Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցման արդյունքները կփոխանցվեն ռեկտորներին

Փետրվար 07,2007 00:00

Որպեսզի ծանոթանան՝ որքանով են կոռումպացված

«Առավոտն» արդեն անդրադարձել էր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության կողմից անցկացրած «Կա՞, արդյոք, կոռուպցիա բուհերում» հարցմանը, որի վերաբերյալ տարեվերջյան ասուլիսում կասկած էր հայտնել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշել էր, որ սոցհարցումներ իրականացնելու համար նախ անհրաժեշտ է ունենալ լուրջ մեթոդաբանություն, վերլուծություն: Չնայած իր այս համոզմանը, նախարարը նաեւ պատրաստակամություն էր հայտնել ընթացք տալ կատարված գործին՝ «Սարգիս Տխրունու» ուսումնասիրությունների լրջության աստիճանին ծանոթանալուց հետո:

«Սարգիս Տխրունու» անդամները Լեւոն Մկրտչյանին պետք է հանդիպեին նաեւ փետրվարի 1-ին, սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ նախարարը կառավարությունում արտահերթ նիստի էր մասնակցում: Երիտասարդներն ուղղակի նրան են փոխանցել իրենց ուսումնասիրություններն ու նկատառումները: Միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտին» ասաց. «Հիմա մեզ մնում է արձագանքներին սպասել»:

Ն. Գալստյանից տեղեկացանք, որ բուհական կոռուպցիոն ռիսկերի մասին նախարարի հետ նախորդ զրույցը բավականին գործնական է եղել. «Նախարարը մեզ հայտնեց, որ ինքն էլ է շահագրգռված, որպեսզի կոռուպցիան վերանա բուհերից: Հանդիպման ժամանակ նրան մի քանի փաստեր բուհական կոռուպցիայի վերաբերյալ ինքներս ներկայացրինք, քանի որ մեր չինովնիկների համար մի քիչ դժվար է իրենց տաքուկ առանձնասենյակներում նստած՝ լավ ծանոթ լինել ուսանողական կյանքին: Նախարարին տեղեկացրինք տարբեր բուհերի ամենախոցելի կետերի մասին: Նա մեզ եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ եթե համոզվի սոցհարցման լրջության մեջ, խնդրով անպայման կզբաղվի եւ բուհական խորհուրդների նիստում կդրվի դրանց քննարկումը: Եվ փաստերի՝ իրականությանը համապատասխանելու դեպքում Լեւոն Մկրտչյանը անվստահություն կհայտնի կոռումպացված բուհերի ռեկտորներին»: Ն. Գալստյանը փաստեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միության եւ նախարարության հետագայում համագործակցելու առաջարկները:

Միության ատենապետը նշեց նաեւ, որ պետական բուհերի պատերին ամրացրել են «Սարգիս Տխրունու» գրասենյակի հեռախոսահամարները, որպեսզի ուսանողները ահազանգեն, երբ որեւէ դասախոս իրենցից գումար պահանջի. «Անպայման հետեւողական կլինենք եւ կանենք ամեն ինչ, որպեսզի գումար պահանջողի անունը հրապարակվի»:

ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը «Առավոտին» փոխանցեց, որ օրերս «Սարգիս Տխրունու» անդամների կողմից ներկայացված հարցման ամբողջական տվյալները կփոխանցվեն Երեւանի պետական բուհերի ռեկտորներին, որպեսզի դրանց շուրջ քննարկումներ կազմակերպվեն եւ եւս մեկ անգամ ստուգվի սոցհարցման լրջության աստիճանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել