Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂՈՐԴՈՒՄ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

Փետրվար 08,2007 00:00

«Առավոտի» տեղեկություններով, Երեւան քաղաքի դատախազությունում է գտնվում հանցագործության մասին մի արտառոց հաղորդում:

Հաղորդման հեղինակը՝ Աշոտ Մարգարյանը եւ նրա ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը անդրադառնում են «Հիշողություն վերածնունդ» բարեգործական միության նախագահ Սուսաննա Մարգարյանի գործունեությանը: Նրանք պահանջում են քրեական գործ հարուցել բարեգործականի նախագահի նկատմամբ՝ փաստաթղթեր կեղծելու, կեղծված փաստաթղթերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից որդուն՝ Դավիթ Ղուկասյանին ազատելու, ինչպես նաեւ հափշտակությունների համար:

Մեր աղբյուրի պնդմամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ բարեգործականի նախագահը հանդես է եկել իբրեւ զոհվածի այրի: 1993թ. հունվարի 1-ին Նալբանդյան 21 շենքի 12 բնակարանում խնջույքի ժամանակ Արտեմ Արշակունին սպանեց ՆԳ նախկին աշխատակից Սուրիկ Ղուկասյանին: Նախկին Սպանդարյանի դատարանը, դատավոր Ռուբեն Բալաբանյանի (ներկայումս՝ փաստաբան) նախագահությամբ, դատաքննության ժամանակ պարզեց, որ Ղուկասյանին սպանողը անմեղսունակ է եւ որոշում կայացրեց նրան հարկադիր բուժման ուղարկելու մասին: Դատաքննության ողջ ընթացքում Ղուկասյանի այրին՝ Սուսաննա Մարգարյանը եղել է տուժողի իրավահաջորդը, անգամ ցուցմունք է տվել. «Ամուսինս մահացել է մորաքրոջ տանը, ընկերների՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով»:

Համաձայն ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության պետի 2006թ. սեպտեմբերի 28-ի գրության, «Կապիտան Սուրիկ Ղուկասյանը մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս»:

Ըստ մեր տրամադրության տակ գտնվող գրավոր հաղորդման, «Սուսաննան ամեն տեղ ամուսնուն ներկայացնում է որպես զինվորական պարտականությունների ժամանակ զոհված զինծառայողի եւ օգտվում է դրանից բխող բոլոր իրավունքներից ու դրամական օգնություններից»: Ի դեպ, հանգուցյալի հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերը, տապանաքարը, գերեզմանի բարեկարգումը հոգացել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, գանձապետարանը:

Պարզվում է, որ Մարգարյանը համատեղ ամուսնությունից ունեցել է երկու երեխա. նրանցից մեկը ծնվել է 1983-ին, մյուսը՝ 1992-ին: Երեխաներին 1993թ. հունվարի 1-ից նշանակվել է կերակրողին կորցնելու համար կենսաթոշակ: 1983թ. ծնված երեխային կենսաթոշակ վճարվել է մինչեւ 2006թ. հունվարի 31-ը, իսկ 1992թ. ծնվածին առ այսօր 18 344 դրամի չափով կենսաթոշակ են վճարում:

Ըստ փաստաբան Ինեսա Պետրոսյանի, այս ընտանիքի համար գործել է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը, ՀՀ կառավարության 208 որոշումը, այսինքն՝ գազի, ջրամատակարարման ծառայություններից եւ տրանսպորտից օգտվելու համար յուրաքանչյուր ամիս տրվել է դրամական օգնություն:

Դատախազություն է ներկայացվել Կենտրոնի զինվորական կոմիսար Ա. Ուլիխանյանի պաշտոնական գրությունը, որի համաձայն՝ 1983թ. ծնված տղան կանգնած է հաշվառման պահեստի զինվոր-շարքայինների բաժանմունքում՝ «պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու» հիմքերով: Բազմաթիվ փաստաթղթերի կողքին կա մեկը նույնպես. 2006թ. հոկտեմբերի 10-ի ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետի գրությունը, որով «Զոհված ազատամարտիկի այրին հաշվառված է Կենտրոն թաղապետարանի կողմից ՊՆ ուղարկված բնակարանի բարելավման կարիքավորների ցուցակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել