2007 թվականը Հայաստանի շախմատիստների համար սկսվել է միջազգային ամենաբարձր մակարդակի մրցաշարերում տարած հաղթանակներով:
2007 թվականը մեկնարկեց միջազգային խոշոր մրցաշարերում հայաստանցի շախմատիստների հաղթարշավներով: Լեւոն Արոնյանը հաղթեց Վեյկ ան Զեեի էլիտարների պայքարում, Գաբրիել Սարգսյանը 2-րդ տեղն զբաղեցրեց նույն մրցաշարի վարպետների «B» խմբի պայքարում, իսկ Վլադիմիր Հակոբյանը փայլուն հաղթանակ տոնեց «Gibtelecom» ավանդական ներկայացուցչական մրցաշարում: «Առավոտի» մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը երեկ զրուցեց ՀՇՖ գլխավոր քարտուղար, ՖԻԴԵ-ի եվրոպական 5-րդ գոտու տնօրեն Գագիկ Հովհաննիսյանի հետ:
– Նոր տարին Հայաստանի շախմատի դպրոցի համար նշանավորվեց Վեյկ ան Զեեում էլիտար գրոսմայստերների պայքարում Լեւոն Արոնյանի հերթական փայլուն հաղթանակով, նույն մրցաշարում վարպետների մեջ Գաբրիել Սարգսյանի գրաված 2-րդ տեղով, «Gibtelecom» ավանդական մրցաշարում Վլադիմիր Հակոբյանի հաղթանակով: Սա, արդյոք, շախմատի հայաստանյան դպրոցի նոր հաղթարշավի սկիզբը չէ՞:
– 2006 թվականը հայկական շախմատի համար առանձնացավ նաեւ մի քանի այլ իրադարձություններով: Անթալիայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում միջազգային գրոսմայստերի կոչում շնորհվեց Արման Փաշիկյանին, միջազգային վարպետի կոչում՝ Հրանտ Մելքումյանին ու Ավետիք Գրիգորյանին, եւ համեմատաբար նոր ստեղծված ՖԻԴԵ-ի մարզչի կոչում՝ Աշոտ Նադասնյանին: Իսկ ինչ վերաբերում է ձեր՝ 2007 թվականին ակնկալվող մեր նոր հաջողությունների մասին հարցին, այո, Հայաստանի շախմատի ֆեդերացիան այս տարի ավելի նշանակալի նվաճումներ է սպասում ու նրա նպատակը նվաճված նոր բարձունքներ տեսնելն է:
– Կարո՞ղ եք ասել, թե այս տարի կոնկրետ որտեղից ինչ ակնկալիքներ ունենք:
– Արդեն մոտ օրերս մի քանի միջազգային խոշոր մրցաշարեր են կայանալու: Փետրվարի 16-ին մեկնարկում է Լինարեսի ավանդական մրցաշարը, որն արդեն 2-րդ տարին է, ինչ անցկացվում է երկու աշխարհամասում: Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները՝ Արոնյանը, Տոպալովը, Անանդը, Լեկոն, Սվիդլերը, Ռաջաբովը, Մորոզեւիչը եւ Կարլսենը պայքարի մեջ կներգրավվեն Մեքսիկայի Մորելիա քաղաքում, այնուհետեւ՝ փոքր ընդմիջումից հետո, կրկին խաղատախտակների առջեւ կնստեն Իսպանիայի Լինարեսում: Գրեթե միաժամանակ մեկնարկելու է խոշորագույն եւս մի մրցաշար՝ «Aeroflot Open»-ը, որտեղ, ինչպես միշտ, Հայաստանը ներկայանալու է մի քանի տասնյակ շախմատիստներով: Նրանց մեջ լինելու են աշխարհին հայտնի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Վլադիմիր Հակոբյանը, հնարավոր է նաեւ Ռաֆայել Վահանյանը… Հուրախություն բոլորիս, այսօր արդեն այնքան շատ են մեր առաջատար շախմատիստները, որ բոլորի անունները թվարկելիս հնարավոր է որեւէ մեկի անունը չհիշել: Ուստի բավարարվենք մեր ավանդաբար ուժեղներին հիշատակելով:
Մարտ ամսին Արոնյանը Մոնակոյում մասնակցելու է ավանդական եւս մի խոշորագույն մրցաշարի, որը, չնայած հզոր կազմին, ավելի շատ ցուցադրական բնույթ ունի: Այնտեղ մասնակիցները խաղալու են երկու շրջանից բաղկացած փոքրիկ մրցաշար. առաջինը՝ արագ շախմատի, երկրորդը, այսպես կոչված, «կույր» շախմատի կանոններով:
– Ձեր թվարկածները, անշուշտ, անչափ մեծ հեղինակություն են վայելում շախմատի աշխարհում: Բայց եկեք խոսենք ՖԻԴԵ-ի պաշտոնական մրցումների ցուցակում ընդգրկված մրցաշարերի մասին:
– Դրանք սկսվում են ապրիլի 2-ին Դրեզդենում մեկնարկող Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնություններով, որտեղ նույնպես Հայաստանը ներկայացված է լինելու պատկառելի կազմով: Մասնավորապես, տղամարդկանց մրցաշարում մեր հանրապետությունը կներկայացնի ինը շախմատիստ. բոլորն էլ քաջածանոթ են մեր մարզասերներին: Ավելացնեմ միայն, որ այնտեղ չեն լինի Արոնյանն ու Հակոբյանը:
– Ինչո՞ւ:
– Քանի որ դա նաեւ աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշար է, իսկ Լեւոնն ու Վլադիմիրն իրենց բարձր վարկանիշներով անհատական մասնակցության իրավունք արդեն իսկ ունեն, Գերմանիայում հանդես կգան Հայաստանի՝ օրերս ավարտված բարձրագույն խմբի առաջնության առաջին հինգ տեղերը գրաված շախմատիստները: Կանանց պայքարում հանդես են գալու մեր ներկայիս երեք ուժեղագույնները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Անդրիասյանը: Թվարկածներս, անշուշտ, անչափ պատասխանատու մրցումներ են, սակայն դրանց մեջ ամենակարեւորը, թերեւս, Արոնյանի մասնակցությամբ մայիսին Էլիստայում մեկնարկող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, որտեղ «թագի» համար պայքարելու համար Լեւոնից պահանջվելու է օլիմպիական, այլ կերպ ասած՝ «նոկաուտ» մրցակարգով երկու մրցաշար շահել: Նրա առաջին մրցակիցը լինելու է նորվեգացի հրաշամանուկ Մագնուս Կարլսենը: Եթե Լեւոնը հաղթահարի այդ արգելքը, իսկ մենք դրան հավատում ենք, այնուհետեւ կմրցի Մայքլ Ադամս-Ալեքսեյ Շիրով զույգի հաղթողի հետ: Այստեղ էլ հաջողության հասնելու դեպքում արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին հավակնորդների մրցաշարի չորս լավագույնների եւ Կրամնիկի, Անանդի, Սվիդլերի, Մորոզեւիչի հետ միասին Մեխիկոյում կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը: Ճիշտ է, դա անչափ ծանր լուծելի խնդիր է, բայց մենք հույս ենք փայփայում, որ Լեւոնին կտեսնենք նաեւ այդ բարձունքում: Պաշտոնական մրցաշարերի ցուցակում կա եւս մի կարեւորագույն մեկնարկ՝ հոկտեմբեր-նոյեմբերին Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը Հունաստանի Հերակլիոն քաղաքում, որտեղ, անկեղծ ասած, Հայաստանի հավաքականը բավականին ծանր վիճակում է լինելու, քանի որ բացի 1-ինից, ցանկացած այլ տեղ մեզ համար գնահատվելու է որպես անհաջողություն: Եվ, վերջապես, աշնանը Հայաստանը կրկին հյուրընկալելու է մինչեւ 20 տարեկանների աշխարհի տղաների եւ աղջիկների առաջնությունները: Ուզում ենք հավատալ, որ այս անգամ էլ Զավեն Անդրիասյանի մատուցած անակնկալը մերոնցից որեւէ մեկը կկրկնի:
– Պարոն Հովհաննիսյան, դուք հիմնականում անդրադարձաք տղաներին: Բայց մեր աղջիկներն էլ պակաս կարեւոր անելիքներ չունեն: Նրանց մասին ի՞նչ կասեք:
– Եվրոպայի անհատական եւ թիմային առաջնությունները, որոնց մասին արդեն ասացի, կանանց համար նաեւ աշխարհի առաջնության ուղեգրերի համար պայքար է: Ես հույս ունեմ, որ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, ինչպես վերջին երկու տարիներին, այս անգամ էլ ուղեգիր կնվաճեն: Բայց շատ հավանական եմ համարում, որ այդ պայքարին կարող է միջամտել նաեւ հանրապետության այս տարվա չեմպիոն Սիրանուշ Անդրիասյանը: Եվրոպայի թիմային առաջնությունում մեր աղջիկների խնդիրն այս անգամ սովորականից ավելի դժվար է լինելու ոչ միայն այն պատճառով, որ մեր «Միկա» թիմը Եվրոպայի չեմպիոն է ու պիտի պայքարի այդ կոչումը պահպանելու համար: Բանն այն է, որ այս տարվանից թիմային բոլոր մրցաշարերում տղամարդկանց հավաքականների թվակազմը կրճատվել է մեկով (նախկին վեցի փոխարեն), իսկ կանանցը ավելացել է նույնքանով: Այսինքն՝ հիմա երկուսն էլ բաղկացած են լինելու հինգական անդամով (4 հիմնական եւ 1 պահեստային): Այսինքն՝ կանանց հավաքականը հավասարաչափ ուժեղ կազմով համալրելու հարցում խնդիրներ կարող են առաջանալ: Արդեն նշածս կանանց հիմնական մրցաշարերին զուգահեռ՝ մեր աղջիկները պլանավորել են մասնակցել նաեւ զուտ տղամարդկանց միջեւ անցկացվող մրցաշարերի, որը, կարծում եմ, նրանց համար մարզական առումով բավականին շահեկան կլինի: Նկատի ունեմ նախ եւ առաջ «Aeroflot Open»-ը, աշնանը Հայաստանում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությունը, որոնք մրցափորձի կուտակման հրաշալի դպրոց են: Սրան ավելացնեմ նաեւ հոկտեմբերին անցկացվելիք կանանց եվրագավաթների խաղարկությունը, որին մասնակցելու իրավունք նվաճելու նպատակով կազմակերպվելու է Հայաստանի նմանատիպ առաջնություն: