Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԻ «ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ»

Փետրվար 06,2007 00:00

\"\"Տարօրինակ է, որ որոշ խոշոր հյուրանոցներ, ռեստորաններ, սուպերմարքեթներ ու տոնավաճառներ 300 խոշոր հարկատուների ցանկում չկան:

Հարկային պետական ծառայության՝ օրերս հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկում, ինչպես միշտ, «հանելուկներ» կան: Տնտեսությունը աճում է, զբոսաշրջությունը՝ նույնպես, բայց, չգիտես ինչու, հյուրանոցների բիզնեսն այդպես էլ չի բարգավաճում: Ներկայումս Հայաստանում գործող 63 հյուրանոց կա, որից 40-ը՝ մայրաքաղաքում: Միայն վերջին տարիներին 30 նոր հյուրանոց է մեր երկրում կառուցվել: Այդուհանդերձ, այդքան մեծ թվով հյուրանոցներից խոշոր հարկատուների ցանկում միայն երկուսն են՝ «Արմենիան» եւ «Երեւանը», այն էլ՝ շատ համեստ դիրքերում: Օրինակ՝ «Արմենիա» հյուրանոցը 93-րդ տեղում է եւ վճարել է 470 մլն դրամ, «Երեւան» հյուրանոցն ավելի հետ՝ 170-րդ տեղում է՝ վճարելով 268 մլն դրամ (հիմնականում անուղղակի հարկեր): Ընդ որում, նշենք, որ «Արմենիա» հյուրանոցային համալիրն օգտվում է շահութահարկի նվազեցման արտոնությունից՝ որպես օտարերկրյա ներդրումով ընկերություն: Սուրճի ներկրմամբ զբաղվող «Վալլետա», «Կաֆե դյու բրազիլ» ընկերություններն առանձին ավելի շատ հարկ են վճարել, քան այս երկու խոշոր հյուրանոցները միասին: Մյուս հյուրանոցներն ընդհանրապես ցանկում չկան: Օրինակ՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի բիզնեսն օր օրի ծաղկում է, այն առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից նույնիսկ վերջերս որակավորում է ստացել՝ «5 աստղ», բայց այնքան քիչ հարկ է վճարել, որ տարեկան կտրվածքով վճարած ամբողջ հարկային ու մաքսային տուրքերը միասին չեն անցնում 155 մլն դրամը: Նույնն էլ «Մետրոպոլի», «Կոնգրեսի» եւ մյուս հյուրանոցների դեպքում է. «4 աստղանի» «Մետրոպոլը» եւ «3 աստղանի» «Կոնգրեսը» պետբյուջե չնչին գումարներ են մուտքագրում:

Բացի հյուրանոցներից, խոշոր ռեստորաններն ու սուպերմարքեթները, որոնց օրական շրջանառությունը միլիոնների է հասնում, 300 հարկատուների ցանկում նույնպես չկան:

Հարկատուների ցանկում մշտապես հանելուկներ են մատուցում նաեւ տոնավաճառները: Չնայած տարեցտարի նորանոր տոնավաճառներ են բացվում, բայց խոշոր հարկատուների ցանկում ճիշտ հակառակն է: 2005-ին Հայաստանում գործող մոտ 80 տոնավաճառներից ցանկում գոնե 5-6-ն ընդգրկված էր, իսկ 2006-ի տվյալներով՝ արդեն խոշոր հարկատու տոնավաճառներն ավելանալու փոխարեն պակասել են: Ցանկում միայն Մալաթիայի տոնավաճառն է՝ «Ռաֆայել-Տաթեւը», «Հրազդան» մարզահամալիրի մոտ տեղակայված տոնավաճառը, «Տաշիրն» ու «Փեթակը», ընդ որում՝ բոլորն էլ ցածր հորիզոնականներում: «Սուրմալուն» 2005-ին խոշոր հարկատուների ցանկում էր՝ 163-րդ տեղում, իսկ 2006-ին արդեն ոչ միայն խոշոր հարկատու չէր, այլեւ մոտ 10 մլն դրամի հարկային պարտք ուներ չվճարած: Բոլոր տոնավաճառներից ամենաշատ հարկը վճարել է «Ռաֆայել-Տաթեւը»՝ մոտ 459 մլն դրամ (98-րդ տեղ): «Հրազդանը» 145-րդ տեղում է՝ 314 մլն դրամով, իսկ «Տաշիրն» ու «Փեթակն» առավել համեստ դիրքերում են եւ երկուսով մոտ 430 մլն են վճարել:

Այս տարի խոշոր հարկատուների ցանկում բուհերն էլ բավականին «խառը» դիրքերում են եւ պակաս հանելուկներ չեն մատուցում: Օրինակ՝ այս տարի միայն 4 բուհ է ընդգրկվել խոշոր հարկատուների ցանկում՝ Երեւանի պետական համալսարանը, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Խ. Աբովյանի անվան մանկավարժականը, Ամերիկյան եւ Պետական ճարտարագիտական համալսարանները: Նրանցից ամենաշատ հարկը վճարել է ԵՊՀ-ն, այն էլ՝ ընդամենը մոտ 399 մլն դրամ: 2005-ին ուսումնական հաստատություններից ամենախոշոր հարկատուն Բժշկական համալսարանն էր, բացի այդ, ցանկում Հրաչյա Աճառյանի, Բրյուսովի եւ Ռուս-հայկական սլավոնական համալսարաններն էլ էին տեղ գտել, իսկ 2006-ի տվյալներով՝ ոչ: Տարեցտարի խոշոր հարկատու համարվող Գյուղատնտեսական ակադեմիան եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանն էլ ցանկից դուրս մնացին: Ինչ վերաբերում է մասնավոր բուհերին, այնպիսի տպավորություն է, թե նրանք ընդհանրապես եկամուտ չեն ստանում, հազիվ իրենց գոյությունն են պահում եւ պետբյուջեին ոչ մի բանով չեն կարողանում օգտակար լինել: Մասնավոր ուսումնական հաստատությունները չկան նաեւ սոցիալական ապահովագրության գումար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում եւ, փաստորեն, ոչ աշխատողների մեծ քանակ են ցույց տալիս, ոչ էլ բարձր աշխատավարձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել