Փոքրիկ Լիաննան ու Մանվելը սոցիալական ծանր պայմանների զոհ են
Հրազդան քաղաքի բնակիչ 5-ամյա Լիաննա Նիկողոսյանն ի ծնե հիվանդ է: Երեխայի միզապարկը չի գործում, նա միզազրկվում է համապատասխան սարքով՝ կատետրով, ինչի արդյունքում էլ Լիաննան ձեռք է բերել երիկամների հիվանդություն:
Պետությունից փոքրիկին հասանելիք միակ օգնությունը 5590 դրամ հաշմանդամության թոշակն է: Մինչդեռ նրան ամեն ամիս 30-40 հազար դրամի դեղորայք է անհրաժեշտ: Հրազդանցի այս ընտանիքը ՀՀ իշխանությունների մատնանշած երկնիշ տնտեսական աճն իր մաշկի վրա ոչ մի կերպ չի զգում: Նիկողոսյաններն արդեն քանի տարի է՝ ծայրահեղ աղքատության մեջ են ապրում: Ավելին, նրանց վիճակը տարեցտարի ավելի վատթարանում է: Լիաննայի հայրն աշխատում է հացի արտադրամասում եւ օրական ընդամենը 500 դրամ է աշխատում: «Ամուսնուս աշխատածով սնվում ենք, իսկ ամսական 15 000 դրամ անապահովության նպաստը հերիքում է միայն երեխայի դեղերի մի մասը գնելուն, մնացածը պարտքով ենք գնում: Ոչ ոք ոչ մի բանով չի օգնում: Լիաննայի մասին շատ եմ մտածում, այդպիսի հիվանդությամբ տառապող երեխային լավ սնունդ է հարկավոր եւ ժամանակին դեղորայք, մենք արդեն 200-300 հազարի պարտք ունենք, ես վախենում եմ, որ էլ պարտք տվող չի լինի»,-մեզ հետ զրույցում նեղսրտեց Լիաննայի մայրը՝ Մարինե Նիկողոսյանը: Նրա պատմելով, ամեն ամիս մեծ դժվարությամբ մի քանի հազար դրամ են տնտեսում, որ երեխային գոնե 1-2 անգամ բերեն Երեւան՝ Արաբկիր համայնքում գտնվող մանկական հիվանդանոցում մի քանի օր բժիշկների հսկողության տակ բուժվելու:
Հրազդանցի 5-ամյա Մանվելն էլ հագուստ չունենալու եւ անվճարունակ լինելու պատճառով մանկապարտեզ չի հաճախում: Մանվելը միակողմանի ծնողազուրկ է եւ մոր ու քրոջ հետ ժամանակավոր բնակվում է «Տրեստի» կիսախարխուլ հանրակացարանում: Նրանց Տանը ցուրտ է ու խոնավ, քանի որ պայմաններն անտանելի են՝ հատակը բետոնից է, պատուհաններին ապակի չկա: Բացի այն, որ ընտանիքը մշտական բնակարան չունի, նրանց հրազդանցի լինելը վկայող որեւէ փաստաթուղթ էլ չկա: Մանվելի մոր՝ Գյուլնարա Հարությունյանի պատմելով, քանի որ տուն չունեն, ոչ մի տեղ գրանցված չեն. «Ամուսինս ծանր հիվանդ էր, մի քանի անգամ սրտի ինֆարկտ էր տարել ու նրա բուժելու համար տուն-տեղս վաճառեցի, սակայն չկարողացանք փրկել՝ մահացավ ու երեխաներիս հետ հայտնվեցինք փողոցում: Ես էլ եմ վատառողջ՝ ուռուցք ունեմ, որ ինձ մի բան պատահի՝ երեխեքս կմնան անտեր, նրանք դեռ անչափահաս են, ես գոնե այստեղից-այնտեղից պարտք անելով տունս յոլա եմ տանում»: Գ. Հարությունյանի ներկայացմամբ, մի քանի անգամ դիմել է Հրազդանի քաղաքապետարան, սակայն՝ անօգուտ. «Ես անգամ չգիտեմ իմ նամակները կարդո՞ւմ են, թե՞ ոչ: Շատ լացուկոծ դնելուց հետո 1-2 անգամ 5- 10 հազար դրամ են տվել, բայց իմ ընտանիքի խնդիրն ավելի լուրջ է»: Հարությունյանների դուստրը՝ Գոհարիկը, երրորդ դասարանից դպրոց չի հաճախում. «Աղջկաս երրորդ դասարանից դպրոց չուղարկեցի, հագուստ չուներ, օրերով սոված էր մնում, ինքն էլ աղջիկ երեխա էր՝ շրջապատից ամաչում էր, ստիպված նստեց տանը, գոնե տանը շատ տեսնողներ չէին լինի: Հիմա նա պետք է 7-րդ դասարանում լիներ»,- ասաց Գ. Հարությունյանը:
Թե՛ Լիաննա Նիկողոսյանի եւ թ ե՛ Մանվելի ընտանիքներով Կոտայքի մարզում միակ հետաքրքրվողը եղել է մարզում գործող «Երեխաների աջակցության հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը, որը շորեր, կոշիկներ է տրամադրել փոքրիկներին, եւ որպեսզի Մանվելը ընտանիքի հոգսերի պատճառով մանկական առօրյայից չզրկվի, հանձն է առել ամեն ամիս վճարել նրա մանկապարտեզի վարձը: