Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՍԱՀՔԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Փետրվար 05,2007 00:00

\"\"Հայաստանում մարզասերները ցանկացած մրցման մասնակցող մեր մարզիկներից միայն հաղթանակներ ու մեդալներ են պահանջում, անկախ այն բանից, թե մրցանակային տեղերի համար պայքարելու իրական ի՞նչ հնարավորություն կա: Ու եթե սպասելիքները չեն արդարանում, մասնակցությունը որպես կանոն գնահատվում է անբավարար:

Երբ մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներն են ձեռնունայն տուն վերադառնում, դժգոհությունը տեղին է: Բայց մարզաձեւեր կան, որոնցում անգամ երկրորդ տասնյակում հայտնվելն արդեն իսկ լուրջ ձեռքբերում է նույնիսկ մեզանից անհամեմատ բարվոք վիճակում գտնվող երկրների համար: Այդպիսին է գեղասահքը: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ երեկ անցկացրած հարցազրույցը լույս է սփռում այն խնդիրների վրա, թե մեզանում որքան բարդ է առկա պայմաններում մարզաձեւը պահպանելն անգամ, էլ չենք խոսում զարգացնելու մասին:

– Ինչպե՞ս մարզաձեւը առաջին անգամ մուտք գործեց Հայաստան:

– Մոտ երեսունհինգ տարի առաջ գեղասահքի մի խումբ սիրահարների նախաձեռնությամբ հեծանվային սպորտի մարզադպրոցին կից հիմնվեց գեղասահքի մարզադպրոցը, կառուցվեց 30X32 մետր չափերի սահադաշտ, որը, սակայն, պահանջվող միջազգային ստանդարտների կեսն է, ինչի պատճառով գրեթե անհնար է զույգեր պատրաստել: Այնուհետեւ այն առանձնացավ, դարձավ առանձին միավոր՝ ծավալելով ինքնուրույն գործունեություն: ԽՍՀՄ տարբեր քաղաքներից հրավիրվեցին մասնագետներ, ու մարզաձեւը Հայաստանում կյանք առավ: Ընդամենը չորս տարի պահանջվեց, որպեսզի հայաստանցի գեղասահորդները, հիմնականում՝ մենասահորդները, աչքի ընկնեին նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետությունների ու քաղաքների պատանեկան առաջնություններում ու մրցումներում: 1981-ին Մոսկվայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրավեցին մեր տղաները: Դրան հաջորդեցին արդեն միութենական առաջնությունները: Նույն տարի Գուրգեն Վարդանյանը դարձավ ԽՍՀՄ պատանիների գավաթակիր, իսկ Սահակ Մխիթարյանը՝ ԽՍՀՄ պատանիների չեմպիոն:

– Գեղասահքում մարզվել 50 տոկոսանոց սահադաշտում ու նման տեմպերով աճել՝ գրեթե անհնար է:

– Նշածս մրցումներից հետո այն ժամանակվա պետական մարզիչները Գուրգեն Վարդանյանին, Սահակ Մխիթարյանին, Արարատ Զաքարյանին, Սամվել Հայրապետյանին հրավիրեցին ԽՍՀՄ պատանեկան հավաքական: Նրանք տարվա մեջ գրեթե հինգ ամիս գտնվում էին ուսումնամարզական հավաքներում, մարզվում աշխարհահռչակ մարզիչներ Չայկովսկայայի, Տարասովայի, Ժուկի, Վոլկովի ղեկավարությամբ: Հենց դա էր պատճառը, որ նրանց առջեւ բացվեցին նաեւ աշխարհի առաջնությունների դռները: Նույն տարվա դեկտեմբերին Գուրգենն աշխարհի պատանիների առաջնությունում ճանաչվեց վեցերորդը: Երեք տարի անց՝ 84-ին Կրասնոյարսկում անցկացված ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադայում հանդես գալով 2-րդ խմբում՝ մեր գեղասահքի հավաքականը գրավեց առաջին տեղը: Սահակն ու Գուրգենը բարձրացան պատվո պատվանդանի 1-ին եւ 2-րդ աստիճաններին ու անդամագրվեցին ԽՍՀՄ մեծահասակների հավաքականին, իսկ կանանց պայքարում Հասմիկ Վարդանյանը դարձավ բրոնզե մրցանակակիր:

– Դուք խոսեցիք մեր առաջնեկների մասին, ում ճակատագիրը ժպտաց՝ ընձեռելով լավագույն դպրոցներում մարզվելու հնարավորություն: Բայց այդ ընթացքում Երեւանում էլ նոր սահադաշտեր կառուցվեցին: Դա մարզաձեւի առաջընթացին օգնե՞ց:

– Անշուշտ: Մարզահամերգային համալիրում կար հիանալի մի սահադաշտ, որն արդեն համաշխարհային աստղերին այստեղ հրավիրելու հնարավորություն էր տալիս: Այստեղ անցկացվեցին ԽՍՀՄ առաջնությունը, գավաթի խաղարկությունը, որտեղ նույն Գուրգեն Վարդանյանը դարձավ կրկնակի գավաթակիր, իսկ Սոֆիկ Աբրահամյանը եւ Մելանյա Ստեփանյանը մտան առաջին տասնյակ: Այդ տարիներին Մոսկվայի աջակցությամբ Ալյումինի գործարանին կից կառուցվեց ստանդարտներին համապատասխանող չափերի մարզումային կենտրոն, մեր մարզադպրոցը վերակառուցվեց, չնայած դաշտի չափերը մնացին նույնը: Այս ամենը երեխաների հոսքի մի նոր ալիք առաջացրեց: Ցավոք, վրա հասան ցուրտ ու մութ տարիները: Համալիրի սահադաշտն այլեւս հնարավոր չէր պահպանել ու շահագործել եւ երկար ժամանակ չօգտագործվելով` մետաղյա խողովակաշարը ժանգոտվեց: Իսկ Ալյումինի գործարանի ղեկավարությունը բացարձակապես ոչինչ չարեց սահադաշտն ինչ-որ կերպ պահպանելու ուղղությամբ: Այն մեկ տարի էլ չգործեց ու հիմա ամբողջովին թալանված է: Կարծում եմ, անգամ վերակառուցման համար պիտանի չէ: Այս ամբողջ ընթացքում գործել է միայն Շենգավիթի թաղապետարանի գեղասահքի մանկապատանեկան մարզադպրոցը: Եվ որ այն մինչեւ հիմա գոյություն ունի, կայուն աշխատում եւ արդյունքներ է տալիս` շատ բաներով պարտական է թաղապետ Մարտին Սարգսյանին: 1994 թվականին ստեղծված գեղասահքի Հայաստանի ֆեդերացիան մարզադպրոցի մարզիչների հետ բավականին մեծ աշխատանքներ է կատարում: Այսօր մեր մարզադպրոցում կա հեռանկարային գեղասահորդների պատկառելի մի խումբ: 2002 թվականին մեր սաներից Արամայիս Գրիգորյանը, Վաշինգթոնում կայացած աշխարհի պատանիների առաջնությունում, 60 մասնակիցների պայքարում անցավ եզրափակիչ փուլ, չնայած նախապատրաստվել էր մեր միակ սահադաշտում: Մի քանի մարզիկներ ունենք, ովքեր միմյանց միջեւ մրցակցելով` պետք է որոշեն, թե ովքեր են հանդես գալու Իսպանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդների օլիմպիական փառատոնում եւ Տոկիոյում մեկնարկելիք աշխարհի պատանեկան առաջնությունում: Նրանք են` մենասահորդներ Անի Վարդանյանը, Արմինե Ստամբոլցյանը, Էմիլ Դանիելյանը, Հովհաննես Մկրտչյանը, Գեղամ Վարդանյանը: Իսկ ինչ վերաբերում է ավելի հեղինակավոր մրցումներին,1995 թվականին, արդեն որպես անկախ երկիր, ամբողջական թիմերով մասնակցել ենք Եվրոպայի, աշխարհի մեծահասակների առաջնություններին, նույնիսկ Նագանոյի, Սոլթ Լեյք Սիթիի, Թուրինի օլիմպիական խաղերի մասնակից զույգ ենք ունեցել, մի բան, որ, հավատացնում եմ, անչափ դժվար է ու ոչ բոլոր երկրներին է հաջողվում, չնայած այնտեղ միջազգային չափորոշիչներին համապատասխանող հազարավոր կենտրոններ ու սահադաշտեր կան:

– Գեղասահքը Հայաստանում լուրջ ապագա կունենա՞:

– Ես լավատես եմ: Առավել եւս, որ պետությունն էլ սկսել է ուշադրություն դարձնել: Տեղյակ եմ, որ Մարզահամերգային համալիրում ավարտվում են սահադաշտի վերագործարկման ուղղությամբ ընթացող աշխատանքները: Պատվիրվել են նորագույն սարքավորումներ: Երբ այն սկսի գործել, հավատացած եմ, որ գեղասահքը զարգացման նոր աստիճանի կբարձրանա ու կարճ ժամանակում Հայաստանի մարզիկները կրկին եղանակ կստեղծեն միջազգային ասպարեզներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել