Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՀԱՅԵՐԵՆԻՑ ՄԻ ՔԻՉ «ԿԱՂՈՒՄ» Է

Փետրվար 06,2007 00:00

\"\"Որովհետեւ ռուսական մանկապարտեզ է հաճախել

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց քննվել ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Երեկ նույնպես դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր տուժողի՝ Տիգրան Կարապետյանի երկրպագուներով, որոնք ռեպլիկներ էին անում Արմեն Մազմանյանի ու նրա պաշտպան Հայկ Ալումյանի հասցեին: Դատարան էր ներկայացել նաեւ Տիգրան Կարապետիչը: «Ես հրապարակային գործիչ եմ եւ ինձ համար կարեւոր է, որ իմ հասցեին նման բաներ չասեն»,- հայտարարեց նա՝ նկատի ունենալով «ԱրմենԱկոբով» իր հասցեին հնչած արտահայտությունները: Արմեն Մազմանյանի պաշտպան Հայկ Ալումյանը «հրապարակային գործչից» հետաքրքրվեց. «Ձեզ հայերենում գրագետ համարո՞ւմ եք» (Կարապետիչը գործին վերաբերող մի փաստաթղթում մեկ նախադասության մեջ բազմաթիվ ուղղագրական եւ կետադրական սխալներ էր թույլ տվել): Տուժողի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանը առարկեց, ասելով, որ հարցը մեղադրանքի էության հետ կապ չունի: «ԱԼՄ» հոլդինգի նախագահը դժկամությամբ ասաց, որ ունի ռուսական կրթություն. «Ընդհուպ ռուսական մանկապարտեզ եմ հաճախել, հայերեն բանավոր խոսքում լավ եմ, գրավորում կաղում եմ: Բայց անգրագետ չեմ, որովհետեւ պատշաճ կրթություն ունեմ»: Ա. Մազմանյանի պաշտպանի հաջորդ հարցը՝ որտե՞ղ է տուժողը միջնակարգ եւ բարձրագույն կրթություն ստացել, վերջինիս ակնհայտորեն դուր չեկավ: Բայց երբ նախագահողն ասաց, որ նա պարտավոր է պատասխանել հարցերին, Կարապետիչը ասաց. «Ենթադրենք միջնակարգը՝ Երեւանում, բարձրագույնը՝ Վանաձորում»: Նկատենք, որ Հ. Ալումյանի՝ Տ. Կարապետյանին ուղղված հարցերի մեծամասնության դեմ (գրպանագողության, Կարապետիչի՝ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու եւ այլնի մասին) տուժողի ներկայացուցիչ Էդ. Չինարյանն առարկում էր, իսկ դատարանի որոշմամբ դրանք հանվում էին:

Ա. Մազմանյանի պաշտպան Հ. Ալումյանն էլ իր հերթին առարկեց նախագահողի գործողությունների դեմ, ասելով, որ Մազմանյանը մեղադրվում է տուժողի հասցեին «կիսագրագետ» արտահայտություն անելու համար, իսկ ինքն ուզում է ճշտել՝ Տ. Կարապետյանն իրեն հայերենում գրագետ համարո՞ւմ է, թե՞ ոչ. «Այդպիսով կպարզվի՝ կիսագրագետ արտահայտությունը պե՞տք է դիտել վիրավորանք, թե՞ ոչ»: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ռեժիսոր Արմեն Մազմանյանը: «Ձեր գործողություններով դուք զրկում եք ինձ իմ անմեղությունն ապացուցելու հնարավորությունից… Ես երեւույթի գնահատականն եմ տվել, որից չեմ հրաժարվում, բայց չեմ վիրավորել: Եթե 2 ինստիտուտ ավարտած մարդը մեկ նախադասության մեջ 5 սխալ է անում, ուրեմն կրթական էքսպերտներ հրավիրեք, թող տան համապատասխան եզրակացություն, որ Տիգրան Կարապետյանը կիսագրագետ չէ»,- ասաց նա:

Հ. Ալումյանը Տ. Կարապետյանին հարցրեց՝ եղե՞լ է դեպք, որ «ԱԼՄ»-ի եթերում անդրադառնա Ա. Մազմանյանի անձին: Կարապետիչը բացասական պատասխան տվեց: Մինչդեռ ռեժիսորը պնդեց, որ քանիցս «Մազ ա՜, բուրդ ա՜, ինչ ա՜» եւ նման այլ արտահայտություններ է Կարապետիչը թույլ տվել: «ԱԼՄ»-ի եթերից բազմիցս վիրավորվել է իմ անձը, ուստի պահանջում եմ, որ ուսումնասիրվի այդ հեռուստաընկերության վերջին 2 տարիների նյութը, որից հետո ինձ բնորոշեն վիրավորող»,- զայրացավ ռեժիսորը: Ա. Մազմանյանին կտրուկ հայտարարությունների համար նախագահողը արգելեց արտահայտվել, հետո էլ դատարանից դուրս հրավիրեց: Ա. Մազմանյանը հայտարարեց, որ մինչեւ մարդու իրավուքների Եվրոպական դատարան է բողոքելու եւ՝ հեռացավ: Նրա հետեւից Կարապետիչի երկրպագուները լուտանքների տարափ տեղացին, իսկ սրածայր կոշիկներով մի տիկին բացականչեց. «Չեն էլ ամաչում, Տիգրան Կարապետյանը սաղ երկիրը պահում ա, դրա համար էլ նախանձից էս օրն են քցել»:

Հ. Ալումյանը տուժողից հետաքրքրվեց, որ ինտերնետային կայքերից մեկում եղած մի տեղեկատվության համաձայն, վերջինս ԱԺ պատգամավորներից մեկին անվանել է գրպանագող. «Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Եթե այո, եւ Տիգրան Կարապետյանը դրա մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, ուրեմն իր հասցեին Մազմանյանի կողմից արվածն էլ պիտի վիրավորական չդիտել»: Ինչպես եւ սպասվում էր, նախագահողն այս հարցն էլ հանեց: Անդրադարձ եղավ նաեւ ՌԴ-ում Տիգրան Կարապետյանի դատված չլինելու մասին ինֆորմացիային, որ ստացվել էր ՌԴ ՆԳՆ ինֆորմացիոն կենտրոնից: Հ. Ալումյանը պահանջեց վերոնշյալ տեղեկանքի հիմքերը, սակայն նույն պահին էլ մերժվեց, որովհետեւ նախագահողը հավաստիացրեց, թե այն պատշաճ կարգով է ստացվել: Ա. Մազմանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանի գործողությունները որակեց միակողմանի մոտեցման արդյունք եւ նշեց, որ պատրաստվում է բացարկ հայտնել: Նրա տպավորությամբ նախագահողն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է տվյալ գործով՝ հօգուտ Կարապետիչի:

Հայտարարված ընդմիջումից հետո մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով, իսկ պաշտպանական կողմը միջնորդությամբ 2 օր ժամանակ խնդրեց ճառին նախապատրաստվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել