Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Արմինե Վարդանյանը տեղյակ չէ դպրոցների կուսակցականացված տնօրենների մասին:
Նախընտրական շրջանում դպրոցներն ամենաշատն են հարվածի տակ ընկնում: Դրա համար էլ նրանց տնօրեններին «սանձելու» հազար ու մի ձեւ է մտածվում: Օրինակ, այս տարվա սկզբից վերջիններիս հետ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը պայմանագիր է կնքել մինչեւ 2009թ.: Առաջին հայացքից անօրեն ոչինչ չկա՝ այն բխում է օրենքի տառից: Մյուս կողմից, դպրոցների համատարած «հանրապետականացման» ու «բարգավաճման» պայմաններում տնօրենների հետ կնքված պայմանագիրը կարող է նրանց քաղաքական կողմնորոշման վրա համապատասխան ազդեցություն ունենալ (չմոռանանք, որ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը ՀՀԿ անդամ է): Իսկ ընտրությունների ժամանակ իրենց վատ պահած տնօրենների պայմանագրերը կարող են նաեւ չերկարացվել: Այսինքն, տնօրեններից ոմանք կարող են 2007-2009 թթ. ընկած կարճ ժամանակահատվածը ծառայեցնել հօգուտ իրենց նյութականի: Քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանը, սակայն, պայմանագրերի մեջ վատ բան չի տեսնում. «Այդ ժամկետը լրանալուց հետո ՊՈԱԿ տնօրենը ենթակա է լինելու ատեստավորման: Ատեստավորվելիս նրանք, ի տարբերություն ինձ, որ քաղծառայողի մրցույթով եմ անցել, իրենց հետ մենակ են լինելու: Ի՞նչ կա որ, թող ատեստավորվեն»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հաճախականությամբ է կրթության վարչությունն ուսումնասիրություններ կատարում դպրոցներում:
Նկատենք, որ «ոչ ցանկալի» տնօրեններն ամեն պահի կարող են արժանանալ վերջինիս «ստուգումներին»: Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ աշխատանքային պլանով նախատեսված են համակողմանի, ներդպրոցական ուսումնասիրություններ, մեկօրյա այցեր: «Այնպես ենք անում, որ ամեն տարի ամեն համայնքից դպրոցներ ընդգրկվեն: Եթե բողոք կամ ահազանգ չկա, նույնիսկ վիճակահանությամբ է որոշվում՝ որ դպրոց այցելել: Աշխատանքային պլանով թիվը չենք նշում, թե քանի համակողմանի ուսումնասիրություն է եղել, որովհետեւ հնարավոր է ընթացքում ավելի շատ աշխատանք արված լինի, քան թե պտիչկայի համար նշված լինի՝ քանի ուսումնասիրություն է կատարվել»,- նշեց վարչության պետի տեղակալը: Իսկ կա՞ն դպրոցներ, ուր ընդհանրապես չեն այցելում, հազվադեպ են «ստուգումներ» կատարվում, կամ դպրոցներ, ուր ավելի հաճախ են «հյուրընկալվում»: Օրինակ, անցյալ տարի եղե՞լ են թիվ 44 դպրոցում, որի տնօրենը փոխքաղաքապետ Կամո Արեյանի բարեկամուհին է, կամ, ասենք, Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցում, որի տնօրենն էլ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն է: «Այնպիսի դպրոց չկա, որ տարվա մեջ տեսուչը 4-5 անգամ այցելած չլինի: Իսկ եթե բողոք-դիմումներ են եղել, ինչպես, օրինակ, Մուշեղ Իշխանի անվան դպրոցում, ապա այս պարագայում ոչ միայն վարչության, այլեւ ԿԳ նախարարության եւ նախագահի վերահսկողականի կողմից են ուսումնասիրություններ կատարվել: 121 դպրոցի տնօրենի մասին էլ բողոքներ ունեինք, քննարկեցինք իրավիճակը, մարդը գտավ, որ առողջականը չի ներում, դիմումի համաձայն ազատվեց»,- ավելացրեց տիկ. Վարդանյանը: Ինչ վերաբերում է Հրանտ Մաթեւոսյանի անվան եւ թիվ 44 դպրոցներին, ապա, Ա. Վարդանյանի խոսքով. «Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցում, տարին չեմ հիշում, բայց եղել են մեկօրյա այցեր… այնտեղ էլ, 44-ում էլ»: Անդրադարձ եղավ նաեւ դպրոցներում պաշտոնական ձեւաթղթերի (աշակերտի անձնական գործ, մատյաններ, այլեւայլ փաստաթղթեր) «առքուվաճառքին»: Պետի տեղակալն ասաց, որ դրանցով Կրթության ազգային ինստիտուտն է զբաղվում, իսկ վարչության աշխատակիցները ընդամենը հանձնարարական են տալիս, որ դրանք «իջեցվեն» ու տեղայնացվեն: Նա խոստացավ հետաքրքրվել՝ արդյոք այդ առիթով սպեկուլյացիոն երեւույթներ եղե՞լ են այս կամ այն դպրոցում: Նշենք, որ խմբագրությունը դպրոցներից բազմիցս բողոքներ է ստանում, թե ձեւաթղթերը վերավաճառում են իրենց վրա: Հասկանալի պատճառով անուններ չենք հրապարակում:
Վերադառնալով դպրոցների տնօրենների կուսակցականացվելուն, տիկ. Վարդանյանն ասաց. «Կուզենայի, որ դպրոցները հեռու մնային քաղաքականությունից, իսկ տնօրենները զբաղվեին միայն երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ: Ասում են, որ կուսակցական տնօրեններ կան, ճիշտն ասած՝ այդ թեման ինձ քիչ է հուզում, եւ հետո այդքան էլ չեմ տիրապետում այդ ինֆորմացիային: Տնօրեններին խորհրդակցություններից հետո մեր վարչության պետը մշտապես կոչ է անում հեռու մնալ նման քայլերից»: Ինչ վերաբերում է խմբագրության ստացած ահազանգերին, թե Էրեբունի համայնքի տեսուչ Սամսոն Շաշիկյանը դպրոցի տնօրենների շրջանում ՀՀԿ-ի ընդհատակյա լոբբինգով է զբաղում, այս առիթով էլ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալը պատասխանեց. «Չեմ տիրապետում նման ինֆորմացիայի: Շաշիկյանից նման բան չեմ սպասում»: