Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Սամվել Ուզունյան) շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001թ. դեկտեմբերի 27-ին մահափորձի գործի դատաքննությունը:
Նշենք, որ նախորդ 10 նիստերը ընթացել են դռնփակ, քանի որ ամբաստանյալներից մեկը՝ ՀՀ ԱԱՆ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը («Սերգեյ Իվանով») ցուցմունք էր տալիս: Երեկ իր ցուցմունքը սկսեց նաեւ «պատվիրատու», 22 տարվա մանկավարժ Սիլվա Ասատրյանը: Նա մեկ տարի 6 ամիս ազատազրկված է, որից 8 ամիսը գտնվել է ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում: Երեկ Սիլվա Ասատրյանը իր ցուցմունքում ասաց, որ երբեւէ շարժառիթ չի ունեցել վնաս պատճառել որեւէ մեկին, մասնավորապես՝ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանին: Նա ասաց, որ համաձայն չէ մեղադրանքին, մասնավորապես, թե «թշնամական հարաբերությունների» մեջ է եղել Մելիք Գասպարյանի հետ: «Ես երբեք չեմ շփվել նրա հետ, չեմ իմացել, թե ինչով է զբաղված նա: Ես չէի կարող հրեշավոր այդ արարքը անել, ի՞նչ պիտի տար ինձ Մելիք Գասպարյանի մահը»,- ասաց Ս. Ասատրյանը: Նա ասաց, որ իր ամուսինը՝ Արթուր Գյուրջինյանը Հայ-սիրիական կազմակերպության նախագահն էր, որի բաժնետերերից մեկն էր դարձել պատգամավորը: Կազմակերպությունը շինարարական աշխատանքներ էր իրականացնում մայրաքաղաքում:
Ասատրյանը ցուցմունք տվեց նաեւ, որ նեղ ընտանեկան խնդիրներ են ծագել եւ ինքը ամուսնալուծվել է Գյուրջինյանից: Այդ ընթացքում իմացել է, որ Արթուրը գույքային վեճեր է ունեցել վարդենիսցի պատգամավոր Մ. Գասպարյանի հետ: Նա ասաց, որ ճանաչել է «Սերգեյ Իվանովին» որպես զինվորականի, հրամանատարի: Իրենց շփումներն ավելի են ջերմացել կնոջ՝ Սվետայի հայտնվելուց հետո, իսկ Վոլֆսոնի երկրորդ երեխայի ծնվելուց հետո ընդհանրապես շփումներ չի ունեցել: Ասատրյանը հայտնեց, որ նախաքննության ժամանակ է իմացել, որ «Իվանովը խենթորեն սիրահարված է եղել իրեն»: Երբ մահափորձի գործով առաջին անգամ կալանավորվել է սրտի վիրահատություն տարած որդին՝ Վարուժանը, այդ ժամանակ «շրջադարձ եղավ իմ ընտանիքում, միացանք Արթուրի հետ՝ պայքարելու անիրավության դեմ»,- հուզված շարունակում էր նա: Ասատրյանը նկարագրեց, թե ինչպես են իրեն հրավիրել գլխավոր դատախազություն, հարցաքննել իբրեւ վկա եւ քննիչ Աշոտ Նադոյանի առանձնազրույցից հետո «ներշնչվեց ինձ, թե չափազանց մեծ ազդեցություն եմ ունեցել Սերգեյ Իվանովի վրա: Ինձ ուղեկցեցին քննչական վարչություն, միացրին հեռուստացույցը: Սերգեյը նստած էր մեջքով եւ ասաց, որ Սիլվայի խնդրանքով է պայթյուն իրականացրել: Լսելով Իվանովի ասածը, սկսեցի հավատալ: Սերգեյը մինչ այդ հավասարակշիռ անձնավորության տպավորություն էր թողել»: Նա նկարագրեց, որ իրեն ձերբակալել են առանց պաշտպանի եւ երբ իրեն մահափորձ դրդելու մեղադրանք են առաջադրել, այդ ժամանակ Յուրի-Սերգեյը դեռ իր դեմ ցուցմունք չէր տվել: Ըստ Ս. Ասատրյանի, 2005թ. հոկտեմբերի 10-ին առերեսում է կազմակերպվել իր եւ Սերգեյի միջեւ. «Քննիչները թույլ չէին տալիս, որ պաշտպանների եւ իմ հարցերին պատասխաներ: Ակնհայտ էր, որ Վոլֆսոնը ծանր, լուրջ վիճակում էր, ռոբոտի էր նման: Ուզում էի հասկանալ, թե ինչն է պատճառը, որ Վոլֆսոնը ինձ զրպարտել է: Երբ նրան տանում էին, դռների մեջ հասցրեց ասել՝ կարեւորը մեր երեխաներն են, նրանք ողջ եւ առողջ են: Ակնհայտ էր, որ երեխաները վտանգի մեջ են»: Ս. Ասատրյանը տեղեկացրեց, որ ստիպված է եղել հանրապետությունից առժամանակ հեռացնել Վարուժանին:
Ի դեպ, Վարուժանին 9 ամիս ազատազրկելուց հետո (նույն գործով), նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Սիլվայի տպավորությամբ, առերեսման պատասխանը եղավ այն, որ ազատազրկեցին նաեւ իր ամուսնուն՝ Արթուր Գյուրջինյանին: «Երբ սեփական պետական ապարատը քո դեմ է, չես կարող ոչինչ անել: Չէի ցանկանա ապրել այսպիսի հասարակության մեջ, ուր իշխողը շահն ու պաշտոնն է»,- ասում էր, նախկին ուսուցչուհին: Նրա խոսքից հետո արցունքներ երեւացին անգամ փաստաբաններ Ինեսա Պետրոսյանի, Անժելա Կարապետյանի աչքերում: «Այնքան շինծու է գործը, ես որպես մայր մի անհանգստություն ունեմ. երբ տղաս գալիս է բանտ, մտածում եմ՝ կարո՞ղ է իրեն էլ համոզեն, թե ես պատվիրել եմ: Վարուժիկիս վստահությունը կորցնելուց վախենում եմ: Ափսոսում եւ վախենում եմ իմ զավակների համար, իսկ իմ զավակները նաեւ իմ աշակերտներն են, որոնց համար ուզում եմ, որ այսքան խեղճ, անհույս չլինեն, որ նրանց չթվա, թե ամեն ինչ կարելի է առնել ու ծախսել»: Ասատրյանը նկարագրեց մի դրվագ, երբ իրեն, սրտի վիրահատություն տարած տղային, աղջկան տարբեր մեքենաներով տարել էին Ավանի ոստիկանություն, կողքի սենյակից խուլ ձայներ էին լսվում. «Կա՞ երկրագնդի վրա մեկը, որ լսի կողքի սենյակում խոշտանգումը, իսկ ինքը հանգիստ մնա, իմանալով, որ այդ ամենն իր պատճառով է»,- ավարտելով իր խոսքը, ասաց Ս. Ասատրյանը: Նա իր ցուցմունքը կշարունակի հաջորդ նիստին: