Չարենցավանից մարդիկ փախչում են
Այստեղ քաղաքապետերը «գալիս-գնում են», բայց քաղաքի վիճակը չի բարելավվում
Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասում գտնվող հանրակացարանի 3-րդ մասնաշենքի բնակիչներին ընտրություններից ընտրություններ են հիշում. «Գալիս են, խոստումներ շռայլում ու մինչեւ հաջորդ ընտրություններ այդ կողմերում էլ չեն երեւում, իսկ խոստումները գրվում են սառույցին: Մեր շենքն էլ կամաց-կամաց փուլ է գալիս»,- օրերս «Առավոտի» հետ զրույցում իրենց վիճակն այսպես նկարագրեցին քաղաքական գործիչների՝ բնակիչների նկատմամբ վարած «քաղաքականությունը» լավ սերտած հանրակացարանի բնակիչները: Հանրակացարանի շենքը վթարային է դարձել 1988-ի երկրաշարժից հետո: Շենքը տանիք չունի, ինչի հետեւանքով անձրեւաջրերը լցվում են բնակարաններ: «Ամեն օր ահ ու դողով սպասում ենք, որ շենքը ուր-որ է կփլվի: 9-րդ հարկի բնակիչները շենքից փախել են եւ ընդամենը մի բնակարանում է մարդ մնացել, այն էլ ջրերն անմիջապես նրանց գլխին են լցվում: Բայց ինչ անեն, գնալու տեղ չունեն: Մի սենյակում 7 անձով են ապրում: Բնակարաններից ահավոր գարշահոտ է փչում, խոնավության մեջ հնարավոր չէ ապրել, հազար ցավի տեր ենք դարձել: Մենք էլ կփախչեինք այստեղից, բայց հնարավորություն չունենք: Նախկին քաղաքապետն ասում էր, թե գումարի կեսը դուք տվեք, կեսը մենք կտանք, կվերանորոգենք, բայց մենք փող չունեինք, իրենք էլ որեւէ բան չարեցին»,- դժգոհեց 8-րդ հարկի բնակիչ Լիդա Սարգսյանը:
Բնակիչների խոսքերով, քաղաքային իշխանությունները քաղաքում մի բան ավելացնելու փոխարեն, դեռ մի բան էլ պակասեցրել են՝ վաճառելով հանրակացարանի եւ հարակից շենքերը սպասարկող կաթսայատունը, որտեղ տեղադրված է խմելու ջուր մատակարարող պոմպը: Բարձր հարկերի բնակիչների ներկայացմամբ. «Խմելու ջրից զրկվել ենք, քանի որ պոմպի բացակայության պատճառով ջուրը չի հասնում մեր բնակարաններ: Քանի անգամ դիմեցինք պատկան մարմիններին, բայց անօգուտ: Ոչ ոքի չի հետաքրքրում»: Բնակիչներից մեկի՝ Նաիրա Զալյանի պատմելով էլ, կոյուղու խողովակները եւս վթարված են եւ դրանց ողջ պարունակությունը լցվում է շենքի նկուղը: Շենքի վերելակը նույնպես 15 տարի չի աշխատում: «Առավոտը» Չարենցավանի նորընտիր քաղաքապետ Հակոբ Շահգալդյանից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է քաղաքի բարձրահարկ շենքերի տանիքների անմխիթար վիճակի եւ, մասնավորապես, 6-րդ թաղամասի հանրակացարանի մասին եւ ի՞նչ է անելու, Հ. Շահգալդյանը պատասխանեց՝ «տանիքները կամաց-կամաց կվերանորոգենք»:
Չարենցավանցիները ափսոսանքով էին հիշում, որ իրենց երբեմնի արդյունաբերական հզոր քաղաքը կամաց-կամաց վերածվեց ավերակների. «Ներկայումս 15 արդյունաբերական հզոր ձեռնարկություն պարապուրդի է մատնված: Այդ է պատճառը, որ այսօր Չարենցավանում մարդ չի մնացել: Մեծ մասը մեկնել է արտագնա աշխատանքի»:
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ