Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԿԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՎԻ՞ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Փետրվար 07,2007 00:00

\"\"Իշխանական կուսակցություններում երիտասարդներն ավելի շատ են

«Ընտրական օրենսգիրքը» պահանջում է, որ կուսակցությունների ցուցակում յուրաքանչյուր 10-րդը կին լինի, բայց նույն օրենքում ոչինչ չի ասվում ցուցակների երիտասարդացման մասին: Բոլոր կուսակցությունները ունեն երիտասարդական թեւեր, ոմանց մոտ այդ «թեւերը» զուտ ձեւական բնույթ են կրում, ուրիշները բավականին ակտիվ աշխատեցնում են երիտասարդներին, հատկապես՝ նախընտրական շրջանում: Սակայն ոչ բոլոր կուսակցություններն են, որ սիրով առաջ են մղում իրենց երիտասարդներին: Համամասնական ցուցակներում անցողիկ տեղերի համար «կենաց եւ մահու» կռիվներ են մղվում, եւ ջահելների մասին մտածելու հնարավորություն չկա: Բա որ երիտասարդներին առաջ մղեն, «ստարիկներից» ինչպե՞ս «մուծումներ» ստանան:

Գուցե զարմանալի թվա, բայց «երիտասարդանալու» ցանկություն ունեցող կուսակցությունների ցանկում ավելի շատ են հատկապես իշխանական կուսակցությունները, իսկ ընդդիմադիրներն այդ իմաստով եւս պասիվ են:

Ժամանակին (1999-ին) հենց ՀՀԿ-ն էր, որ հայ հասարակության համար բացահայտեց Վազգեն Խաչիկյանի, Մանվել Բադալյանի եւ Արտակ Գրիգորյանի կերպարները, որոնք տարբեր աստիճանի հաջողությամբ դրսեւորվեցին օրենսդիր մարմնում, այժմ՝ գործադիրի տարբեր օղակներում: Նույն այս երիտասարդները ժամանակին լավ էլ կռիվ էին տալիս իրենց կուսակցության համար. ո՞վ է մոռացել Վազգեն Խաչիկյան-Հմայակ Հովհաննիսյան լեզվակռիվները: Այժմ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանի տիկինը եւս գործադիրում պաշտոն ստացավ որպես երիտասարդ հանրապետական: Էստաֆետը Խաչիկյանից վերցրեց եւ 2003-ից մինչ այսօր երիտասարդ քաղաքական գործիչների «հիթ-շքերթը» գլխավորում է հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Կուսակցության երիտասարդական թեւն այժմ ակտիվորեն ղեկավարում է երիտասարդ ՀՀԿ-ական, մասնագիտությամբ՝ բժիշկ, գիտությունների թեկնածու Կարեն Ավագյանը, ով այս պահին նաեւ վարչապետի օգնականն է: Այդ կարգավիճակը, որը իր նախորդների համար ժամանակին հարմար «տրամպլին» է հանդիսացել, կարող է Կարեն Ավագյանի դեպքում եւս քաղաքական նոր դերակատարությունների հարմար սկզբնակետ դառնալ:

2007-ի ընտրություններին ՀՀԿ-ի երիտասարդական հնարավոր ներկայացուցիչներից է նաեւ Արտակ Զաքարյանը, ով նախկինում ղեկավարել է ՀՀԿ լրատվական ծառայությունը, այժմ էլ զբաղված է կուսակցական աշխատանքով: ՀՀԿ լրատվական ծառայության ղեկավար եւ վարչապետի օգնական Էդուարդ Շարմազանովը եւս հնարավորություն ունի պատգամավոր դառնալու:

Մամուլից հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստանը» նույնպես ունի երիտասարդական կազմակերպություն, որի ղեկավար Վահե Էյֆիաջյանը ընդգրկված է «Բարգավաճի» քաղխորհրդի կազմում: Վահե Էյֆիաջյանը ժամանակին բավականին ակտիվ զբաղվում էր «բազեական» գործունեությամբ: Ամենայն հավանականությամբ, ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակի անցողիկ տեղերում:

ՀՅԴ-ի երիտասարդական թեւից դեռ կարծես ոչ ոք պատգամավորական մանդատ չի ստացել, բայց չի բացառվում, որ ինչ-որ պահի դա տեղի ունենա: Դե, այս կուսակցությունը ամենից ծերն է, եւ երեւի դա է պատճառը, որ այստեղ «մարտի են գնում միայն ծերերը»: Թեպետ այս կառույցը եւս ունի երիտասարդական թեւ՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որի նախկին ղեկավար Իշխան Սաղաթելյանն այժմ ԳՄ անդամ է դարձել: Այդ միության անդամները բազմիցս այրել են Թուրքիայի դրոշը եւ ընդվզել են թուրքական ֆիլմերի ցուցադրման դեմ:

Անցնենք ընդդիմադիրներին: Այստեղ ամենից ակտիվը, նաեւ՝ երիտասարդների հարցում, ՕԵԿ-ն է: Վերջերս այս կուսակցության երիտասարդական թեւի համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրապարակավ հնչեցրեց համամասնական ցուցակում երիտասարդներ ներգրավելու իր մտադրության մասին: Հավանաբար, ՕԵԿ-ում պատգամավոր դառնալու ամենամեծ հավակնություններն ու հնարավորությունն ունի ՕԵԿ երիտասարդական թեւի ղեկավար Սամվել Ֆարմանյանը: Նա աշխատել է Սորոսի հիմնադրամում, Արթուր Բաղդասարյանի՝ ԱԺ նախագահության ընթացքում եղել է նրա օգնականը:

Մյուս ընդդիմադիր կուսակցություններից դժվար թե կարելի է ակնկալել նոր դեմքերի հայտնություն, քանի որ անգամ ընդդիմադիր տարեց գործիչները իրենց քաղաքական վերարտադրության խնդիրը լուծված չեն համարում: Այստեղ երեւի որոշ չափով բացառություն կարող է լինել «Ազգային միաբանության» երիտասարդական թեւի ղեկավար Վիլեն Արեւշատյանը, որի մասին հայտնի է, որ նա Կենտրոն համայնքի ավագանի է եւ «Նոյյան տապան» ռեստորանի սեփականատերը: Մնում է սպասել մինչեւ մարտի 3-ը (համամասնական ցուցակները ներկայացնելու վերջին ժամկետն է) եւ ակնկալել, որ մեր քաղաքական դաշտը կհամալրվի նոր մարդկանցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել