Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 05,2007 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ վեցերորդ

ԻՐԱՐԻՑ ԱՆՊԱԿԱՍ

– Ես որ ասում եմ՝ Արմենը նորմալ մարդ ա, էդ չի նշանակում, թե Միխայլովիչն ու դու նորմալ չեք,- Ռոլանդին բացատրեց Գուգոն:

– Իզուր ես արդարանում, Գուրգեն ջան,- ասաց Լեոնիդը.- ես էլ եմ կարծում, որ Արմենը միանգամայն նորմալ մարդ է:

Ես իսկապես նորմալ մարդ էի ու էսօրվա վիճակով էլ եմ միանգամայն նորմալ, եւ, ի տարբերություն շատ գրողների ու հատկապես բանաստեղծների, որոնք ընդհանրապես տուն թողնելու բաներ չեն, ինձ ամեն տեղ հրավիրում են, որովհետեւ ես երբեւէ որեւէ հայ օջախում որեւէ քեֆ հարամ արած չկամ ու որեւէ սխալ բան էլ արած չկամ, այսինքն՝ Գուգոն իմ մասով միանգամայն ճիշտ էր եւ Ռոլանդի ու Լյոնյայի մասով էլ էր միանգամայն ճիշտ, որովհետեւ Ռոլանդն ու Լյոնյան էլ էին միանգամայն նորմալ, ավելին՝ Ռոլանդն ու Լեոնիդը ոչ միայն որեւէ օջախում որեւէ անհամություն չէին անում, այլեւ հետներն ուրախություն էին մտցնում տվյալ օջախ, իսկ ինչ վերաբերում է է՛ն գրողներին ու մանավանդ բանաստեղծներին, որոնց մասին ասացի՝ տուն թողնելու բաներ չեն, իրականում սրանք է՛լ են միանգամայն նորմալ, բայց, ի տարբերություն ինձ, սրանք մտածում են, որ իսկական գրողն ու մանավանդ բանաստեղծն իրավունք չունի նորմալ լինել ու ամեն ինչով պարտավոր է տարբերվել սովորական ու նորմալ մահկանացուներից, եւ սովորական մահկանացուներից տարբերվելու համար սրանք նախ սկսում են սովորական մահկանացուներից մի քանի անգամ շատ ալկոհոլ օգտագործել եւ սովորական մահկանացուներից մի քանի անգամ շատ խմելով՝ սիրում են զանազան կռիվներ ու դեբոշներ սարքել, ու չնայած էդ կռիվներից ու դեբոշներից հիմնականում հենց իրենք են տուժում, այդուհանդերձ, իրենց էդ բոհեմիկ ռեժիմին ու կեցվածքին ոչ մի դեպքում ու ոչ մի տարիքում չեն դավաճանում, որովհետեւ իրենց արաղաբույր ինքնագիտակցության մեջ մշտապես նստոտած է է՛ն միտքը, որ իսկական գրողն ու մանավանդ բանաստեղծը պարտավոր է ապրել ճիշտ այնպես, ինչպես իրենք են ապրում ու գոյատեւում, ու չնայած իրենք մշտապես էդ աննորմալ վիճակների մեջ են, իրենց գրվածքներում ու ստեղծագործություններում մշտապես ու միանգամայն նորմալ եւ նույնիսկ կոկիկ են եւ էստեղ արդեն երբեք համը չեն հանում ու չափը չեն անցնում, ավելին՝ եթե հանկարծ իրենց կոլեգաներից մեկնումեկը փորձի չափը չճանաչել, իրենք պատրաստ են առնվազն մի քանի ժամով նույնիսկ անձնազոհության գնալ, այսինքն՝ մի քանի ժամով խմիչքից կտրվել, սափրվել, փողկապ կապել, նույնիսկ լողանալ ու վազել որեւէ հեռուստաընկերություն՝ եթերից տեղնուտեղը սաստելու ու միանգամայն բաց դասեր տալու իրենց կարգազանց կոլեգաներին, ու չնայած իրենք բիլիարդից էնքան են հեռու՝ ինչքան խոզը տուռնիկից, այդուհանդերձ, նախընտրում են, որ իրենց էդ ուսուցողական հեռուստազրույցը տեղի ունենա հատկապես բիլիարդի սեղանի շուրջ, ու էս ամենը նկարագրելով՝ ուզում եմ շեշտած լինել, որ իմ էս բոհեմիկ կոլեգաները, չնայած խմելու իրենց շուրջօրյա գրաֆիկին, մշտապես սթափվելու պատրաստ են եւ երբեք բաց չեն թողնում լրջանալու պահը, եւ եթե պաշտպանության նախարարը գրողների հետ հանդիպում է՝ սրանք էդ հանդիպմանն անձնազոհաբար ներկա են, եւ եթե Վեհափառն է գրողներին ընդունում՝ իրենք վեհարանում էլ են մեծահոգաբար ու անձնազոհաբար ներկա գտնվում, ու բան է՝ եթե նախընտրական շտաբի վերածված Ակադեմիայում որեւէ նաղդ նախագահացուի սատարելու հարց կա՝ իրենք միանգամայն օյաղ, լողացած, շուշաթրաշով ու գալստուկով էնտեղ են, եւ եթե էնտեղ իրենց սատարողական ելույթի հնարավորություն չի ընձեռվում, իրենք Ակադեմիայի միջանցքներում կամ բակում որեւէ հեռուստալրագրողի առաջը կտրում ու խոսափողի մեջ միանգամայն սատարիչ եւ միանգամայն հոդաբաշխ բառեր ու նախադասություններ են ճվճվում, ու էս ասածս վերաբերում է հատկապես իրենց ներկային ու էսօրվան, քանի որ էսօր մեր տեղական հեռուստաընկերությունները բազմացել են եւ բոլորն էլ հյուրի ու հատկապես մտավորական հյուրի խնդիր ունեն, եւ արվեստագետների ու գրողի էս ասածս տեսակը, փաստորեն, փրկում է մեր ազատ ու պատասխանատու հեռուստաընկերություններին, որովհետեւ արվեստագետի ու մանավանդ գրողի էս տեսակը մշտապես ասելիք ունի մեր ժողովրդին եւ հարկ եղած դեպքում մեծ սիրով ու միանգամայն պատրաստակամորեն է իր ասելիքը ժողովրդին հասցնում:

Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում ընդամենը մի հեռուստաալիք կար, արվեստագետի ու գրողի էս տեսակին հիմնականում կարող էիր հանդիպել խմբագրություններում, կինո «Նաիրիի» շրջակայքում ու հատկապես Թեմուրանոցում, ու իրենց հիմնական վիճակը խմած վիճակն էր, եւ սարիթաղցի Գուգոն հեչ մեղավոր չէր, որ ինձ ավեստագետի ու հատկապես բանաստեղծի՛ չէր նմանեցնում:

– Քո տեսած բոլոր բանաստեղծները խմող են, չէ՞,- Գուգոյին հարցրեց Ռոլանդը:

– Մի բան ասեցի՝ կրակն ընկա,- դժգոհեց Գուգոն.- որ իմանայի ասածս էսքան խորը կվերլուծեիք՝ չէի ասի:

– Շատ էլ ճիշտ ես ասել,- ասաց Ռոլանդը.- Արմենը համ նորմալ մարդ ա, համ էլ՝ նորմալ բանաստեղծ:

– Դա հազվադեպ պատահող բան է,- ասաց Լեոնիդը:

– Դու ու Ռոլանդն է՛լ եք նորմալ, Միխայլովիչ ջան,- ժպտաց Գուգոն:

– Ես ու Ռոլանդն է՛լ ենք միանգամայն նորմալ,- համաձայնվեց Լեոնիդն ու ավելացրեց.- հյուրերիդ առումով, կարելի է ասել, բախտդ միանգամայն բերել է, Գուրգեն ջան:

Լեոնիդը ռուսախոս էր, բայց մեջներիցս միայն ինքն էր գրական հայերենով խոսում, ընդ որում՝ միանգամայն ընդգծված եւ շեշտված գրական ու գրքային հայերենով էր խոսում, բայց էդ ժամանակ դեռեւս չգիտեի, որ Լեոնիդի մայրը զտարյուն հրեա է, ու նաեւ չգիտեի, որ հրեաները ցանկացած ժողովրդի գրականով խոսելու հատուկ թուլություն եւ նույնիսկ մենաշնորհ ունեն, եւ տարիներ անց, երբ Գորկու ինստիտուտում սովորում ու Մոսկվայում էի ապրում, հրեաներին հենց իրենց գրական ռուսերենի շնորհիվ էի ռուսներից տարբերում, եւ իմ համակուրսեցի Ռոդիոնով Սանյան ինձ արդեն բացատրել էր, որ համայն Ռուսիայում միայն հրեաներն են գրական ու կուլտուրական ռուսերեն խոսում, ու ես հետագայում հրեաներին ռուսներից հենց ռուսերենի միջոցով էի տարբերում, այսինքն՝ եթե մեկը մաքուր գրական ու ինձ հասկանալի ռուսերեն էր խոսում, ուրեմն՝ հրեա էր, եւ, ընդհակառակը, եթե մեկի արագ-արագ ու խոսակցական ռուսերենից որեւէ բան չէի հասկանում, ուրեմն՝ էդ արագախոս անհասկանալին զտարյուն ռուս էր, ու էս ասածս առաջին հերթին վերաբերում է մտավորական ռուսներին ու հրեաներին, ու էս ասածս վերաբերում է մտավորական եւ հատկապես գրող ռուսների ու հրեաների ո՛չ միայն բանավորին, այլեւ ու առաջին հերթին հենց գրավորին:

Այսինքն, ես, ի տարբերություն շատերի, ահագին շնացած եմ մոսկովյան ու ռուսական հրեաներին ռուսներից ջոկելու հարցում եւ, ի տարբերություն շատերի, եթե որեւէ ռուսալեզու հեղինակի գիրք եմ կարդում, հենց գրքի լեզվից անմիջապես ու անսխալ կռահում եմ էդ հեղինակի հրեա լինելը՝ թեկուզ էդ հեղինակի անունն Իվան Իվանովիչ Իվանով լինի, եւ եթե «Կուլտուրա» ալիքով մի սեւ բեղմորուքավոր մտավորական է ելույթ ունենում, ես, ի տարբերություն շատերի, էդ ելույթ ունեցողի հրեա լինելը ոչ թե բեղմորուքից կամ քթի մեծությունից եմ գլխի ընկնում, այլ, առաջին հերթին, հենց էդ ելույթ ունեցողի գրական ու գրքային ռուսերենից, եւ եթե էս հարցի մեջ էսքան խորանում եմ, չկարծեք թե՝ բոլոր երեւույթների ու ամեն ինչի մեջ հրեա, սիոնիստ եւ մասոն փնտրողներից ու գտնողներից եմ, եւ ոչ էլ էն մարդկանցից եմ, ովքեր գիշերները չեն քնում, որ առավոտները շուտ վեր կենան եւ ռուսներին մի անգամ եւս հիշեցնեն Ռուսաստանին ու ռուսներին սպառնացող հրեական կամ պանթուրքիստական վտանգների մասին, եւ չէի էլ կարող էդ մարդկանցից լինել, որովհետեւ, ի տարբերություն շատերի, ես ամբողջ երկու տարի սովորել եմ Մոսկվայի Գորկու անվան ինստիտուտի գրողական բարձրագույն դասընթացներում ու երկու տարի էլ էդ ինստիտուտի Դոբրոլյուբովի վրայի հանրակացարանում եմ ապրել, եւ էդ նույն հանրակացարանում Մեդվեդեւ ազգանունով մի բելառուս արձակագիր էր ապրում, որն իմ համակուրսեցին էր եւ որի հիմնական գործը հրեաների դեմ խոսելն էր, ու ինքը որիս բռնացնում էր՝ էլ բաց չէր թողնում՝ մինչեւ չհամաձայնվեինք, որ առաջադեմ մարդկությանն սպառնացող միակ վտանգը հրեաներից է, ու ես երբեւէ իրեն չէի հակաճառում, ու որեւէ մեկն իրեն չէր հակաճառում, որպեսզի յախեքս իրենից ազատեինք, բայց ես, ի տարբերություն իմ համակուրսեցիների, մեր ուսումնառության ամենավերջում առաջին կուրսեցի մի բելառուսուհուց միանգամայն պատահաբար տեղեկացա, որ մեր էդ Մեդվեդեւը զտարյուն հրեա է, եւ երբ էդ բանն իմացա, հիշում եմ, միանգամից կայֆս թողեց, մինչդեռ էդ առաջին կուրսեցի բելառուսուհի Յուլիային միանգամայն ջերմ ու բարի նպատակով էի իմ սենյակ հրավիրել, եւ երբ իր հանկարծակի տեղեկատվությունից սփրթնեցի, ինքը զարմացած ինձ հարցրեց՝ «էդ ինչո՞ւ գույնդ գցեցիր», եւ երբ իր վրա գոռացի՝ «սո՛ւտ ես ասում», ինքն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ սուտ ասում», ու ես ասացի՝ «Մեդվեդեւի հաշվով», եւ ինքը զարմացած ասաց՝ «ի՞նչ շահ ունեմ սուտ ասելու» եւ ավելացրեց՝ «իր հրեա լինելը ողջ Մինսկը գիտի. չէ՞ որ՝ ինքն ամբողջ Բելոռուսիայում հայտնի արձակագիր է», եւ իր էդ ասածից լրիվ շիվարել էի, ու արդեն Յուլիայի գեղեցկությունն աչքիս չէր երեւում, եւ արդեն ուզում էի սենյակիցս դուրս թռչել, Մեդվեդեւին գտնել ու բացատրություն պահանջել, բայց երբ Յուլիան ինձ շատ գեղեցիկ ժպտալով ասաց՝ «ա՛յ խելոք, բա չգիտեի՞ր, որ կենդանիների անվանումներով ազգանուն ունեցողները հրեաներ են», աչքերիս դեմը վերստին բացվեց, ու վերստին Յուլիայի գեղեցկությունն իր ողջ նրբերանգներով երեւան եկավ, եւ երբ Յուլիան իր հմայքով վերստին փայլեց ու շողշողաց, ես պահարանից հանեցի կոնյակի շիշն ու ստանձնեցի սուրճ եփելու գործն ու էդ ընթացքում արդեն մտածում էի՝ ինչքան հիմար եմ, որ քիչ առաջ ուզում էի դուրս թռչել, Մեդվեդեւին գտնել ու բացատրություն պահանջել, ու էդ պահին էնքան էի Մեդվեդեւի ֆենոմենով տարված, որ սուրճի թափվելը չնկատեցի, եւ երբ Յուլիան շորով հատակը մաքրում էր, ես կռացա ու էդպես կռացած առաջին անգամ համբուրեցի Յուլիային, բայց հիմա չեմ ուզում իմ ու Յուլիայի հարաբերությունների մեջ ավելի խորանալ եւ ոչ էլ նպատակ ունեմ Մեդվեդեւի գործունեությանն առավել խորությամբ անդրադառնալ, որովհետեւ մոսկովյան իմ էդ երկու տարիներին հետագայում ամենայն մանրամասնությամբ եմ անդրադառնալու: Եթե, իհարկե, Աստված կամենա:

Աստված դեռեւս կամենում է, որ ես մի քիչ էլ ոտս կախ գցեմ սարիթաղցի Գուգոյի հյուրընկալ օջախում, եւ եթե Լեոնիդի հանգամանքլը չլիներ, Յուլիային ու մանավանդ Մեդվեդեւին դժվար էլ էսքան վաղաժամ անդրադառնայի ու Սարի թաղի էդ պատմությանն էլ դժվար թե անդրադառնայի, այսինքն, եթե Լեոնիդը մորական կեսով հրեա չլիներ ու էս պահին էլ Երեւանում ապրելիս լիներ, ես անհարմար պիտի զգայի էսպես մանրամասն ու հանգամանալից անդրադառնալ սարիթաղցի Գուգոյի եւ իր վունդերկինդի էդ երաժշտական կոմպոզիցիային, մանավանդ որ՝ էդ կոմպոզիցիայի ֆինալը, բադրջանով ու ամեն ինչով հանդերձ, անմիջապես ու անմիջականորեն Լեոնիդին էր առնչվում:

Մինչ ութսունութն ու Իսրայել ցվրվելը Լեոնիդն իրենից կախված ամեն ինչ անում էր, որ արտիստի իր կենսագրությունն ու կարիերան հենց խորհրդային պայմաններում հնարավորինս կայացներ եւ, կարելի է ասել, որոշակիորեն հաջողացնում էր այդ անել, եւ չնայած ութսունվեցի իր համար նախատեսված կոմսոմոլի մրցանակը միանգամայն ա՛յլ դերասանի փայ հասավ, չեմ կարծում, թե էդ հանգամանքն էր երկու տարի անց իր Իսրայել ցվրվելու հիմնական պատճառը, չնայած էդ մրցանակի հանգամանքը կարող էր պատճառներից մեկը լինել, որովհետեւ ութսունվեցին ինքը, Ռոլանդն ու ես նախապես տրամադրված էինք, որ էդ տարվա մրցանակներից երեքը հենց երեքիս է բաժին հասնելու, ու մեր էդ տրամադրվածությունը որոշակի հիմք ուներ, որովհետեւ ինձ ու Ռոլանդին Վարդգես Պետրոսյանն էր երաշխավորել, իսկ Լեոնիդին՝ Ստանիսլավսկու Սաշիկ Գրիգորյանը, բայց, ինչպես հետագայում պարզ դարձավ, Վարդգես Պետրոսյանի կամքն առավել զորեղ ու որոշիչ էր, եւ չնայած իմ ու Ռոլանդի մրցանակն ու մրցանակի հինգ հարյուր ռուբլին երկուսիս մեջ կիսվեց, այդուհանդերձ, մենք մեզ լիարժեք մրցանակակիր էինք զգում, բայց մեզ կատարյալ երջանիկ չէինք կարող զգալ, որովհետեւ մեր ընկեր Լեոնիդի բաժին մրցանակը միանգամայն ա՛յլ դերասանի էր փայ հասել, ու չնայած էդ հանգամանքը Լյոնյան արտաքուստ թեթեւ ու նույնիսկ հումորով էր տանում, այդուհանդերձ, ներքուստ լավ էլ նեղսրտած էր, չնայած չեմ կարծում, թե երկու տարի անց իր Իսրայել ցվրվելն էդ մրցանակի հանգամանքի հետ ուղղակիորեն էր կապված, ու նաեւ չեմ կարծում, թե ինձ ու Ռոլանդին կոմսոմոլի էդ մրցանակը Հայաստանում պահեց:

Պարզապես, ի տարբերություն ինձ ու Ռոլանդի, Լեոնիդը մեկից ավելի հայրենիք ուներ, եւ իր էդ մյուս հայրենիքի կանչը Լեոնիդի համար առավել հնչեղ ու լսելի դառավ ո՛չ թե էդ կոմսոմոլի մրցանակը չստանալուց անմիջապես հետո, այլ ավելի ուշ՝ ութսունութի թոհուբոհում, եւ եթե ութսունութին մենք մեր երազած հայրենիքը օպերայի մատույցներից էինք փորձում գտնել, Լեոնիդը մտքով ու հոգով միանգամայն այլ տեղ էր, ու մի օր Լեոնիդը Երեւանից հանկարծակի անհետացավ՝ ինչպես որ մի օր հանկարծակի հայտնվել էր, ու հետո Ստանիսլավսկու տղերքից ո՛չ միայն իր Իսրայել թռնելու մասին իմացանք, այլեւ իր՝ կիսով հրեա լինելու մասին, եւ առ էսօր Լեոնիդից որեւէ տեղեկություն չունեմ ու Ռոլանդին տեսնելիս էլ մոռանում եմ հարցնեմ՝ ինքը Լեոնիդից որեւէ տեղեկություն ունի՞:

– Մենք վեր կենանք, Գուրգեն ջան,- ասաց Լեոնիդը:

– Հա,- ասաց Ռոլանդը.- օջախի կենացն էլ խմեցինք:

– Բայց ձե՛ր կենացները չենք խմել,- ասաց Գուգոն:

– Շատ կարեւոր հանդիպում ունեմ, Գուրգեն ջան,- ասաց Լեոնիդը:

– Մի քիչ առաջ ասում էիք, որ էսօր լրիվ պարապ եք,- նեղացած ասաց Գուգոն:

– Հենց հիմա հիշեցի, որ շատ կարեւոր հանդիպում ունեմ,- ասաց Լեոնիդը:

– Ուրեմն, մեր էս հանդիպումը կարեւոր չի՞,- նեղացավ Գուգոն:

– Եթե կարեւոր չլիներ՝ այսքան երկար չէինք նստի,- ասաց Լեոնիդը:

– Գուգո՛ ջան, քեզ թվում ա՝ մեր Միխայլիչն ուրիշ տեղ էսքան երկար նստում ա՞,- ասաց Ռոլանդը:

– Արմեն ջան, գոնե դո՛ւ մի բան ասա,- թախանձագին ինձ նայեց Գուգոն.- ինչքան չըլնի՝ հարեւան մարդ ես:

– Ի՞նչ ասեմ,- հարցրի ես :

– Գոնե մի կես ժամ էլ նստեք,- ասաց Գուգոն.- գոնե ձեր կենացները խմենք:

– Մինչեւ մեր կենացները մեկ առ մեկ խմենք՝ մութը կընկնի,- ասաց Լեոնիդը:

– Ես առաջարկություն ունեմ,- ասաց Ռոլանդը:

– Ասա՛, Ռոլանդ ջան,- ասաց Գուգոն:

– Մեր կենացները միասին՝ միացրած խմենք,- առաջարկեց Ռոլանդը:

– Թեկուզ,- համաձայնվեց Գուգոն:

– Մեր ընկերության կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Ռոլանդը:

– Քո կենացն է՛լ է, Գուրգեն ջան,- բաժակը Գուգոյի բաժակին խփելով՝ ասաց Լեոնիդը.- եթե դեմ չես՝ այսօրվանից քեզ մեր ընկերն ենք համարում:

– Ես հըլը շատ հացուպանիր պիտի ուտեմ, որ ձեր ընկերը համարվեմ,- ժպտաց Գուգոն:

– Էսօրվանից դու է՛լ ես մեր ընկերը, Վարո՛ ջան,- բաժակը Վարազդատի քթին խփելով՝ ասաց Ռոլանդը.- քո կենացն է՛լ ա:

– Իհարկե,- ասաց Լեոնիդը.- Վարազդատն էլ մեր կրտսե՛ր ընկերն է:

– Որ ըտենց ա՝ տղերքի կենացն էլ միացնենք,- առաջարկեց Գուգոն:

– Բնականաբար,- ասաց Լեոնիդը.- բոլորի՛ս կենացն է: Իրարից անպակաս լինենք:

– Օղորմածիկ հերս ասում էր՝ ձեռը ձեռ ա լվում, էրկու ձեռը՝ էրես,- ասաց Գուգոն:

– Լուսահոգին շատ ճիշտ է ասել,- բաժակը բոլորիս բաժակներին խփելով՝ ասաց Լեոնիդն ու ավելացրեց.- մեր ապագա ընկերության կենացը:

– Մեր ներկա՛ ընկերության կենացը, Միխայլի՛չ ջան,- ժամացույցին նայելով՝ ասաց Ռոլանդը.- արդեն համարյա իրեք ժամ ա՝ մեր ընկերությունը սկսվել ա:

– Շատ ճիշտ դիտողություն էր, Դանիկիչ,- ասաց Լեոնիդն ու ավելացրեց.- մեր՝ արդեն սկսված ընկերության կենացը:

– Շատ շոյված ենք, որ մեզ էլ եք ձեր ընկերության մեջ մտցնում, Միխայլովիչ ջան,- ժպտաց Գուգոն:

– Մենք էլ շոյված ենք, որ դո՛ւ, Գուրգեն ջան, համաձայնում ես մեր ընկերը լինել,- ասաց Լեոնիդն ու Ռոլանդին նայելով՝ հարցրեց.- համաձայնո՞ւմ ես, թե՞ համաձայնվում ես. ճիշտը ո՞րն է, Դանիկիչ:

– Նույն զիբիլն են,- ասաց Ռոլանդը:

– Նույնը չեն կարող լինել,- ասաց Լեոնիդը.- ճիշտը մեկն է:

– Ճիշտը հիվանդանում ա, բայց չի մեռնում,- Գուգոյի թեւի տակից ծվծվաց Վարոն:

– Երեխան շատ հետաքրքիր միտք ասաց,- զարմացավ Լեոնիդը:

– Երեխան էշի մոր թայն ա, Միխայլովիչ ջան,- ասաց Գուգոն.- մինչեւ աչքներս մի քանի անգամ թարթենք՝ իրա էդ ինստիտուտի վախտերը կգան:

– Ճիշտը հիվանդանում է, բայց չի մահանում,- ժպտաց Լեոնիդը.- շատ հետաքրքիր միտք է:

– Ինքը հազար տեսակ ըտենց ասացվածքներ գիտի,- հպարտացավ Գուգոն:

– Շատ ուժեղ միտք էր,- ժպտաց Լեոնիդը:

– Քննության վախտ էրեխեն կարա էդ միտքն էլ ասի,- փռթկացրեց Ռոլանդը:

– Չշտապենք, Դանիկիչ. քննությանը բավական ժամանակ կա,- ասաց Լեոնիդն ու հարցրեց.- բավակա՞ն, թե՞ բավականին:

– Նույն զիբիլն են,- ասաց Ռոլանդը.- էրկուսն էլ վայ թե ճիշտ են:

– Ճիշտը մեկն է,- ասաց Լեոնիդը:

– Ճիշտը հիվանդանում ա, բայց չի մեռնում,- ծիծաղեց Ռոլանդն ու Լեոնիդին հարցրեց.- ասում ես՝ էրեխեն քննության վախտ էդ միտքը չասի՞:

– Չշտապենք,- կրկնեց Լեոնիդը,- մինչեւ քննություն բավական ժամանակ ունենք:

– Իրեք տարին էնքան էլ շատ ժամանակ չի,- փռթկացրեց Ռոլանդը:

– Իրեք էլ չի. որ մաքուրով հաշվենք՝ էրկուսուկես ա,- ասաց Գուգոն:- Տարիներն ընենց են թռնում՝ խաբար էլ չենք ըլնում:

– Արխային էղի, Գուգո ջան,- ասաց Ռոլանդը.- մեր Միխայլիչի խոսքը խոսք ա:

– Մանավանդ որ՝ երեխան միանգամայն տաղանդավոր է,- ժպտաց Լեոնիդը:

– Շա՜տ տաղանդավոր լակոտ ա,- Վարոյի գլուխը շոյեց Գուգոն:

– Էրեխի կենացը հասունացավ,- ասաց Ռոլանդը:

– Էրեխի կենացն արդեն խմել ենք,- ասաց Գուգոն:

– Ե՞րբ ենք խմել,- զարմացավ Ռոլանդը:

– Մեր կենացի հետ իրանն է՛լ խմեցինք,- ասաց Գուգոն:

– Հըլը բաժակդ էլ քթիս զարգեցիր, ձյաձյա,- Ռոլանդին ժպտաց Վարոն:

– Էրեխի կենացը լրիվ առանձին՝ էքստրա՛ պիտի խմվի,- ասաց Ռոլանդը:

– Առանձին խմենք,- համաձայնվեց Գուգոն.- չուզողը թող ե՛ս ըլնեմ:

– Կենացդ, Վարո ջան,- բաժակը նորից Վարոյի քթին խփելով՝ ասաց Ռոլանդը:- Մեծանաս՝ պապայիդ պես կարգին մարդ դառնաս:

– Էդ անիծում ե՞ս, ա՛յ Ռոլանդ,- նեղացավ Գուգոն.- ես ամեն ինչ անում եմ, կաշվիցս դուս եմ գալի, որ հանկարծ ինքը իմ պես մարդ չդառնա, արվեստագետ դառնա, ավելի ճիշտ՝ դերասան:

– Նախ մա՛րդ պիտի դառնա, հետո նոր՝ դերասան,- ասաց Լեոնիդը:

– Հա՞,- զարմացավ Գուգոն:

– Դերասան արդեն դառել ա, մնում ա՝ մարդ դառնա,- ասաց Ռոլանդը:

– Մնում ա՝ թատերական ընդունվի,- ասաց Գուգոն:

– Մարդ կա՝ թատերականն ավարտել է, բայց դերասան չի դարձել,- ասաց Լեոնիդը:

– Թատերականն ավարտած մեկին գիտեմ, որ ո՛չ մարդ ա դառել, ո՛չ էլ՝ դերասան,- ասաց Ռոլանդը:

– Հասկանում եմ՝ ում նկատի ունես,- ասաց Լեոնիդը:

– Մեկին էլ գիտեմ, որ թատերական չի ավարտել, բայց կարգին դերասան ա դառել,- ասաց Ռոլանդը:

– Դրանով ի՞նչ ես ուզում ասես, Ռոլանդ ջան,- հարցրեց Գուգոն:

– Ուզում եմ ասեմ՝ մեր Վարոն արդեն պատրաստի դերասան ա, մնում ա՝ էդ ինստիտուտի հարցերը հորովմորով անենք,- ասաց Ռոլանդը:

– Ես է՛լ եմ էդ ասում,- ժպտաց Գուգոն.- ինչքան էլ շնորհքով ըլնի, մեկ ա՝ էդ անտեր դիպլոմը պարտադիր ա: Ճիշտ չեմ ասո՞ւմ, Միխայլովիչ:

– Եթե դերասանն անշնորհք է, ոչ մի դիպլոմ չի կարող նրան փրկել,- ասաց Լեոնիդը:

– Բայց դիպլոմ պետք ա, չէ՞,- հարցրեց Գուգոն:

– Առ այսօր որեւէ ռեժիսոր ինձանից դիպլոմ չի պահանջել,- ասաց Լեոնիդը:

– Բայց ունես, չէ՞,- հարցրեց Գուգոն:

– Տանը գցած է,- ասաց Լեոնիդը.- ոչ մի անգամ անհրաժեշտությունը չեմ զգացել:

– Թող մեր տանն է՛լ քցած ըլնի՝ թող մենք է՛լ անհրաժեշտությունը չզգանք,- ասաց Գուգոն:

– Անցած օրն աչքովս ընկավ՝ վրան մի մատ փոշի էր նստել,- ասաց Լեոնիդը:

– Ինչի՞ վրա էր մի մատ փոշի նստել,- հարցրեց Ռոլանդը:

– Էդ դիպլոմիս,- ասաց Լեոնիդը:

– Բա չսրբեցի՞ր,- հարցրեց Ռոլանդը:

– Սրբեցի,- ծիծաղեց Լեոնիդը:

– Թող էդ դիպլոմից մենք էլ ունենանք, թող մերինի վրեն էլ փոշի նստի,- ասաց Գուգոն:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել