Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկական «թայֆուն»՝ բնակելի շենքում

Փետրվար 08,2007 00:00

\"\"Դիսկո-ակումբի անվան տակ հասարակաց տո՞ւն է գործում

Սայաթ-Նովայի 27 հասցեում մի պարսկահայ բնակելի շենքի նկուղային հարկում «Թայֆուն» անունով դիսկո-ակումբ է աշխատեցնում: Շենքի բնակիչների խոսքերով՝ այդ ակումբը ծառայում է որպես հասարակաց տուն, որի հիմնական այցելուները պարսիկներ են: Ցերեկվա ժամերին «Թայֆունը» չգործող, անշուք ու անշառ օբյեկտի տպավորություն է թողնում: Մեր այցելության պահին էլ՝ ժամը 17-ի դրությամբ, ակումբի դռները փակ էին, ոչ մի ցուցանակ չկար, որից հասկանալի լիներ, որ դա ժամանցի գործող ակումբ է: Սակայն պարզվում է՝ օբյեկտը բացվում է երեկոյան 20-ից հետո, իսկ իսկական «թայֆունը» սկսվում է արդեն ժամը 23-ի սահմաններում:

«Սա դիսկո չէ՝ բորդել է, հատկապես ամռանն այստեղ անտանելի է, դուռը բաց են թողնում ու ակումբից լսվող բարձր երաժշտության ձայնից մինչեւ գիշերվա 2-3-ը չենք կարողանում քնել: Հերիք չէ մեր հանգիստը խանգարում են, մի բան էլ ստիպված ենք լինում պարսկերեն ու հայերեն հայհոյանքներ լսել»,- «Առավոտին» դժգոհեցին թիվ 27 եւ Նալբանդյան 116 շենքերի բնակիչները: Բնակիչներից մեկի՝ Բելլա Բարսեղյանի պատմելով. «Ես անչափահաս երեխաներ ունեմ, նրանք աղմուկի տակ չեն կարողանում քնել, ակումբի հաճախորդներն անընդհատ կռիվ են անում, իրար ինչ ասես չեն ասում, ասում են՝ բ…-ի տղա, իմ տղան 5 տարեկան է, երբ ինձ հարցնում է՝ բ…-ն ի՞նչ է նշանակում, ես ի՞նչ պատասխանեմ»:

Նկուղում գործող ակումբից բողոքում են հատկապես շենքի երիտասարդ աղջիկները: Նրանք իրենց փողոցում չեն կարողանում զբոսնել, ուշ ժամի տուն գնալ, քանի որ «Թայֆունի» պարսիկ հաճախորդները փողոցում շարված՝ աղջիկների հետեւից են ընկնում ու գին առաջարկում: Նրանք նույնիսկ այդ տարածքով անցնող մեծահասակ կանանց հետեւից են «ռեպլիկներ» անում եւ փորձում բանակցել: Շենքի տատիկներից մեկի պատմելով՝ «չեմ կարողանում թոռներիս հետ զբոսնել, առանց հաշվի առնելու երեխաների ներկայությունը՝ ինձ էլ են փողոցում անբարո առաջարկություններ անում»։

Բնակիչների հավաստմամբ՝ ակումբն իսկական մարմնավաճառանոց է եւ «Թայֆունն» իր հաճախորդներին ավելի շատ ոչ թե դիսկո պարեր է առաջարկում, այլ «գիշերային թիթեռնիկներով» է ապահովում. «Ամեն օր մեր պատուհանից տեսնում ենք, թե ինչպես են թանկարժեք մեքենաներ կանգնում ու սպասում «Թայֆունի» մարմնավաճառներին, անգամ մարմնավաճառ տղաներ են մեր շենքի պատերի տակ կանգնում»: «Թայֆունն» իր այցելուներին նարգիլե է առաջարկում, եւ բնակիչների պատմելով՝ ծխի հոտը հասնում է մինչեւ բնակարաններ: Ավելի ուշ ժամին, երբ մեզ հաջողվեց մուտք գործել ակումբ, տեղի պարսկահայ աշխատակիցները հերքեցին, որ ակումբը մարմնավաճառների բիզնեսով է զբաղվում՝ ասելով, որ «մեզ մոտ նման բան չկա, սա շատ բարոյական տեղ է եւ այստեղ միայն արաբական, պարսկական պարեր են ցուցադրվում»:

Այն, որ «Թայֆունի» հաճախորդները հիմնականում պարսիկներ են, երեւում է նաեւ ակումբի հրավիրատոմսից եւ այցեքարտից. այնտեղ միայն օբյեկտի հասցեն է հայերեն գրված, մնացած մանրամասները, թե ինչ ծառայություններ են մատուցում՝ պարսկերեն են:

Բնակիչների բողոքներին ի պատասխան՝ Կենտրոնի թաղապետարանից ակումբի տնօրինությանը զգուշացրել են, որ ժամը 24-ից հետո չաղմկեն: Ներկայումս, իսկապես, շատ ուշ ժամերին ակումբի տարածքում աղմուկն այնքան էլ մեծ չէ, բայց բնակիչները դա պայմանավորում են ցուրտ եղանակով. «Ամռանը նորից նույն պատմությունն է լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել