Լրահոս
Օրվա լրահոսը

«Microsoft»-ը մեզ ներում է

Փետրվար 07,2007 00:00

Բայց հորդորում է այսուհետ չգողանալ իր ծրագրերը

Մինչեւ վերջերս մեր երկիրն իրավունք չուներ «Microsoft» ընկերության ծրագրերը օգտագործել, քանի որ այդ ընկերության հետ որեւէ պայմանավորվածություն չուներ: Այդուհանդերձ, ընկերության ծրագրերը Հայաստանում օգտագործվող համակարգիչներում վաղուց ներդրված են:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը օրերս է «Microsoft»-ի հետ համագործակցության համաձայնագիր կնքել:

Չնայած ընկերության ծրագրերը առանց թույլտվության օգտագործելը հեղինակային իրավունքի խախտում է, «Microsoft»-ը չի պատրաստվում Հայաստանին տույժերի ու տուգանքների ենթարկել: «Առավոտի» հետ զրույցում «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանն այս առնչությամբ ասաց, որ իրենք մեր երկրին ներում են ծրագրի անօրինական օգտագործումը, բայց, ըստ նրա, ցանկալի կլիներ, որ գոնե այսուհետեւ քաղաքացիներն իրենց ծրագիրը ձեռք բերելու համար վճարեին:

Նկատենք, որ ներկայումս քաղաքացիները խանութից գնելով համակարգիչ՝ առանց վճարելու էլ «Microsoft»-ի ծրագրից կարող են օգտվել, քանի որ համակարգչում այն արդեն ներդրված է լինում: Սակայն ինչպես ասաց Գ. Բարսեղյանը, դա հիմնականում ծրագրի ոչ օրիգինալ տարբերակն է, իսկ օրիգինալը մի շարք առավելություններ ունի. «Եթե որեւէ մեկն իր համակարգչում ունի գաղտնի ինֆորմացիա եւ հետաքրքրված է, որ այն հասանելի չլինի ուրիշներին, ապա օրիգինալ ծրագիրը նրան զերծ կպահի նման իրավիճակների մեջ ընկնելուց՝ շանտաժից եւ անձնական կյանքի նկատմամբ ոտնձգություններից, ինչպես նաեւ համակարգչային վիրուսներից»: Օրիգինալ ծրագիրը ձեռք բերելու համար պետք է վճարել առնվազն $150-200: Ըստ «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի, ծրագրի գինը նույնն է բոլոր երկրներում: ԱՄՆ-ում այն վաճառվում է դոլարով, Եվրոպայում՝ եվրոյով, թե մեր երկրում որ տարադրամով պետք է վաճառվի՝ դեռ հայտնի չէ, մինչդեռ դոլար-եվրո հարաբերակցությունը Հայաստանում գործող փոխարժեքով $60-70-ի տարբերություն է ունենում:

Ըստ Գրիգոր Բարսեղյանի, խանութներից կեղծ ծրագրերով համակարգիչների վաճառքի դեմն առնելն իրենց խնդիրը չէ, դրանով պետք է զբաղվեն իրավապահները, իրենց գործը միայն զգուշացնելն է: Սակայն, եթե ընկերությունն արդեն մի քանի անգամ զգուշացումներ անի անլեգալ օգտագործողին եւ վերջինս չենթարկվի, ապա իրենք էլ կխառնվեն ու կդիմեն վերին ատյաններ: «Microsoft»-ի ներկայացուցիչը գտնում է, որ մեր երկրում հեղինակային իրավունքի պաշտպանությունը դեռ կայացած չէ ու եթե այդ խնդիրը լուծվի՝ շատ ընկերություններ կցանկանան այստեղ ներդրումներ կատարել:

Ներկայումս կատարվում է «Microsoft» ծրագրի հայկականացում, եւ այդ տարբերակն ավելի էժան կլինի, քան անգլերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել