Պատերազմ՝ ֆուտբոլի պատճառո՞վ
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «A» խմբում ընդգրկված Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումների անցկացման վայրերի ընտրության հարցը վիճակահանության օրվանից մնում է անորոշ: Հայաստանը պնդում է, որպեսզի խաղերն անցկացվեն Բաքվում եւ Երեւանում, իսկ հակառակ կողմը՝ չեզոք դաշտում խաղալու կողմնակից է: Եվ քանի որ երկու երկրների ֆուտբոլային ղեկավարները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ եւ փոխզիջումային տարբերակներ գտնել, ըստ հավաստիացումների, խնդիրը կլուծվի այս ամսվա կեսերին՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստում: Թե վերջնական ի՞նչ որոշում կկայացնի ՈՒԵՖԱ-ն, հայտնի չէ: Այդ առումով հետաքրքիր են ադրբեջանական կողմի արձագանքները: «Day.Az»-ը, օրինակ, մեջբերում է երկրի ֆուտբոլային ասոցիացիաների միության գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովի հետեւյալ խոսքերը. «Եթե Պլատինին իր ստորագրությունը դնի հանդիպումները Բաքվում եւ Երեւանում անցկացնելու որոշման տակ, նա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը վերսկսելու մեղավորը կդառնա»: Նույն լրատվամիջոցը հրապարակել է նաեւ Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շահին Դինիեւի համոզմունքները. «Որպես Ադրբեջանի քաղաքացի՝ ես համաձայն չեմ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը Բաքվում անցկացնել: Ադրբեջանում ո՞վ կհամաձայնի հնչեցնել Հայաստանի օրհներգը, բարձրացնել դրոշը: Եթե մենք Հայաստանի հետ հանդիպենք Բաքվում, դա կնշանակի, որ մենք համակերպվել ենք Ղարաբաղի զավթման հետ»: Դինիեւը նաեւ չի հավատում, որ պատասխան խաղը կկայանա Երեւանում:
Նպատակակետը աշխարհի առաջնությունն է
«Հայաստան» մարզական միության Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի դահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ըստ քաշային կարգերի՝ հանրապետության 2007 թվականի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 55 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 60՝ Արտյոմ Նալբանդյան, 66՝ Ժիրայր Հովհաննիսյան, 74՝ Ռուսլան Կոկաեւ, 84՝ Վադիմ Լալիեւ, 96՝ Էդգար Ենոքյան, 120՝ Գեորգի Գալստյան:
Առաջնության արդյունքներով ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանն ընտրեց այն ըմբիշներին, ում ընդգրկելու է այս տարի կայանալիք պատասխանատու մրցաշարերին եւ սեպտեմբերի 17-23-ը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է օլիմպիական 10 ուղեգիր՝ կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքներում նախապատրաստվելու նպատակով: