Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս սերունդը փչանում է»

Փետրվար 08,2007 00:00

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Ասատրյանը:

«Փաստարկ» ակումբում այս անգամ հյուրընկալվել էին ՀՅԴ, ԱԺՄ եւ Հնչակյան կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները, ովքեր իրենց կանխատեսումները ներկայացրին առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: ՀՅԴ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Ասատրյանը, ԱԺՄ-ականի ղեկավար Ադրինե Ավագյանը եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Նարեկ Գալստյանը միաբերան փաստեցին, որ երիտասարդությունն այլեւս անտարբեր է դարձել երկրում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին: Ա. Ավագյանի ձեւակերպմամբ՝ չկա այն ակտիվությունը, որ նրանց բնորոշ էր 1960-ականների եւ 1988-ի շարժումների ժամանակ: «Պետք է մեր մեջ ուժ գտնենք վերանալու անձնական, թիմային, կուսակցական շահերից՝ կարեւորելով պետության շահը, հակառակ դեպքում՝ երկիրն ապագա չի ունենա»,- կոչ արեց ԱԺՄ-ականը:

Դաշնակցական Հայկ Ասատրյանը, ինչպես նախորդ ասուլիսում, այս անգամ էլ երիտասարդությանը հորդորեց ընտրություններում պահանջատեր լինել, թույլ չտալ ոտնահարել սեփական իրավունքները: «Երիտասարդության մի ստվար հատված գործիք է տարբեր ուժերի ձեռքին՝ հեռահար նպատակների ու փողի ակնկալիքով: Դրանով պայմանավորված՝ երիտասարդության 70-80 տոկոսը ակտիվ մասնակցում է ընտրական գործընթացներին, բայց ոչ՝ սեփական համոզմունքներից ու գաղափարներից ելնելով: Այս սերունդը, կոպիտ ասած, փչանում է եւ չի կարող հետագայում իրեն արժանավայել դրսեւորել»,- եզրակացրեց երիտասարդ դաշնակցականը:

«Երիտասարդությունը ոչ թե գործիք, այլ գործոն է ընտրությունները կեղծելու, ինչ-ինչ զեղծարարությունների համար: Եվ դա կլինի նաեւ առաջիկա ընտրություններում»,- նախորդ բանախոսին ուղղեց «Սարգիս Տխրունի» միության ատենապետը:

«Առավոտի» հարցին՝ հավատո՞ւմ եք, թե գալիք ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ թափանցիկ, ինչպես խոստանում են իշխանությունները, դաշնակցական Հ. Ասատրյանը դրական պատասխանեց, սակայն չբացառեց կեղծիքները՝ հիշելով նախորդ ընտրությունների փորձը:

ԱԺՄ-ական Ա. Ավագյանի գնահատմամբ էլ՝ դեռ 1995-ից Հայաստանում ընտրությունները կեղծվում են. «Կեղծիքների հզոր մեքենա է աշխատում, նույնիսկ այդ նպատակով գաղափարներ են ներդրվում: Ես չեմ հավատում, որ այս խորհրդարանական ընտրություններն արդար են լինելու, որովհետեւ որեւէ հույս, ակնկալիք այս ոչ լեգիտիմ իշխանություններից՝ չունեմ»:

Ն. Գալստյանի խոսքերով՝ ընտրությունները շարունակ կեղծվում են, որին դիմագրավելու համար գործող իշխանությունները երբեք քաղաքական կամք չեն ցուցաբերում. «Կեղծվում են թեկուզ հրապարակայնորեն բաժանվող ընտրակաշառքների, կարտոֆիլա-տուկային հարաբերությունների եւ այլնի հաշվին: Իսկ այդ մասին իշխանությունները լռում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել