Փետրվարի 3-ին կայացավ ՍԻՄ 18-րդ արտահերթ համագումարը, որտեղ վերընտրվեց 17-րդ համագումարում ձեւավորված ՍԻՄ նախագահությունը:
«Ազդակ» ակումբի ոչ այնքան մեծ սրահում կայացած այս համագումարին, ըստ ՍԻՄ պատասխանատուների՝ մասնակցել են 47 պատվիրակներ եւ հյուրեր՝ ընդդիմադիր շուրջ 10 կուսակցությունների ներկայացուցիչներ, նաեւ լրագրողներ: Մեր հարցին, թե նախապես տարածքային կազմակերպություններում ժողովնե՞ր էին անցկացրել, եւ այդ պատվիրակներն ընտրվա՞ծ էին՝ հետեւեց պարզաբանում, թե դեռ 17-րդ համագումարում էին որոշում ընդունել փետրվարին համաժողով անցկացնելու վերաբերյալ, եւ 2006-ի դեկտեմբերից ընթանում էին նախապատրաստական աշխատանքներ: Իսկ վերաքննիչ դատարանի որոշումից հետո օրակարգում հավելեցին եւս մի հարց՝ ՍԻՄ նախագահության եւ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ: Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը հունվարի 31-ին չեղյալ հայտարարեց ՍԻՄ 17-րդ համաժողովում այդ մարմինների ընտրությունների արդյունքները: Իսկ 18-րդ համագումարում փոխեցին քվեարկության կարգը՝ ընտրեցին ոչ թե վարկանիշային քվեարկությամբ, այլ բացարձակ ընտրությամբ: «Քվեարկությանը մասնակցեց պատվիրակների 84%-ից ավելին,- երեկ ասուլիսում հայտնեց Հայկ Բաբուխանյանը:- Ընդ որում, նախագահության անդամները ստացել են 95% եւ ավելի ձայներ»:
Հրանտ Խաչատրյանը, Կարեն ու Սեդրակ Վարդանյանները եւ Հրայր Խաչատրյանը երեկ տարածել են մի հայտարարություն, որտեղ վիճարկում են անցկացված համագումարի օրինականությունը: Մասնավորապես նշված է. «ՍԻՄ արտահերթ համաժողով հրավիրելու բացառիկ իրավունքը, ըստ ՍԻՄ կանոնադրության 3.3 կետի, պատկանում է ՍԻՄ նախագահությանը, եւ վերջինս ոչ մի համաժողով դեռեւս չի հրավիրել»: Երեկ մեր խնդրանքով անդրադառնալով այս պնդմանը՝ Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց, որ ՍԻՄ կանոնադրության համաձայն՝ արտահերթ համագումարները հրավիրվում են կա՛մ նախագահության կողմից, կա՛մ մարզային բաժանմունքների 1/3-ի պահանջով, կա՛մ ՍԻՄ անդամների 1/3-ի պահանջով, «կա՛մ էլ՝ ամեն ինչի իրավունք ունեցող համագումարի կողմից»: 18-րդ համաժողովը, ըստ նրա՝ հրավիրվել էր ոչ միայն 17-րդի որոշմամբ, այլ նաեւ մարզային 4 կառույցների պահանջով: Իսկ Հրանտ Խաչատրյանը մեր զրույցի ընթացքում նշեց. «Եթե նույնիսկ ընդունենք, որ 18-րդ համաժողովը հրավիրվել է մարզային բաժանմունքների կողմից, ապա համաժողովը նախապատրաստում է նախագահությունը»: Ըստ նրա՝ «18-րդ համաժողովի օրինականության մասին չի՛ կարող խոսք լինել, քանի որ վերաքննիչ դատարանի վճռով՝ նախ ենթադրվում էր այդ վճռի կատարում: Այսինքն՝ նախ պիտի այդ ինքնակոչ նախագահությունը վայր դներ իր լիազորությունները, եւ հետո դատական մարմնի հետ քննարկվեր, թե ինչ է նշանակում դատարանի վճռի կատարումը: Մենք ենթադրում ենք, որ դա նշանակում է, թե վերականգնվում են մինչ համագումար եղած մարմնի լիազորությունները»:
Հայկ Բաբուխանյանը շեշտեց. «Մեր կուսակցության կանոնադրությամբ՝ տարին մեկ պետք է անցկացվի համագումար: Եթե 17-րդը անցկացվել է 2006-ին, ապա դրա նախորդը՝ 16-րդը անցկացվել է 2003-ին: Իրենք վերջին անգամ ընտրվել են 2001-ին՝ այս խառնակիչ 3-4 հոգին: 2001-ին ընտրված մարդը հոգեկան հիվանդ կամ պրոֆեսիոնալ պրովակատոր պետք է լինի, որ 6-7 տարի հետո իրեն անվանի ինչ-որ մի մարմնի անդամ, այն դեպքում, երբ որ դրանից հետո նա պետք է 6 անգամ վերընտրվեր»:
Վերոհիշյալ հայտարարության մեջ նաեւ նշված է, թե վերաքննիչ դատարանի որոշման հետեւանքով սեպտեմբերի 16-ից հետո կուսակցությունից բոլոր «հեռացումները համարվում են չեղյալ, քանի որ այդ որոշումները չեն հաստատվել ՍԻՄ օրինական նախագահության կողմից՝ համաձայն ՍԻՄ կանոնադրության 4.3 եւ 4.6 կետերի»: Հայկ Բաբուխանյանը հայտնեց, որ 17-րդ համաժողովից հետո կուսակցությունից հեռացվել է 7 հոգի, կասեցվել է 9 հոգու անդամությունը. «Նրանց հեռացումը որեւէ կապ չունի դատարանի վճռի հետ: Դատարանի վճռով ոչ ոք չի վերականգնվելու այստեղ, քանի որ հեռացումը կատարվում է սկզբնական կազմակերպությունների որոշումներով»: Հավելեց, թե 18-րդ համաժողովը միաձայն վերահաստատել է ՍԻՄ 17-րդ համաժողովից հետո ընդունված բոլոր որոշումները: «4 ամսվա ընթացքում նույնիսկ դատարանի միջոցով չկարողացանք ձեռք բերել 17-րդ համաժողովի փաստաթղթերը,- հիշեցրեց Հրանտ Խաչատրյանը:- Հիմա նույնը վերաբերում է իրենց ասած՝ 18-րդ համաժողովին»:
Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Հայկ Բաբուխանյանը, որպես ՍԻՄ փոխնախագահ, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանից սեպտեմբերի 16-ից հետո չի ստացել որեւէ հանձնարարական՝ ՍԻՄ նախագահին փոխարինելու, եւ նրա ամբողջ գործունեությունը որպես ՍԻՄ ղեկավար հանդիսանում է ինքնիրավչություն»: Սրան ի պատասխան՝ պրն Բաբուխանյանն ասաց. «Պարոն Խաչատրյանը երբ աշխատում էր որպես կուսակցության նախագահ՝ մինչեւ սեպտեմբերի 20-ի իր հրաժարականը, այդ ընթացքում ինչ պետք է՝ ստորագրել է, հանձնարարություններ է տվել եւ այլն: Ամսի 20-ից հետո, երբ նա տվել է հրաժարական, այլեւս որեւէ հանձնարարություն ինձ տալ չէր կարող: Մինչեւ դա էլ, ճիշտն ասած, չէր տալիս՝ ինքն իր համակարգչի մեջ էր եւ այլն, բայց դա կարեւոր չէ: Ինքն այլեւս այստեղ գոյություն չունի՛ որպես նախագահ: Ինքը, որպես շարքային անդամ, չէր կարող կուսակցության փոխնախագահին, որին, ըստ կանոնադրության՝ տրվեցին նախագահի լիազորությունները, տալ որեւէ հանձնարարություն: Այ, ե՛ս նրան կարող եմ տալ հանձնարարություն: Ի դեպ, շատ դժգոհ եմ նրա աշխատանքից Ազգային ժողովում: Նա ներկայացնում է ՍԻՄ կուսակցությունը եւ շատ վատ է ներկայացնում՝ իր պարտականությունները չի կատարում»: Մեր հարցին, թե կարո՞ղ է Հրանտ Խաչատրյանին էլ հեռացնի կուսակցությունից, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Եթե այդպես շարունակի՝ շա՛տ հնարավոր է»: Հրանտ Խաչատրյանը հեգնանքով արձագանքեց, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս նախազգուշացմանը. «Եվ ի՞նչ, ես պետք է հուզվե՞մ, պետք է արտասվե՞մ այդ հայտարարությունից, որ ինձ կարող են հեռացնել կուսակցությունից: Իմ գրպանում է ՍԻՄ անդամատոմսը եւ այն բավական է մինչեւ կյանքիս վերջն այդ կուսակցության հետ կապված իմ հիշողությունների համար»: