Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի նոր կանխատեսումները

Փետրվար 06,2007 00:00

\"\"Ըստ նրա, գնաճը մեր երկրում 4 տոկոս է կազմելու

2007-ին Հայաստանի տնտեսությունում մասնավոր դրամական փոխանցումների (տրանսֆերտների) ծավալը կավելանա 15-20%-ով: Երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի կանխատեսում է արել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Սա նշանակում է, որ դոլարի կուրսը շարունակելու է իջնել: Նախորդ տարվա մայիսից դոլարի կուրսի իջեցումը ԿԲ-ն դարձյալ պայմանավորում էր տրանսֆերտների աճով: 2007-ին Հայաստան մտնող տրանսֆերտների աճը Տ. Սարգսյանը բացատրում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տնտեսական աճով: ԿԲ նախագահը կանխատեսում է, որ այդ երկրներում գնաճը ցածր կլինի, բնակչության եկամուտները կաճեն, ու քանի որ հիմնականում հենց այդ երկրներից են դրամական փոխանցումներ լինում Հայաստան, դա անդրադառնալու է նաեւ մեր տնտեսության վրա: Միաժամանակ, ըստ գլխավոր բանկիրի, ընթացիկ տարում մասնավոր փոխանցումների ծավալը կախված կլինի նաեւ Իրանից, Լիբանանից եւ Սիրիայից կատարվող փոխանցումների ծավալներից:

Տիգրան Սարգսյանը նաեւ կանխատեսեց, որ գնաճը մեր երկրում կկազմի 4 տոկոս: Հիշեցնենք, որ 2006-ին գնաճը 5.2 տոկոս է կազմել, իսկ ԿԲ-ն տարեսկզբին կանխատեսել էր ընդամենը 3 տոկոս: Ընդ որում, այդ 5.2 տոկոս գնաճի ցուցանիշը պաշտոնական է, իրականում, ըստ որոշ մասնագետների, գնաճն ավելի մեծ էր: Տ. Սարգսյանի ներկայացմամբ՝ առաջիկա 3 տարիների համար բանկը ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները հստակեցրել է: Ըստ այդմ, 2007-ի 4 տոկոս գնաճի պարագայում հաջորդ տարիներին աստիճանաբար գնաճը նվազելու է՝ մինչեւ 3 տոկոսի սահմանը: Բայց եթե նույնիսկ լինեն «ֆորս-մաժորային» իրավիճակներ եւ գները հանկարծ բարձրանան, Կենտրոնական բանկը գտնում է, որ «գնաճի զսպման մեծ ճնշումներ նպատակահարմար չէ կիրառել»:

Ասուլիսում Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այս տարի Կենտրոնական բանկն այնպիսի քաղաքականություն է պատրաստվում կիրառել, որ Հայաստանի շարքային քաղաքացիները կարողանան վերահսկել բանկերի գործունեությունը, այդ թվում նաեւ՝ ԿԲ-ին: Հարցին, թե ինչո՞ւ Կենտրոնական բանկն առեւտրային բանկերում եւ փոխանակման կետերում դրամ-դոլարի վերջնական գին չի սահմանում, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ, իսկապես, իրենք լիազորություն ունեն նման միջամտություն անելու, սակայն առայժմ դրա կարիքը չեն զգում. «Եթե մի տեղ բարձր սակագին կիրառվի եւ այդ կետը գերիշխող դիրք ունենա, այդ ժամանակ սահմանափակումներ կկիրառենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել