Լրահոս
Օրվա լրահոսը

Իբր բիզնեսով չեն զբաղվում

Փետրվար 07,2007 00:00

Միայն «խորհուրդ են տալիս»

Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված ՀՀ խորհրդարանի երկու պատգամավորներ՝ «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանն ու «Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը, որոնք քննարկում էին հայկական գինեգործության ոլորտին առնչվող հարցեր, այնուամենայնիվ, ստիպված եղան խոսել նաեւ քաղաքականության եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Ու քանի որ գործող Սահմանադրության հոդված 65-ում ասված է՝ «պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում,  կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից», ապա լրագրողներին նախ հետաքրքրեց, թե, մասնավորապես, Մ. Ղազարյանն ապագայի ի՞նչ ծրագրեր ունի եւ արդյոք առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով: Պարզվեց՝ առաջադրելու է. «Անկեղծ լինենք. որքան էլ Սահմանադրությունն արգելի, բայց մարդիկ, ուզեն թե չուզեն, ինչ-որ բանով զբաղվում են, թեկուզ խորհուրդ տալով: Ճիշտ է, հիմա իրավունք չունենք նույնիսկ խորհուրդ էլ տալ, բայց ո՞նց կարող է ընտանիքում մեկը մյուսին խորհուրդ չտա»,- նկատի ունենալով իր՝ «Վեդի Ալկոյում» խորհրդի նախագահ լինելը, անկեղծացավ պարոն Ղազարյանը: «Միայն մանկավարժները կարող են»,- հնչած այս ռեպլիկին ի պատասխան՝ Մ. Ղազարյանն էլ արձագանքեց, թե՝ «որպես մանկավարժ խորհուրդ կտանք», ու հավելեց, թե ինքը այդ իմաստով Սահմանադրության հետ խնդիրներ չունի: «Առաջ թույլատրվում էր խորհրդի նախագահ լինել, հիմա խորհրդի նախագահ էլ չենք լինելու»,- արձանագրեց պարոն Ղազարյանը՝ չմոռանալով շեշտել, որ իր ընկերությունն ընտանեկան բիզնես է:

Վ. Բաղդասարյանը բարձրացված հարցը «լուրջ» համարեց ու օրենսդրության մշակման արդյունավետության տեսանկյունից կարեւորելով «ԱԺ-ում պրակտիկ փորձ ունեցող մարդկանց անհրաժեշտությունը»՝ միաժամանակ նկատեց. «Բայց դա չի նշանակում, որ ցանկացած գործարար՝ քաղաքական այբուբենը չիմացող, պետք է օգտվի այդ առիթից եւ ներմուծվի քաղաքական դաշտ եւ պառլամենտ: Ինձ թվում է, որ խորհրդարանում ցանկացած ոլորտի բանիմաց մարդիկ պետք են, որոնք գիտեն՝ ուր են գնում, ինչի համար են գնում եւ ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության խորհրդարան»: Նրա մեկ այլ դիտարկումը, թե՝ «մեր երկրում միշտ սովոր են, որ երեք ամսում ստեղծեն կուսակցություններ եւ անպայման պառլամենտ գան», մինչդեռ «ժողովուրդը պետք է տա կուսակցությունների գաղափարական, ոչ թե ֆինանսական գնահատականը, որ նրանք կարողանան մտնել քաղաքական դաշտ»՝ լրագրողները հասկացան իբրեւ «Բարգավաճ Հայաստանին» ուղղված ակնարկ: Բայց նա անգամ լրագրողների համառ պնդումներից հետո այդպես էլ չմասնավորեցրեց, թե հատկապես ում նկատի ունի: Փոխարենն անդրադառնալով առաջիկա ընտրություններին իր մասնակցությանը վերաբերող հարցին՝ Վ. Բաղդասարյանն ասաց, թե ինքը որեւէ կուսակցության համամասնական ցուցակում չի ընդգրկվելու, այլ ընտրություններին մասնակցելու է մեծամասնական ընտրակարգով՝ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում՝ որպես անկուսակցական, մինչդեռ հայտնի է, որ նա դեռ անցյալ տարի զբաղված էր կուսակցաշինությամբ եւ այդպես էլ չկայացած «Միավորում՝ հանուն Հայաստանի» կուսակցության հիմնադիր անդամներից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել