Այստեղ քչերն են անդրադառնում քննարկվող կարեւորագույն օրենքներին, շատերը՝ սպասվող ընտրություններին
Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին» օրինագիծը, որի ընդունումը թելադրված է սահմանադրական փոփոխություններով: Ինչպես այս, այնպես էլ հետագա քննարկումներին նիստերի դահլիճում ներկա էին առավելագույնը 10 պատգամավորներ, որոնց կեսը ՄԱԿ խմբակցությունից էին: Եվ հենց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն էլ հայտնաբերեց այս օրենքի «ստորջրյա հոսանքները», այն է՝ կառավարությունը օրենքի նախագծի տեքստից հանել է այն նախադասությունը, ըստ որի՝ կառավարության անդամ չի կարող լինել այլ պետության քաղաքացին: «Ինձ համար շատ սկզբունքային հարց է՝ արդյոք ՀՀ նախարար կարո՞ղ է լինել մարդ, որը նաեւ հանդիսանում է այլ երկրի քաղաքացի: Ինձ համար սա անընդունելի է»,- հայտարարեց պրն Արսենյանը: Ըստ նրա՝ այս նախագծով շրջանցվել է նաեւ կառավարության ձեւավորման՝ Սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմը: Որոշակիացնենք. ըստ նախագծի՝ «Կառավարությունը կազմավորում է ՀՀ նախագահը՝ կառավարության հրաժարականի դեպքում՝ վարչապետ նշանակելուց հետո 20-oրյա ժամկետում»: Մինչդեռ սահմանադրական փոփոխություններով՝ նախագահն ԱԺ-ում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա է վարչապետ նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:
Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ հայտարարեց, թե շատ անփույթ վերաբերմունք է դրսեւորվել օրենքի նախագծի նկատմամբ: Նաեւ նշեց, թե կարդալով այս օրինագիծը՝ կարելի է տպավորություն ստանալ, որ Սահմանադրությունը ոչ թե բարելավվել է, այլ ընդհակառակը: Ըստ Տիգրան Թորոսյանի, այնուամենայնիվ՝ այս օրինագիծը մերժելու դեպքում խնդիրներ կառաջանան խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն ձեւավորելիս, ուստի հարկ է առաջին ընթերցմամբ ընդունել «բազմաթիվ թերություններ ունեցող այս նախագիծը» եւ հիմնովին լրամշակել մինչեւ 2-րդ ընթերցում:
ԱԺ-ն երեկ նաեւ քննարկեց երկու կարեւորագույն նախագծեր՝ «ՀՀ դատական օրենսգիրքը» եւ «Դատախազության մասին» օրենքը, որոնք մաս են կազմում դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլին: Սակայն այս օրինագծերի քննարկումներն էլ էին անցնում գրեթե դատարկ դահլիճում: Փոխարենը խորհրդարանը բազմամարդ դարձավ, երբ հասավ հայտարարությունների ժամը: 25 պատգամավորներ օգտվեցին ԱԺ ամբիոնից՝ անվճար եթերով ընտրողներին ուղերձ հղելու հնարավորությունից:
Եվ հայտարարությունների մեծ մասը կարելի էր բաժանել 2 խմբի. իշխանամետները վստահեցնում էին, թե ազնիվ են արդար ընտրություններ անցկացնելու իրենց մտադրությունները, իսկ ընդդիմադիրներն էլ, Ստանիսլավսկու հանգույն, գոչում էին՝ չե՛նք հավատում: «Էդ իշխանավորները ե՞րբ չեն ասել, թե ազնիվ ու արդար ընտրություն է լինելու, բայց միշտ էլ կեղծել են»,- նկատեց «Ազգային միաբանության» անդամ Գագիկ Կոստանդյանը:
Իսկ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց. «Զավեշտն այն է, որ այսօր ազատ ու արդար ընտրությունների մասին խոսում են նաեւ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ անձինք, որոնց հակացուցված է խոսել ազատ ու արդար ընտրության մասին, քանի որ այդպիսի ընտրությունների անցկացման պարագայում նրանք կարող են հայտնվել, օրինակ, Նուբարաշենի մեկուսարանում»: Նրան հակադարձեց ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ թե բոլորն էլ իրավունք ունեն խոսելու, քանի որ Սահմանադրությամբ երաշխավորված է խոսքի ազատությունը. «Իսկ եթե իրականում վստահ եք, որ իշխանություններն իրավունք չունեն խոսել այդպիսի ընտրությունների մասին, ապա ինչո՞ւ եք նյարդայնանում, ջղաձգվում, վատ զգում: Թող խոսեն իշխանությունները, եւ ժողովուրդը (եթե դուք ճիշտ եք) կտեսնի խոսքի եւ գործի մեջ հսկայական մի տարբերություն եւ բնականաբար՝ էլ ավելի չի հավատա իշխանություններին»:
«Ազգային միաբանության» անդամ Աղասի Արշակյանը հայտարարեց. «Եթե թույլ տանք՝ իհարկե, կկեղծեն: Հո իդիոտ չե՞ն»: Նրան էլ հակադարձեց ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը. «Իդիոտիզմ է մի կողմից ասելը, թե թույլ չեն տա, որ կեղծվեն ընտրությունները, մյուս կողմից էլ ասելը, թե ընտրությունները կեղծվելու են»:
Երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ըստ որի՝ ինքն առաջին անգամ էր «օգտվում այդ ինստիտուտից»: Իր այս բեմելի ընթացքում նա ազդարարեց, թե վերջին ամիսներին «բավականին շատ են հայհոյանքները, ուղղվածությունները, անձերին անվանարկելը»: Գալուստ Սահակյանը զգուշացրեց. «Եթե հայհոյում են՝ բնական է, բռունցքները գնալով ավելանում են: Յուրաքանչյուր հայհոյանքի վերջը բռունցքն է: Կսպասենք մի քիչ էլ, բայց ոչ ամբողջապես: Քարոզարշավի ժամանակ կպատասխանենք, իսկ պատասխանը շատ ուժգին է լինելու»: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը սրան ի պատասխան նկատեց. «Տղերք ջան, մեր վախը շա՜տ վաղուց չափել են: Եվ որեւէ խնդիր չունենք»: