Լրահոս
Օրվա լրահոսը

96 երթուղայինը վատ է սպասարկում

Փետրվար 05,2007 00:00

Մայրաքաղաքում երթուղայինների մի մասը երեկոյան ուշ ժամերին աշխատում է մեծ ընդմիջումներով, իսկ որոշ երթուղիներ էլ ընդհանրապես չեն աշխատում: Թիվ 96 երթուղին համեմատաբար լավ է սպասարկում, բայց՝ ցերեկվա ժամերին: Հատկապես ձմռան ամիսներին ուղեւորները ստիպված են լինում ժամը 21-ից հետո կանգառներում կես ժամ կանգնել: Թիվ 96 երթուղայինը սպասարկում է Ռադիոկայմից մինչեւ Ե. Քոչարի փողոց: Քաղաքային տրանսպորտի սպասարկումն ու շահագործումը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երեւանտրանս» ընկերությունը, որի պատասխանատուների ներկայացմամբ, գիծը շահագործելու համար տնտեսվարողի եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, գծի տերը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, պարտավոր է առավոտյան ժամը 8-ից մինչեւ 23-ը սահմանված ժամանակացույցով գիծը սպասարկել: Նկատենք, որ շատ հաճախ երթուղիների սպասարկման հետ կապված խնդիրները ուղեւորների համար ստեղծում են հենց տնտեսվարողները, որոնք քաղաքապետարանի սահմանած գծի մրցույթում հաղթող ճանաչվելու համար պահանջվող քանակի շարժակազմ հավաքում են, բայց հետո, արդեն գիծը շահագործելիս, տարբեր պատճառաբանությամբ մեքենաները քիչ-քիչ պակասեցնում են, խախտելով քաղաքապետարանի հետ կնքած՝ գիծը շահագործելու պայմանագիրը: Մեր հարցին, թե մրցութային պայմանները խախտող քանի տնտեսվարողի են պատասխանատվության ենթարկել, «Երեւանտրանսի» տնօրեն Կարեն Եդիգարյանը կոնկրետ տվյալներ չտրամադրեց, միայն ասաց, որ պատժվողներ շատ են եղել. «Հիմնական խախտումն այն է լինում, որ վարորդները երթակարգավարական կետ չեն մտնում, հետեւաբար չի գրանցվում իրենց երթը: Այդ դեպքում տնտեսվարողները տուգանվում են 5-ից 25 հազար դրամով: Այդ թիվը բազմապատկվում է գծում եղած մեքենաների թվով, ինչը բավականին մեծ գումար է կազմում»: Կոնկրետ 96 երթուղու դեպքում, ըստ Կ. Եդիգարյանի, երեկոյան ժամերին վարորդների գրաֆիկը փոխվում է եւ ուղեւորահոսքի հետ կապված երթեւեկելու պարբերականությունը ոչ թե 5, այլ 15-20 րոպե է. «Եթե ուղեւոր լինի՝ վարորդներն էլ կուզեն, որ այդ ժամին վարեն, որպեսզի փող աշխատեն, որքանով է հարմար, որ երթուղայինը ուշ ժամերին դատարկ երթեւեկի»: Թիվ 96 երթուղուց հիմնականում օգտվում են Թբիլիսյան խճուղու ուղեւորները: Բացի 96-ից, այդ հատվածով անցնում է եւս երկու տրանսպորտային միջոց՝ թիվ 106-ը եւ 32 ավտոբուսը, սակայն այդ երկուսն էլ սպասարկում են մինչեւ ժամը 19-ը: Այսինքն՝ Թբիլիսյան խճուղու ուղեւորները մնում են միայն 96-ի հույսին եւ ուշ ժամերին մեծ դժվարությամբ են տուն հասնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել