Օրը ցերեկով մայրաքաղաքում շները մարդ են գզում՝ համապատասխան ծառայությունների անտարբերության պատճառով:
Թբիլիսյան խճուղի 3/1 հասցեում՝ Կիրառական արվեստի թիվ 2 ուսումնարանի բակում, տասնյակ թափառական շներ են շրջում եւ շրջապատի բնակիչներին ահ ու դողի մեջ պահում:
Արդեն որերորդ անգամ շների գազազած ոհմակը օրը ցերեկով հարձակվում է մարդկանց վրա ու նրանց գզում՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: Այդ հատվածով հատկապես անցուդարձ են անում հարեւանությամբ գտնվող թիվ 7 շենքի երեխաները: Նրանց դպրոց եւ մանկապարտեզ գնալու ճանապարհն ուսումնարանի բակով է անցնում: Մի քանի ամսվա ընթացքում 7-րդ շենքում բնակվող Հարությունյանների ընտանիքի անդամներին շները երեք անգամ կծել են: Բացի այն, որ նրանց երկու երեխաները՝ 6-ամյա Համլետիկն ու 4-ամյա Տիգրանը սարսափահար են եղել, ամռանը շները կծել էին Համլետիկի ոտքը եւ ազդրը, ինչի հետեւանքով երեխային տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի մոր՝ Լուսինե Ղուկասյանի պատմելով, Արաբկիրի սանէպիդծառայությունում ասել են, որ շան կծոցների հետեւանքները պարզ կլինեն 21 օրից եւ որ այդ ընթացքում անհրաժեշտ է շանը հետեւել՝ «Եթե 21 օրվա ընթացքում երեխային կծած շունը սատկեր, ուրեմն կատաղած էր եւ այդ դեպքում վտանգը մեծ էր: 21 օր ստիպված ենք եղել թափառական շանը հետեւել, որպեսզի տեսնեինք՝ սատկե՞լ է, թե՞ ոչ: Այդ օրերի ընթացքում երեխան մանկապարտեզ չի հաճախել»: Մոտ 10 օր առաջ էլ 5-6 շուն հարձակվել են Լ. Ղուկասյանի վրա եւ ամբողջությամբ պատառոտել տիկնոջ մուշտակը. «Արդեն որերորդ անգամ ահազանգում ենք շուն հավաքող ընկերության գրասենյակ, սակայն ոչ մի արձագանք չկա: Ամեն անգամ գործավարուհին հավաստիացնում է, որ մեր կանչը գրանցված է, բայց ոչ ոք էլ բողոքի հետքերով չի գալիս, իսկ շներն էլ շարունակում են օրը մեկին գզել»:
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է շուն հավաքող երկու ընկերություն, որ ֆինանսավորվում են քաղաքապետարանի բյուջեից: Այդ ընկերությունների պատասխանատուն քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչությունն է: Երեկ «Առավոտը» վարչության պետ Կարեն Գեւորգյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ շուն հավաքողներն իրենց գործը չեն անում:
«Շները շատ են եւ քանի որ թափառում են, շատ դեպքերում շուն հավաքողները ստիպված են լինում դրանց որսալու համար 3-4 անգամ նույն հասցեով գնալ: Բացի այդ, երբեմն մեծ տոնավաճառների տերերը տասնյակ շներ են բազմացնում տարածքը պահպանելու համար, սակայն նրանց չեն կերակրում եւ շներն էլ ստիպված դեսուդեն են ընկնում ու մարդկանց վրա են հարձակվում: Սակայն երբ գնում են այդ շներին հավաքելու, տոնավաճառի պահակները չեն թողնում՝ ասելով, որ դրանք իրենց սեփական շներն են»: Կ. Գեւորգյանի խոսքերով, վերջերս մայրաքաղաքում թափառող շների խնդիրը բարձիթողի վիճակում է եղել, քանի որ հայտնի չի եղել, թե թափառող կենդանիների հարցերով որ ընկերությունը պետք է զբաղվի. «Մրցույթը երկու ընկերություն են շահել, որոնք արդեն շների որսը սկսել են»: