Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենուր նախընտրական ուղերձներ

Փետրվար 05,2007 00:00

Նախընտրական պայքարը, որը մեր երկրում որպես քաղաքական մշակույթ ձեւավորման փուլում է դեռեւս, խոստումների արվեստ է նախեւառաջ:

Սոցիալական ոլորտը ամենախոցելին է ոչ միայն անցումային, այլ նաեւ բարեկեցություն ապահոված երկրների համար, ինչպիսիք են, օրինակ, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: «Սոցիալական անվտանգության» ռազմավարությանն ու նախագահ Բուշի խոստումներին է անդրադարձել «Վաշինգթոն Փոստը»՝ իր «Ի՞նչ չի ասել Բուշը սոցիալական անվտանգության մասին» հոդվածում: «Երբեմն կարեւոր հարցի մասին չասված դատողությունները շատ ավելի հետաքրքիր են, քան այն, ինչ ասվել է»,- նշում է մեկնաբանը, անդրադառնալով նախագահ Բուշի ուղերձին: Սոցիալական անվտանգության ռազմավարությունը երկու տարի առաջ ԱՄՆ նախագահի ուղերձի առանցքն էր, այս տարի այն ընդամենը թռուցիկ հիշատակվեց, այն էլ առողջապահության բնագավառի բարեփոխումների համատեքստում: Նախագահ Բուշը վերընտրվելու խնդիր չունի այլեւս եւ խոստումներ այլեւս չի շռայլում: Այլ է Ֆրանսիայի պարագան:

«Սարկոն ողջագուրվում է անգլո-սաքսոնների հետ»՝ «Էկոնոմիստի» ուշագրավ հրապարակումը Ֆրանսիայում գալիք նախագահական ընտրություններին է նվիրված, ավելի ճիշտ Սարկոյի Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլաս Սարկոզիի օրերս Լոնդոն կատարած այցին եւ անգլո-սաքսոնա-ֆրանսիական հարաբերություններին: Լոնդոնում 300 հազար ֆրանսիացի է ապրում, որոնց պետք է հրապուրիչ խոստումներ տալ, որպեսզի նրանք ուզենան վերադառնալ, հավատալով, որ «Ֆրանսիան, իրոք, հզոր երկիր է»: «Պարոն Սարկոզիի այցը Լոնդոն՝ խորհրդանշական էր: Նա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերին լանչի հրավիրեց եւ Լոնդոնի գործարար կենտրոն այցելեց հեռուստախցիկների ուղեկցությամբ: Նրա նպատակը պարզ էր՝ Մեծ Բրիտանիան կարողացավ աշխուժացնել իր տնտեսությունը, ես էլ կարող եմ նույնը անել»,- գրում է «Էկոնոմիստը»: Ֆրանսիայում գործազրկությունը 8,6 տոկոս է կազմում (վերջին 25 տարում գործազրկությունն այս երկրում 8 տոկոսից ցածր չի եղել), Մեծ Բրիտանիայում՝ 5,5 տոկոս: Մեծ Բրիտանիայում ցածր հարկերը նպաստեցին տնտեսության աշխուժացմանը, նրա ՀՆԱ-ն մեկ անձի հաշվով ավելի բարձր է, քան Ֆրանսիայում: «Եթե ֆրանսիացիները հեգնանքով են խոսում Լոնդոնում աշխատանքի ցածր վարձատրության մասին, ապա ինչո՞ւ են երիտասարդ ֆրանսիացիները հատում Լա Մանշը՝ այդ աշխատանքը կատարելու համար»,- հարց է հնչեցնում «Էկոնոմիստը»: Եվ պատասխանում. «Հնարավոր է, որ Բրիտանիայում աշխատանքն այնքան էլ հրապուրիչ չէ, բայց այն շատ է: Այլ խոսքերով ասած, եթե ֆրանսիացիները հոգու խորքում հիանում են Ամերիկայի եւ Բրիտանիայի բնակչության զբաղվածության մակարդակով եւ երազում են զավակներին ԱՄՆ ուսման ուղարկել, նրանք պետք է ըմբռնումով մոտենան Սարկոզիի նախընտրական «մեսիջին»՝ գերադասելով այն հայրենասիրական գաղափարախոսությունից:

Եվ վերջում գեներալների մասին: Ինդոնեզիայի բանակի բարձրաստիճան նախկին երկու պաշտոնյա՝ Թրայ Սութրիսնոն եւ Թյասնո Սուդարտոն հրապարակավ մեղադրել են Ինդոնեզիայի նախագահ Յուդհոյոնոյին՝ երկրում գործազրկության եւ գնաճի մեջ: Նախկինում նույնպես գեներալ՝ Ինդոնեզիայի ներկայիս ղեկավարը 2004թ. ուղիղ ընտրություններում ընտրված առաջին նախագահն է: Նա իր հերթին մեղադրեց «զրպարտիչներին» երկիրը քաոսի վերադարձնելու փորձերի մեջ: «Ասիական հրաշքի»՝ Ինդոնեզիայի բարեփոխումները տպավորիչ են, թեեւ ժողովրդավարության նահանջ կա»: Բրիտանական «Էկոնոմիստը» «Հին զինվորները չեն ուզում հեռանալ» հրապարակման մեջ, այնուամենայնիվ, նշում է, որ Յուդհոյոնոյի վարկանիշը բարձր է՝ 67 տոկոս, եւ նա շարունակում է երկրում բարեփոխումները: «Կառավարությունը զգուշորեն փորձում է տեղափոխել զինվորականների ձեռքերից նրանց պատկանող հազարավոր ձեռնարկություններ: Դրա միջոցով կառավարությունը փորձում է հոգալ պետության կարիքները, սակայն մեծ գումարներ են հոսում պաշտոնյաների գրպանները»,- գրում է «Էկոնոմիստը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել