Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՈՒՆՑՔ՝ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ

Փետրվար 08,2007 00:00

«Այս ընտրատարածքում որեւէ մեկի առաջադրման հարցը մենք պետք է որոշենք,- «Առավոտին» ասել էր Էրեբունու համայնքապետ, ՀՀԿ անդամ Մհեր Սեդրակյանը:

– Մենք պետք է տեսնենք, թե ով է մեզ հարմար որպես պատգամավորի թեկնածու ու նրան էլ ընտրենք»: ՀՀԿ Կոտայքի մարզային կազմակերպության ղեկավար Կովալենկո Շահգալդյանն իր որդուն դարձրեց քաղաքապետ: Երեկ հիշեցնելով այս փաստերը՝ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանին «Առավոտը» հարց ուղղեց՝ գուցե պետք է Հայաստանում վերացնե՞լ ընտրությունները եւ թող որոշակի իշխանական շրջանակներ որոշեն՝ որտեղից ով է ընտրվելու: «Ոչ թե իշխանության ներկայացուցիչները, այլ կարող են լինել մարդիկ, ովքեր ցանկություն կունենան, որ իրենց հարազատը լինի որեւէ ընտրովի պաշտոնում: Բայց դա նշանակովի չէ, այլ ընտրովի է: Եվ անկախ նրանից, թե ում ինչ կցանկանա՝ ժողովուրդը պետք է ընտրի»,- պատասխանեց պրն Մարգարյանը:

Երեկ նա հրաժարվում էր պատասխանել ընտրություններին եւ կուսակցության ցուցակին առնչվող հարցերին՝ առաջարկելով դրանք տալ մարտի 3-ից հետո: Սակայն պատասխանեց ընդդիմության պնդումներին, թե չեն լինելու ազատ եւ արդար ընտրություններ. «1991-ից դա պնդում են՝ անկախ նրանից, թե ով է ընդդիմությունը: Ե՛ս եմ եղել ընդդիմություն, ե՛ս էլ եմ պնդել: Մենք փորձելու ենք, որ ընտրությունները նորմալ ընթանան, իշխանություններին չմեղադրեն իր պարտականություններում թերանալու համար: Իսկ քաղաքական ուժերին կոչ ենք անում, որ կարողանանք պահպանել խաղի կանոնները»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե որքան հայհոյանքը շատանում է՝ այնքան ավելանում են բռունցքները, հանրապետականը մի քիչ էլ կսպասի եւ քարոզարշավի ժամանակ ուժգին պատասխան կտա: Մեր հարցին, թե ՀՀԿ-ն մտադիր է գործի դնել բռունցքնե՞րը՝ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, Գալուստ Սահակյանը դա ասել է փոխաբերական իմաստով: Այսինքն՝ այն մեթոդներով, որոնցով իրենք մեր դեմ կպայքարեն՝ ելույթներ, հարցազրույցներ, հոդվածներ՝ մենք էլ նույն ձեւի կպատասխանենք: Մենք այժմ խուսափում ենք առճակատման գնալ եւ մեր հասցեին հնչած ամեն ելույթի պատասխանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել