Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսօր ժողովուրդը ահավոր վիճակում է»

Փետրվար 08,2007 00:00

Ասում է «Ազգային միաբանության» ցուցակում ընդգրկված կոմունիստ Խորեն Սարգսյանը

Օրերս «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց իր կուսակիցների անունները, ովքեր պատրաստվում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվել խորհրդարանական ընտրություններում: Թվարկածների մեջ կար նաեւ կոմունիստ Խորեն Սարգսյանի անունը: Ասվում էր, որ վերջինս «Ազգային միաբանության» կողմից կառաջադրվի իր հարազատ Մարտունու տարածաշրջանում: Քանի որ արդեն կա նախադեպը, երբ կոմունիստը դառնում է «Ազգային միաբանության» անդամ, օրինակ՝ Գագիկ Թադեւոսյանը, ապա պարզապես հետաքրքիր էր՝ արդյոք մինչեւ ուղնուծուծը կոմունիստ Խորեն Սարգսյանը նույնպե՞ս փոխել է իր կուսակցությունը եւ արդեն «ԱՄ»-ի՞ն է անդամակցել: Այդ հարցը մենք ուղղեցինք անձամբ Թռչունիչին եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Ես լսեցի, որ «Ազգային միաբանությունը» իր նիստում իմ մասով որոշել է, որ ես կլինեմ եւ իրենց կուսակցության ցուցակում, եւ իմ թեկնածությունը կպաշտպանեն նաեւ մեծամասնականով առաջադրվելու դեպքում: Անկեղծ ասած, սա ինձ համար անակնկալ չէր, քանի որ «Ազգային միաբանության» հետ մենք վաղուց ենք համագործակցում, եւ Կոմկուսի 35-րդ համագումարը որոշում էր կայացրել (Խորեն Թռչունիչը շարունակում է պնդել, որ այդ համագումարից հետո Կոմկուսը դեռ համագումար չի անցկացրել) պաշտպանել Արտաշես Գեղամյանի թեկնածությունը. ես իբրեւ կոմունիստ՝ պաշտպանում եմ իմ կուսակցության համագումարի որոշումները»:

Խորեն Սարգսյանը ասաց նաեւ, որ իր նպատակը ոչ այնքան խորհրդարանում լինելն է, որքան՝ «Իմ նպատակն է, որ իմ գաղափարները տարածեմ եւ պայքարեմ այդ գծով»: Խորեն Սարգսյանը չթաքցրեց իր մեծ սերն առ Արտաշես Գեղամյան. «Մեկին հարց են տալիս՝ եղբորդ ճանաչո՞ւմ ես, պատասխանում է, որ չի ճանաչում, քանի որ նրա հետ ինքը ճանապարհ չի գնացել: Իսկ Արտաշես Գեղամյանի հետ 25 տարուց ավելի մենք ճանապարհ ենք գնացել, նույն շրջանում ենք աշխատել, քաղսովետում իրար հետ ենք եղել, ի վերջո՝ պառլամենտում իրար հետ ենք եղել: Ես Արտաշես Մամիկոնովիչին ճանաչում եմ եւ շատ դրական եմ բնութագրում, ես կուզեի լրագրողներին էլ ասել, որ Արտաշես Գեղամյանին, ցավոք, ճանաչում են միայն որպես ընդդիմադիրի եւ կուսակցության ղեկավարի, բայց չեն ճանաչում որպես հայրենասեր մարդու: Կուզեի այդ թեմային անդրադառնային. ինձ նրա մեջ ամենից շատ դա է դուր գալիս՝ նրա հայրենասիրությունը: Հավատացնում եմ, նա իր ոչ մի հայտարարության մեջ ոչ մի սխալ թիվ կամ բան չի դրել, ինչ մնում է վերջերս պտտվող լուրերին, այդ լուրերը Հայաստանով մեկ են պտտվում արդեն երեք տարի (խոսքը Գագիկ Ծառուկյանի դեմ Սաշիկ Սարգսյանի կազմակերպած մահափորձի մասին է, որի կապակցությամբ Գեղամյանին հրավիրել էին դատախազություն, եւ նա այնտեղ ասել էր, որ այդ լուրերը ինքը սրճարաններում է լսել- Մ. Ե.), իսկ մեծերը ասել են՝ առանց կրակի ծուխ չի լինում, ուրիշ բան՝ էդ հրշեջները ովքեր են, որ կրակը չեն տեսնում»: Մենք նկատեցինք, որ քաղաքական գործչի համար ամեն դեպքում լուրջ չէ նման բաներ հայտարարել եւ հետո ասել, թե դրանք սրճարաններում է լսել: Խորեն Սարգսյանը իր հոգու պարտքը համարեց պարզաբանել. «Նա ասուլիսի ժամանակ ասել է՝ ըստ պտտվող լուրերի, եւ այդ լուրերը իրոք պտտվում են, դեռ չեն կանգնել եւ նորից են պտտվելու այդ լուրերը»:

Մեր հարցին, իսկ կոմունիստը հավատո՞ւմ է, որ հնարավոր են ազատ եւ արդար ընտրություններ, Խորեն Սարգսյանը պատասխանեց. «Այդ հարցը շատ են տալիս, իսկ ինչո՞ւ եք ֆետիշացնում էսօրվա իշխանություններին, որ մտածում եք, թե պետք է զենքով գանք սրանց հանելու, սրանք ռագատկով էլ գնացող են, միայն նորմալ ձեւի պետք է պատրաստվել ընտրություններին: Էսօր ժողովուրդը ահավոր վիճակում է, էսօր մի փոքր հարուստը էն հասարակ մարդուց էլ աղջիկ չի ուզում եւ ոչ էլ հակառակն է լինում: Էսօր աղքատը մնում է աղքատ, հարուստն ավելի է հարստանում: Եվ ինչի՞ եմ ես Արտաշես Գեղամյանի կողքին կանգնել, որովհետեւ նա էլ է էն ուզում, ինչ որ ես եմ ուզում, ուզում ենք, որ սա ժողովրդի երկիր դառնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել