Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ՊԻՏԻ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Փետրվար 05,2007 00:00

Արձագանքներ Վիկտոր Դալլաքյանի հոդվածին («Առավոտ», 10 նոյեմբերի, 2006թ.)

Հարգելի պարոն Վիկտոր Դալլաքյան, սիրով արձագանքում եմ Ձեր առաջարկությանը՝ իմ կարծիքը հայտնել «Մեր ապագայի բանալիները» հոդվածի վերաբերյալ:Ողջունում եմ Ձեր ցանկությունը՝ քննարկելու առաջ քաշված հրատապ խնդիրները, քանի որ վերջին 15-20 տարիների ընթացքում շատ հետաքրքիր ու մեր երկրի ապագային վերաբերող վերլուծական հոդվածներ են եղել, բայց քննարկումներ չլինելու պատճառով մոռացվել են՝ առանց համապատասխան ազդեցություն թողնելու հասարակության վրա:

Թեման շատ հետաքրքիր է, կարեւոր ու բարդ, որին ես մոտ ժամանակները կաշխատեմ մանրամասն անդրադառնալ:Բայց, առիթից օգտվելով, ուզում եմ անդրադառնալ Ձեր հոդվածում առաջ քաշված որոշ գաղափարների:Նշեմ, որ ժողովրդի պատմությունը իմանալով, դժվար է հասկանալ, թե այդ ժողովրդի պետությունը ինչպիսի՞ն կարող է լինել:Ինչպես որ չէր կարելի նախապես գլխի ընկնել, թե կորեացիների համար ո՞ր տիպի Կորեան է ճիշտ՝ Հարավայի՞ն, թե՞ Հյուսիսային, թեեւ այդ ժողովրդի պատմությունը նույնն է:Ժողովուրդները իրար շատ ավելի են նման, քան թվում է առաջին հայացքից, տարբերությունները երեւում են նույն պայմանների առկայության ժամանակ:Օրինակ՝ ԽԱՀՄ-ում բոլոր ժողովուրդները գտնվում էին նույն վիճակում եւ երեւում էին նրանց տարբերությունները, նույնը նաեւ այժմ տեսնում ենք Եվրոպայում:Տարբերությունները նախօրոք չի կարելի հաշվարկել, դրանք երեւում են, երբ ժողովուրդները գտնվում են նույն պայմաններում:

Ուզում եմ նշել նաեւ, որ լիովին համաձայն եմ այն մտքի հետ, որ Հայաստանի հզորացումը էապես կախված է անհատի ազատությունից, նրա ստեղծագործական միտքը քաջալերելուց, ազատ մրցակցության հնարավորությունից, որոնք այժմյան արեւմտյան քաղաքակրթության հիմնական ձողն են, եւ ինչը Հայաստանում հիմա բացակայում է:

Այժմ Հայաստանում իշխող կուսակցությունների կողմից՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ֊ի, պետության հզորացման մասին ընկալումը չի համապատասխանում վերը նշված տեսակետին, այլ նմանվում է ԽՍՀՄ-ից մեզ արդեն ծանոթ պետության մասին պատկերացումներին, ինչի արդյունքը մենք տեսանք ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ:

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺՄ նախագահ

Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները» հոդվածը՝ տպված «Առավոտ» օրաթերթում, մեծ հետաքրքրությամբ կարդացել եմ։ Տարիներ ի վեր հեղինակը Հայաստանի քաղաքական բեմի վրա աչքառու գործիչ մըն է, մասնագիտությամբ պատմաբան եւ իրավաբան, տիրապետում է գեղեցիկ եւ ճշգրիտ մայրենի լեզվի, որովհետեւ ճշմարտությունն է ասում, եւ ես կհավատամ, որ մինակս չեմ, որ ուշադրությամբ լսում է իր ելույթները:

Վստահ եմ, որ իր հոդվածը ընթերցողին մղելու է անվերջ խորհրդածություններու եւ վերլուծություններու, քանի որ խոսքը բոլորիս (հայերիս) է վերաբերում:

Ինքս չունեմ համապատասխան կրթություն այդ շատ բովանդակալից հոդվածը վերլուծելու, «խուրդելու», բայց, անշուշտ, մասնագետները խորհրդածելու եւ հետազոտելու մեծ նյութ կարող են գտնել:Եվ եթե մասնագետները զանազան բնագավառներու, ըսենք պատմաբաններ, հոգեբաններ, ընկերաբաններ, փիլիսոփաներ, բժիշկներ եւ այլն, իրենց նկատառումները գրի առնեին եւ հրատարակեին, շա՜տ օգտակար կրնային ըլլալ ընթերցողներին, որոնց մեջ շատեր կան, որոնք կուզենային ավելի խորը իմանալ հայ ազգի պատմությունը, մեր ժողովուրդի ապրած կյանքի, ներկայի մասին եւ ապագայի մեր ժողովուրդի գոյատեւելու հեռանկարների մասին:Հաճախ չէ, որ հայ ընթերցողը այս տեսակ գրության է պատահում:

Մի քանի խոսք ասեմ հոդվածից իմ տպավորությունների մասին:Գրության այն մասը, որ ներկայացնում է մեր ժամանակներու հայ մարդը կազմավորված հազարամյակներու ընթացքին ձեռք բերած իր կարողություններով, բնավորությամբ, մտայնությամբ, շատ համոզիչ է:Մեկ խոսքով՝ հայուն մասին, որ ինք խոսում է, գիտի, ծանոթ է։

Հոդվածին շարունակությունը վերաբերում է անոր, թե ինչպե՞ս պետք է հայը ապրի, ի՞նչ տեսակ կյանքի արժանի է հայը, ի՞նչ կերպ վայել է հայուն ապրիլ, որ ամեն ինչ լավ ըլլա:

Այստեղ հեղինակը մեզ ներկայանում է իբրեւ ՏԵՍԱՆՈՂ, որը հնարավոր է գտնում, իր ներկայացուցած ՀԱՅԻ կերպարը նկատի առնելով, Հայաստան մը՝ բնակեցված հայերով, որոնք կարող են իրականացնել համերաշխ եւ ներդաշնակ կյանք:«Կարողանալով իրականացնել բարօրության հասնելու իրենց հզոր ձգտումը՝ իր բոլոր նյութական ու հոգեւոր բաղադրիչներով»”:Եվ նույն Անհատը ի վիճակի է հաղթահարել Անհատի եւ Հայաստանի բարգավաճման հավաքական նպատակների հակասությունը»:Այս միտքերը փշուրներ են ընդամենը հոդվածից վերցրած:

Ես պատճառ մը չեմ տեսնում չհավատալու հեղինակին ձեւակերպած (կառուցվելիք) Հայաստանյան հասարակության գոյանալու հնարավորությանը:

Հոդվածը շատ բովանդակալից է ինքնատիպ մտքերով, եւ գիտեմ, որ գրությունս շատ ճղճիմ է համեմատած Վ. Դալլաքյանի հզոր գրվածքին:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ժողովրդական նկարիչ

Այն պայմաններ ում, երբ մեր քաղաքական գործիչների ելույթները հիմնականում «մարտավարական» բնույթ են կրում եւ ուղղված են ընտրություններից առաջ ինչ-ինչ խարդավանքների եւ բանսարկությունների միջոցով սեփական դիրքերը բարելավելուն, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հոդվածը, որը տպագրվել է մեր թերթում, նվիրված է մեր ազգին նետված հիմնական մարտահրավերներին եւ դրանով հաճելիորեն առանձնանում է վերոհիշյալ ելույթների ֆոնի վրա: (Հանուն արդարության ասեմ, որ քաղաքական գործիչներից միայն Վիկտոր Դալլաքյանը չէ, որ մտածում է լուրջ բաների մասին. վերջերս ծանոթացա ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի դոկտորական թեզին եւ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի կազմած բրոշյուրին, որոնք նույնպես նվիրված էին այդ ֆունդամենտալ խնդիրներին): Մենք սիրով հրապարակեցինք պարոն Դալլաքյանի հոդվածը եւ դրա մի քանի արձագանքները: Պատրաստակամ ենք շարունակել այդ շարքը:

Բայց դա չի նշանակում, որ ես համաձայն եմ հոդվածում տեղ գտած բոլոր դրույթների հետ: Մի կողմ թողնելով այն, ինչն ինձ համար միանգամայն ընդունելի է, միանգամից անցնեմ անհամաձայնությանը: Խոսելով «գոյաբանական ճգնաժամի հաղթահարման անօգուտ փորձերի» մասին՝ պատգամավորը դրանք վերագրում է «ազգայնական եւ ժողովրդավարական մարգինալներին», որոնք դրսեւորվում են երկու՝ ձեւով հակադիր, բայց բովանդակությամբ համանման միտումներով. «ռեզերվացիա, որը աշխարհից մեկուսացած հնդկացիների նման կա՛մ հպարտանում է իր փառավոր անցյալի մասին հիշեցնող «փետուրներով», կամ էլ ընդհակառակը՝ այդ նույն հնդկացիների նման սկսում է զբաղվել սեփական ներքին էության մեջ դեռեւս չտարրալուծված «համամարդկային ստանդարտները» ծիծաղելի կերպով կապկելով»:

Օգտվելով պարոն Դալլաքյանի եզրաբանությունից՝ ես ինձ դասում եմ «ժողովրդավար մարգինալների» շարքին, որովհետեւ կարծում եմ, որ քաղաքականության մեջ «ազգային մենթալիտետի»՝ մասնավորապես, հայերին, իբր, «ի ծնե» հատուկ անհատապաշտության մասին խոսելն ի վերջո հանգեցնում է նույն «փետուրներով» հպարտանալուն: Վստահ եմ, որ քաղաքական մշակույթում կա միասնական սանդղակ՝ ամենացածր մակարդակից մինչեւ ամենաբարձրը (այս պահի դրությամբ): Հարավկորեացիները գնացին «համամարդկային ստանդարտներին» համապատասխանելու ճանապարհով եւ հաջողեցին, հյուսիսկորեացիները որդեգրեցին «ազգային յուրահատկություններին» իբր համապատասխանող «չուչխեի» ճանապարհը ու հայտնվեցին խորը անդունդում: Հնարավոր չէ պնդել, որ նույն կորեացի ազգի երկու մասերի մենթալիտետը տարբեր է:

Իսկ ինչո՞ւ են հաջողության հասած ազգերն ընտրում այն օրենքներն ու համակարգերը, որոնք համապատասխանում են «համամարդկային ստանդարտներին» (պահպանելով, բնականաբար, ազգային արժեքները): Որովհետեւ այդ օրենքներն ու համակարգերը դարերի փորձարկում են անցել՝ սկսած առնվազն Պլատոնի ժամանակաշրջանից: Հենց այդ պատճառով էլ նրանք որոշեցին գլուխ չկոտրել՝ սեփական հեծանիվը հորինելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել