Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼԸ»՝ ԿՐԻՄԻՆԱԼԻ ԴԵՄ

Փետրվար 08,2007 00:00

\"\"Ընդդիմության առաջնորդները պարտավոր են մեծամասնական ընտրակարգով առաջադրվել ՀՀ բոլոր 41 ընտրատարածքներում:

Անցյալ տարի ձեւավորված «Հակակրիմինալ շարժումը», որի հասարակական ու քաղաքական գործընթացների վրա ունեցած մեծ նշանակության մասին անգամ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն էր հոլովել՝ իբրեւ Գուրգեն Եղիազարյանի կողմից իր դեմ սանձազերծած արշավի կազմակերպիչ, այսօր, այս տարվա ընթացքում առաջին անգամ, նիստ կգումարի: Ինչպես շարժման նախաձեռնող անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ասաց՝ ամփոփվելու են անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում կուտակված տեղեկությունները, դրանց առնչությամբ տրվելու են գնահատականներ: Նախատեսվում է նաեւ քննարկված հարցերի եւ շարժման հետագա գործողությունների առնչությամբ որոշումներ կայացնել: Ի տարբերություն շարժման նախորդ մի քանի նիստերի, այս անգամ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կոնկրետ թեմայի շուրջ զեկույցով հանդես գալու պարտականություն չունի: «Զեկուցողներ, որպես այդպիսիք, չեն լինի, մենք ազատ ռեժիմով կաշխատենք՝ թույլ տալով, որ մասնակիցները տեղեկություններ փոխանակեն, նաեւ զեկույցով հանդես գան, եթե նման ցանկություն կլինի»,- ասաց պարոն Մարգարյանը:

Մեր այն հարցին ի պատասխան, թե արդյոք այսօրվա նիստում սենսացիոն բացահայտումներ կամ հայտարարություններ լինելո՞ւ են, Գ. Մարգարյանը չբացառեց դրա հնարավորությունը. «Կարծում եմ, կլինեն, որովհետեւ օրերս թերթերից մեկն անդրադարձել է «Սրետենկայի Լյովայի» նյութերին (հիշեցնենք, որ խոսքը «ՀԺ»-ում երեկ հրապարակված եւ ՀՀ նախագահին ուղղված ՌԴ քաղաքացի Լեւոն Մարկոսի բաց նամակի մասին- Ն. Մ.): Կարծում եմ, որ այդ կապակցությամբ զրույց կլինի, որովհետեւ այդ նամակում եղած փաստերը նորություն չեն: Եթե հիշում եք, մի երկու-երեք տարի առաջ, երբ նրան այստեղ պատժել էին, այդ նույն «Սրետենկան» էլի էր խոսել: Հենց դրա շուրջ էլ որոշակի բացահայտումներ կլինեն»:

Հայտնի է, որ հունվարի 30-ին Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանին նամակներ է հղել քաղաքական ուժերին՝ կոչ անելով թեկնածուներ ունենալ բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում եւ իսկական պայքար ծավալել քրեական տարրերի դեմ, որովհետեւ մտավորականների դիտարկմամբ, դա, թերեւս, «քաղաքացիների հարգանքն իրենց նկատմամբ վերականգնելու, վերջնական վարկաբեկումից փրկվելու, միգուցե, վերջին շանսն է», որովհետեւ «քրեական գործամոլները անթաքույց որոշել են վերջնականապես իրենց տիրապետությունը հաստատել մեր երկրում», ինչը, մտավորականների համոզմամբ, տեղի ունեցավ նաեւ «ընդդիմադիր լիդերների անպատասխանատվության ու անգործունեության հետեւանքով», ովքեր անկարող եղան «խեղդել իրենց անձնական ամբիցիաները», ու «մարդիկ երես թեքեցին կուսակցություններից: Հեռացան նաեւ պետականության ձեւավորման խնդիրներից՝ կորցնելով բոլոր հույսերը իրենց իսկ ճակատագրի վրա ազդելու հնարավորությունից»:

Մենք հարցրինք պարոն Մարգարյանին՝ արդյոք այդ նամակներին հայրենի ընդդիմությունն արձագանքե՞լ է: «Արձագանքներ եղել են: Հիմա ժամանակն է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, անհատ հրապարակայնորեն հայտնի իր դիրքորոշումը: Եթե նրանք այսպիսի պայմաններում գնում են ընտրությունների՝ պարզ է, որ օգնում են ռեժիմին եւ իշխանությանը, իսկ եթե, իրոք, դուրս են գալիս դրանց դեմ պայքարի, ապա կա պայքարի երկու ճանապարհ: Դրանցից մեկն այն է, որ կուսակցության լիդերը դնում է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, մտնում է պայքարի մեջ ռեժիմը ներկայացնող ամենահայտնի կրիմինալի հետ: Մյուս տարբերակի մասին մենք այսօր կխոսենք «Հակակրիմինալի» նիստի ժամանակ, որտեղ նաեւ համապատասխան փաստաթուղթ կհրապարակենք»:

Գ. Մարգարյանը երեկ մեր զրույցի ժամանակ ասաց, որ ինքը, որպես կուսակցության ղեկավար, իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով անպայման առաջադրելու է. «Միանշանակ: Պայքարելու ենք այդ հանցագործների ամենահայտնի ֆիգուրաների հետ»: Թե որ ընտրատարածքում կառաջադրվի Գ. Մարգարյանը՝ տակավին հայտնի չէ: Նրա փոխանցմամբ, դա պարզ կդառնա առաջիկա մի քանի օրերի ընթացքում:

Ընդ որում, մեծամասնական ընտրակարգով կառաջադրվեն նաեւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության այլ անդամներ: «Մենք միանշանակորեն այն կարծիքին ենք, որ ոչ միայն ընտրության տրամաբանության, այլեւ մթնոլորտի փոփոխություն պետք է լինի»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ կուսակցությունն առաջադրի նաեւ կուսակցության անդամ, այսօր ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեղադրանքով կալանավորված Վարդան Մալխասյանի թեկնածությունը՝ պարոն Մարգարյանն ասաց. «Մի-երկու օրից պարզ կլինի: Չի բացառվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել