Չմտածելով հետեւանքների մասին
Մեր խմբագրության էլեկտրոնային հասցեով «Սոֆենա» տուրիստական գործակալության գովազդն էր եկել, որում ասվում էր. «Դիմեք մեզ եւ ձեր հանգիստը կկազմակերպվի լավագույն պայմաններով եւ ամենամատչելի գներով: 4 օր, 3 գիշեր՝ սնունդ (3 անգամ), ճանապարհածախս, գիշերակաց, ուրախ ժամանց, ինտելեկտուալ խաղեր, դիսկոտեկ, անակնկալներ: Մեկ օրը՝ 4500 դրամ»: Գործակալությունը, իրոք, «անակնկալներ» մատուցեց եւ ստիպեց ինտելեկտ կիրառել, երբ որոշեցինք օգտվել նրա ծառայություններից:
Մենք ուզում էինք երկօրյա ուղեգիր գնել։ Սկզբից կարծես ամեն ինչ կարգին էր, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ տեղում պայմաններին մանրամասն ծանոթանալիս եւ վճարելիս կազմակերպության մենեջեր Լիանա Հակոբյանը Ծաղկաձորում էր գտնվում եւ այնտեղից հրահանգներ էր տալիս մի երիտասարդի, որի հետ էլ կատարվեց գործարքը: Երկօրյա ուղեգրի համար գանձվեց 28 հազար դրամ, եւ մեզ տեղեկացրին, որ հանգրվանելու ենք «Զվարթնոց» հանգստյան տանը, իսկ տեղ հասցնելն ու ետ բերելը ընկերությունն իր վրա է վերցնում: Փետրվարի 3-ին արդեն Ծաղկաձոր մեկնելու նպատակով եկանք ընկերության գրասենյակ եւ տեղեկացանք, որ Ծաղկաձոր ենք գնալու ոչ թե ֆիրմայի փոխադրամիջոցով, այլ՝ ոմն Վարդանի «BMW»-ով: Վարդանը մեզ բացատրեց, որ ինքը գործակալության աշխատակից չէ, ուղղակի գնում էր Ծաղկաձոր եւ Լիանան իրեն խնդրել է մեզ էլ տեղ հասցնել: Ծաղկաձորի «Զվարթնոց» հանգստյան տան մոտ մեզ դիմավորեց Արթուր անունով մի երիտասարդ, որն առանց բացատրություն տալու ուղեկցեց մեզ «Սատի» հանգստյան տուն: Որպեսզի պարզենք, ինչ է կատարվում, զանգահարեցինք Լիանային: Նա հորդորեց մնալ հենց այդ հանգստյան տանը, ասելով, որ «Սատին» ոչնչով չի զիջում «Զվարթնոցին». «Գնացե՛ք, տեսե՛ք, համոզվեք, նոր՝ կռիվ արեք»: «Սատին» բավականին հարմարավետ հանգստյան տուն էր, սակայն, ի տարբերություն «Զվարթնոցի», չուներ լողավազան: Դրան էլ բացատրություն գտնվեց. Արթուրին թվաց, թե մենք կյանքում առաջին անգամ ենք հայտնվել Ծաղկաձորում եւ ասաց. «Ես կգամ, ձեզ կտանեմ ուրիշ պանսիոնատի բասեին, չկարծեք, թե ուրիշ տեղ բասեինը նույն շենքում, մոտիկ ա գտնվում»: Դա նրա վերջին խոսքերն էին, Արթուրը գնաց ու կորավ, եւ հետո մենք նրան պատահաբար մի քանի անգամ հանդիպեցինք Ծաղկաձորի տարբեր մասերում, եւ նա, բնականաբար, մեզ չճանաչելով, շրջում էր Համլետի հոր ուրվականի պես:
Հաջորդ օրը կեսօրին, երբ այցելեցինք ճաշարան՝ հանգստյան տան տնօրենը մեզ «ուրախ» լուր հայտնեց, թե մենք կարող ենք կիսով չափ սնվել, քանի որ վճարել ենք միայն մեկ օրվա՝ 24 ժամվա համար: Ստիպված էինք նորից զանգահարել Լ. Հակոբյանին, սրան էլ ի պատասխան՝ «Սոֆենա» ընկերության մենեջերը մեզ հանգստացրեց, ասելով, որ ինքը կզանգահարի եւ կխոսի տնօրինության հետ։ Արդյունքում պարզվում է, որ հանգստյան տան ադմինիստրացիային վճարվել է երկու օր եւ մեկ գիշերվա համար, իսկ իրականում ուղեգիրն այնտեղ արժե 9 հազար դրամ, այլ ոչ թե՝ 7: Փորձեցինք Լիանային հիշեցնել, որ օրը 24 ժամից է բաղկացած: Ապարդյուն՝ նա պնդում էր, որ մենք պայմանավորվել ենք երկու օր, մեկ գիշերվա համար, չնայած այդպիսի պայմանավորվածություն չի եղել:
Այսքանն էլ բավական չէր. նույն երկրորդ օրն առաջ եկավ խոստացած ինտելեկտուալ խաղը՝ պետք էր գուշակել ճիշտ տարբերակը: Ընկերության մենեջերը զանգահարեց մեզ եւ առաջարկեց մայրաքաղաք գնալ ժամը 14։00-ին: Երբ հրաժարվեցինք, քանի որ այդ ժամին լրանում էր միայն առաջին օրը, առաջադրվեց «Բ» տարբերակը. ժամը 17-ին պետք է հասնենք Ծաղկաձորի կենտրոնական հրապարակից Երեւան շարժվող ավտոբուսին, որը «Սատիից» մոտ 10-15 րոպե ոտքով քայլելու ճանապարհ է. «Ես կզգուշացնեմ ավտոբուսի վարորդին, որ դուք գումար չեք վճարելու»:
Մայրաքաղաք հասանք սեփական միջոցներով:
Հ. Գ. Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, խմբագրություն զանգահարեց Հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության նախագահ Ջիվան Հակոբյանը («Սոֆենան» գործում է նրանց ենթակայությամբ) եւ ասաց, որ «Սոֆենան» երիտասարդ կազմակերպություն է, որ երիտասարդ աշխատակիցներին չկոտրենք եւ չհիասթափեցնենք նման հրապարկումով եւ ըմբռնումով մոտենանք «նրանց քրտնաջան աշխատանքին, երիտասարդները հաճախ չեն մտածում հետեւանքների մասին»: Նկատենք, որ մենք էլ ենք երիտասարդ, սակայն ամենայն լրջությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին: