Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը նախընտրում են մռայլ գույները

Փետրվար 07,2007 00:00

\"\"Մոդելյոր-դիզայներ Արեւիկ Սիմոնյանը փորձում է հայաստանցիներին վառ գույներին «վարժեցնել»

Վերջին տարիներին Երեւանում անցկացվում են նորաձեւության շաբաթներ, «պրետ ա պորտեներ» (առօրյա զգեստների ցուցադրություն), որոնք հնարավորություն են տալիս հայ մոդելյոր-դիզայներներին ինքնարտահայտվելու: Նորաձեւության շաբաթների ընթացքում, ի տարբերություն Արեւմուտքում անցկացվող նման միջոցառումների, մեզ մոտ ոչ թե 10-15, այլ օրական 2-3 դիզայների աշխատանք է ցուցադրվում: Երեւանյան ֆիրմային կամ էլիտար համարվող սրահներում արդեն կարելի է հանդիպել վաճառքի հանված հայ մոդելյոր-դիզայներների աշխատանքներին: Խանութներից մեկում, օրինակ, հանդիպեցինք KIVERA NAYNOMIS ապրանքանիշով նորաձեւ զգեստների: Հետաքրքրությանը, թե վաճառվող հայտնի մոդելյորների զգեստների կողքին ի՞նչ նոր անուն է, սրահի մենեջերը հուշեց պիտակը կարդալ աջից ձախ՝ SIMONYAN AREVIK: Պարզվեց՝ այդ զգեստները պատկանում են ճանաչված դիզայներ-մոդելյոր Արեւիկ Սիմոնյանին:

Հանդիպելով դիզայներին, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Մոսկվայում ստացած մասնագիտական կրթության արդյունքն է նպաստել (ավարտել է Մոսկվայի «OPT» դիզայնի քոլեջը), որ հայաստանյան էլիտան գնահատի ու կրի նրա ստեղծած նմուշները: Մոդելյորը համաձայնելով ասվածին, նշեց. «Այդ մասին չէի մտածել, բայց երեւի ճիշտ եք՝ եթե Մոսկվայում ուսանած կամ այնտեղից եկած չլինեի, գուցեեւ այսքան շուտ ճանաչված չլինեի Հայաստանում»:

Մեր հարցին՝ 2004-ին ստեղծված ձեր առաջին հավաքածուում իշխող վառ գույները ինչո՞ւ հաջորդ հավաքածուներում գնալով «խամրեցին», մոդելյորը պատասխանեց. «Դեռ Մոսկվայում սովորելու տարիներին, երբ մասնակցում էի տարբեր ցուցադրությունների, օտարազգի մասնագետները միաբերան ասում էին, որ երեւում է Սարյանի երկրից լինելս: Երեւանում ստեղծագործած տարիներին, սակայն, նկատեցի, որ հայաստանցիներին դժվար է «վարժեցնել» վառ գույների, մանավանդ՝ նրանք տարիներ շարունակ նախընտրել են մռայլ գույները: Չնայած դրան, ես աշխատում եմ իմ ստեղծած զգեստներում օգտագործել գոնե հայկական տարազի վառ էլեմենտներ»:

Մեր զրուցակիցը զուգահեռ անցկացնելով հայաստանյան եւ ռուսաստանյան մոդելյորների միջեւ, փաստեց, որ մերոնք հաճախ իրենց աշխատանքները «տարազախեղդ» են անում, մինչդեռ ռուսները սեփական ֆոլկլորը ժլատորեն օգտագործելով՝ առանձնակի հմայք են տալիս նորօրյա հագուստներին: Ա. Սիմոնյանը նեղսրտեց, որ Հայաստանում դեռ չեն գնահատում հայ մոդելյորների աշխատանքները. «Խանութից կարող են գնել, օրինակ, ֆրանսիացի մոդելյորի, որի անունն անգամ մասնագետներիս ոչինչ չի ասում, ոչ այնքան բարձրորակ զգեստ, փոխարենը քամահրանքով վերաբերվել հայ մոդելյորի աշխատանքին»: Հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ինչպե՞ս են հայ մոդելյորների աշխատանքները հայտնվում խանութներում՝ ճանաչված կուտուրյեների զգեստների կողքին: «Ինչպես ընդունված է Արեւմուտքում, մեզ մոտ էլ «պրետ ա պորտե» ցուցադրության ժամանակ ներկա են լինում հեղինակավոր սրահների ներկայացուցիչներ եւ վերջում իրենց հավանած նմուշի համար կնքում են պայմանագիր: 2006թ. ցուցադրության ժամանակ ներկայացրել էի թվով 40 զգեստ, որոնք «In style» սրահը վերցրեց վաճառքի: Ասեմ, որ դրանցից այժմ սրահում մնացել է ընդամենը 5-ը, որոնք երեկոյան զգեստներ են»: Մոդելյորը ձեռնպահ մնաց իր զգեստների գները եւ այն հայտնի մարդկանց անունները հրապարակել, ովքեր հագնվում են իր դիզայնով: Ա. Սիմոնյանը միայն ափսոսանքով փաստեց, որ հայաստանցիների մեծ մասը առիթից առիթ է դիմում մոդելյորի: Իսկ դիտարկմանը՝ գուցե պատճառը նյութակա՞նն է, Մոսկվայում մեծացած հայ դիզայները հայավարի պատասխանեց. «Գների մեջ կտեղավորվեմ, միայն թե մոդելյորի մոտ հագնվելու կուլտուրան մեզանում էլ արմատավորվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել