հետեւություններ եմ արել .. Փաստն այն է, որ Տիգրան Կարապետյանը անպատժելիության բարդույթից ոգեւորված, միգուցե առանց պատվերի, նաեւ իմ վրայով էր անցնում: Այսինքն՝ այդ Զրոյի (նկատի ունի Կարապետիչին- Գ. Հ.) ինքնակայացման մոլուցքն այնտեղ էր հասել, որ հայտնի անուններ տալով ու մարդկանց հետ թեկուզ այդկերպ առնչվելով՝ իր համար PR է ապահովում: Կարծելով, թե բոլորի նման ես էլ կլռեմ ու չեմ ցանկանա իր հետ գլուխ դնել, նա ավելի ոգեւորվեց, բայց հանդիպեց նրան, ինչին հանդիպեց… Ես այսօր էլ շարունակում եմ մնալ իմ կարծիքին, այն, ինչ ասել եմ նրա մասին՝ ընդամենը նրա բնութագիրն է: Մի բան պարզ է: Տիգրան Կարապետյանն իբր ընդդիմություն է խաղում, բայց իրականում ցուցումներ է ստանում, թե շաբաթը քանի անգամ ում՝ ինչ կարելի է ասել եթերում: Իր «պապաները» հավանաբար խորհուրդ են տվել, որ երբ գա ընտրություններին մասնակցելու ժամանակը, միգուցե մարդիկ հիշեն, որ ինքը դատված, անգրագետ է եղել, դիպլոմն ու թեկնածուական փաստաթղթերը կեղծ են: Ուստի դատը միջոց է, որ Տիգրան Կարապետիչը դատարանով ստանա հավաստագիր: Այսինքն՝ դատարանը որոշի, որ Մազմանյանի ասած բառերը սուտ են, արդյունքում՝ մինչեւ ընտրությունները նա դատարանով բարաթ կունենա՝ իբր կույս է, չի դատվել, եթե անգամ մի նախադասության մեջ 5 տառասխալ է անում, կիսագրագետ չէ: Ու քանի որ մենք Նազարստանի, աբսուրդի երկրում ենք ապրում, դուխ են տվել դատական ատյաններին եւ դատախազությանը, որ քայլ առ քայլ օրենքները խախտեն… Երեւի երկրորդ հարցն էլ են ցանկացել այս դատավարությամբ լուծել: Չեմ ուզում գերագնահատել իմ անձը, բայց, հավանաբար, ոմանց խանգարում եմ, դրա համար էլ որոշել են քրեական հանցագործի պիտակ կպցնել վրաս, որ վաղը- մյուս օրը, երբ հարց լինի, ասեն՝ քրեական հանցագործ ես, ի՞նչ իրավունք ունես ուսանող կրթել, կարծիք հայտնել… Ավելի լավ իրենց համար, որ նիստը հետաձգվել է, որովհետեւ ժամանակ կունենան մտածելու, որ խաղալիք չեմ նրանց ձեռքին, ովքեր որոշել են իմ միջոցով Տիգրան Կարապետյան փչացնել»,- «Առավոտին» ասաց ռեժիսորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել