Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄՈՄ» ԵՆ

Փետրվար 08,2007 00:00

Կուսակցությունները իրենց բուն գործը թողած՝ փողով կամ ընկերականով բնակիչների պարտքերն են փակում:

Գյումրիում քաղաքական կուսակցություններն իրար հետ մրցման մեջ են. նրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրում է, թե որ թաղամասում բնակիչներն ինչ գլոբալ խնդիր ունեն, որպեսզի դրանք լուծեն, իհարկե՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ձայներ ապահովելու պայմանով:

Վերջերս լուծարված «Տաք ձմեռ» ՓԲԸ-ի ու Գյումրիի Անի թաղամասի բնակիչների հետ կապված խնդիրը հարմար առիթ էր կուսակցություններին՝ դրսեւորվելու: Բանն այն է, որ «Տաք ձմեռը» արդեն որքան ժամանակ է՝ Անի թաղամասի բնակիչներին հանգիստ չի տալիս՝ պահանջելով վճարել 2004-ի ջեռուցման պարտքերը: Բնակիչներից շատերն արդեն դատարանի առջեւ են կանգնել ու ստիպված եղել անգամ գույքով հատուցել պարտքը: Ընդ որում, դատարանի որոշումից հետո Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ոչ մի բանի առաջ չեն կանգնել՝ փորձել են բռնագրավել անգամ վարձակալած տան գույքը:

Մինաս Ավետիսյան 31 շենքի 4-րդ բնակարանի վարձակալ Մարինե Մարտիրոսյանի պատմելով՝ «Ես երբեք ջեռուցման երես չեմ տեսել, երբ որ էս տունը վարձել եմ՝ արդեն իսկ կենտրոնացված ջեռուցում չկար, բայց կատարածուն, չգիտես ինչու, պարտքն ինձնից է պահանջում, ոչ թե տանտիրոջից: Հաշվի չառնելով, որ տանտերը բացակայում է՝ նրա ապրանքը գրկում է՝ որ տանի, բա որ տանտերը օրերից մի օր գա, ապրանքը ինձնից չի՞ պահանջի»:

Ըստ բնակիչների, «Տաք ձմեռ» ՓԲԸ-ի պահանջը դրամաշորթություն է, քանի որ իրականում ոչ մի ջեռուցում էլ չի եղել, եւ իրենք 2004-ին տաքանալու փոխարեն դեռ մի բան էլ ծանր թոքաբորբով հիվանդանոցներն են ընկել:

Հենց «Տաք ձմեռ»-բնակիչ հակա մարտությունն էլ գրավել է «Օրինաց երկիր» եւ Հանրապետական կուսակցությունների ուշադրությունը: Նրանք փորձել են բնակիչներից բռնագանձումները դադարեցնել: Մինաս Ավետիսյան 31 շենքի բնակիչ, միայնակ ծեր Անժելա Գալոյանի խոսքերով՝ ջեռուցման «խաթր» ինքը «Օրինաց երկիր» է մտել, մի խումբ մարդկանց էլ իր հետ կուսակցական է դարձրել, քանի որ կուսակցությունը նրանց խոստացել է ՕԵԿ-ական դառնալու դեպքում պարտքերը մարել: Սակայն «Օրինաց երկրից» ավելի մեծ «բարեգործ» դուրս եկավ «Հանրապետական» կուսակցությունը՝ նորաթուխ հանրապետական Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Վերջինս ավելի մեծ լծակներ ունենալով՝ հարցն այնպես բարձրաձայնեց, որ «վերեւներից», ավելի կոնկրետ՝ նախագահի վերահսկողական ծառայությունից հայտնեցին ԴԱՀԿ-ի գործողությունների կասեցման մասին՝ պատճառաբանելով, որ «Տաք ձմեռի» եւ սպառողի միջեւ երկկողմ պայմանագիր չի եղել: Ավելին՝ Վարդան Ղուկասյանը, որը նախկինում հորդորում էր բնակիչներին, որ ջեռուցման պարտքերը մարեն, քանի որ «Տաք ձմեռը» գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ, այժմ նոր քաղաքականություն է վարում. բնակիչներին կոչ է անում՝ «եթե որեւէ մեկը համարձակվի ձեր դռները թակել ու այս հարցով անհանգստացնել՝ ինձ անպայման տեղյակ պահեք»:

Նկատենք, որ երկու կուսակցությունների նախաձեռնությունն ուշացած է, քանի որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում արդեն 4300 հայց լսվել է եւ վճիռը կայացվել է ի վնաս բնակչի: Մնացել է ընդամենը 1400 սպառողի պարտքի խնդիրը: Փաստորեն, «Օրինաց երկիրն» ու հանրապետականները հենց այդ 1400 ձայնի համար են պայքարում:

Այն, որ որոշ բնակիչների պարտքերը կուսակցությունների միջամտությամբ մարվել են՝ բնակիչների շրջանում բողոքի նոր ալիք է բարձրացրել: Նրանք, ովքեր արդեն դատվել են եւ ստիպված են եղել վճարել ջեռուցման համար, պահանջում են իրենց «կորած գումարները»՝ ասելով, թե իրենց նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել. ինչո՞ւ պետք է հարեւանի պարտքը ներվի, ինչ է թե՝ կուսակցությունները «վերեւների» միջոցով հարցերը լուծել են, իսկ իրենցը՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել