Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԳՆԱՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՊԵՍ

Փետրվար 08,2007 00:00

\"\"Առանձին-առանձին՝ մի քանի բեւեռներով, բայց համագործակցելով

«Այսօր Հայաստանում կան մի շարք կուսակցություններ, որոնք ցանկանում են «Օրինաց երկրի» հետ կազմել դաշինք»,- «Առավոտին» հունվարի 25-ին տված հարցազրույցում ասել էր ՕԵԿ նախագահը: Երեկ Մամուլի ազգային ակումբում Արթուր Բաղդասարյանին հիշեցրինք իր այս արտահայտությունը եւ խնդրեցինք ներկայացնել, թե ի՞նչ փաստարկներով ՕԵԿ վարչության փետրվարի 6-ի ընդլայնված նիստում որոշվեց չընդառաջել այդ ցանկություններին եւ ընտրությունների գնալ միայնակ: ՕԵԿ նախագահը պատասխանեց, թե խնդիրը դաշինք կազմելու ցանկություններին ընդառաջել- չընդառաջելը չէր. «Հասարակության մեջ արհեստական մի գաղափար է ներարկել իշխանությունը՝ ընդդիմադիր դաշտը պառակտելու համար, ասելով՝ տեսե՛ք, ընդդիմությունը չի միավորվում: Իսկ իշխանությունն ինքը միավորվա՞ծ է: Ես դե՛մ եմ, որ ընդդիմադիր կուսակցությունները համախմբվեն մեկ ցուցակի, թիմի ներքո, քանի որ դա իշխանությանը կտա բացառիկ լավ հնարավորություն՝ հարձակում գործելու այդ միասնական բեւեռի դեմ: Եթե իշխանությունն ընտրությունների է գնում առանձին 4 կուսակցություններով՝ ընդդիմադիր բեւեռում էլ կան կայացած քաղաքական կուսակցություններ, որոնք կարող են ինքնուրույն գնալ ընտրությունների, բայց համագործակցելով, ինչպես այսօր համագործակցում են իշխանական կուսակցությունները»: Ըստ նրա՝ ավելի լավ է լինի որոշակի խնդիրների շուրջ համագործակցություն, «քան թե տարբեր գաղափարներ ու ծրագրեր ունեցող կուսակցությունները համախմբվեն եւ, ժողովրդի լեզվով ասած՝ դառնա աջաբսանդալ»: Տեղեկացրեց, թե ՕԵԿ վարչությունը նաեւ որոշում է կայացրել «ակտիվորեն համագործակցել ազատ, արդար ընտրություններով իրոք մտահոգ բոլոր քաղաքական կազմակերպությունների հետ»:

Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ ՕԵԿ քաղաքական խորհուրդը փետրվարի երկրորդ կեսին կորոշի մեծամասնական ընտրակարգով առաջադրվող ՕԵԿ-ի թեկնածուների ցուցակը. «Վերջնական որոշում դեռ չկա կոնկրետ իմ առաջադրման մասին»: Իսկ հարցին, թե համամասնական ցուցակում կլինե՞ն ոչ կուսակցականներ՝ պատասխանեց, թե իրենց ցուցակում ընդգրկվելու են հիմնականում ՕԵԿ ներկայացուցիչները:

Փետրվարի 6-ին «Ազգային միաբանությունն» էր դիմում հրապարակել, որտեղ տագնապ է արտահայտված վճարովի եթերաժամի գների «աննախադեպ աճի» կապակցությամբ. «Փորձ է արվում, որ հեռուստաեթերից ելույթ ունենալը հասու լինի միայն ու միայն ՀՀ նախագահի եւ կառավարության հենարանը հանդիսացող քաղաքական կուսակցություններին»: Երեկ էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մտահոգություն արտահայտեց հաստատված բարձր սակագների կապակցությամբ: Ըստ նրա՝ հեռուստաընկերություններից մեկն արդեն հրապարակել է քաղաքական գովազդի գինը՝ 1 րոպեի համար 100 հազար դրամ. «Երբ երկրում նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 20 հազար դրամ է, երբ բազային կենսաթոշակն ու աղքատության նպաստը եւ մյուս սոցիալական հատկացումները չեն գերազանցում մի քանի հազար դրամը՝ այսօր 1 րոպեի համար 100 հազար դրամ սահմանելը բավականին ծանր վիճակ է ստեղծելու ընդդիմադիր կուսակցությունների համար»: Արթուր Բաղդասարյանը նաեւ նշեց, թե 1 րոպե հեռուստագովազդի գինը սահմանել են այնքան, որքան մեծամասնական թեկնածուի նախընտրական գրավի գինն է:

ՕԵԿ նախագահը երեկ հայտնեց, որ ընտրական հանձնաժողովների ղեկավար կազմից շարունակում են հեռացնել իրենց կուսակցության ներկայացուցիչներին: Արդեն պաշտոնանկ են արել Սիսիանում, Գորիսում, Մասիսում ու Արթիկում ընտրատարածքային հանձնաժողովների ՕԵԿ-ական նախագահներին: Նաեւ նշեց, որ դեռ ԱԺ նախագահ եղած ժամանակ է առաջարկել, որ ընդդիմությանն անպայման հնարավորություն տրվի ներկայացուցիչներ ունենալ հանձնաժողովների ղեկավար մարմնում. «Եթե մենք խոսում ենք ընտրությունների արդարությունից ու օրինականությունից՝ ինչո՞ւ պետք է հանձնաժողովի բոլոր ղեկավար պաշտոնները լինեն իշխանության մենաշնորհը»: Արթուր Բաղդասարյանն առաջարկեց. «ՕԵԿ-ը 30-ից ավելի տեղերում ունի հանձնաժողովների ղեկավար ներկայացուցիչներ: Ես չեմ ասում ամբողջ 30-ը, բայց թող վերցնեն՝ մեր տեղերը տան այլ ընդդիմադիր կուսակցությունների»:

Առիթից օգտվելով՝ փորձեցինք ճշտել մի հարց, որը վերաբերում է ՕԵԿ-ի հետ քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրած ՍԻՄ-ին: Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները հրապարակավ ակնարկել էին իրենց ներկուսակցական խնդիրներում ՕԵԿ-ի դերակատարության մասին: Արթուր Բաղդասարյանը հայտնեց, թե իրենց համաձայնագրի կնքմանը նախորդած միջկուսակցական շփումներին մասնակցել են ե՛ւ Հրանտ Խաչատրյանը, ե՛ւ Հայկ Բաբուխանյանը. «Մենք մնացած ներկուսակցական խնդիրների հետ ո՛չ առնչություն ունենք, ո՛չ էլ ուզում ենք ունենալ, որովհետեւ դա իրենց ներքին կուսակցական խնդիրն է: Եվ մեր ցանկությունն է, որ այդ խնդիրները լուծեն քաղաքակիրթ, քաղաքական ճանապարհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել