Մայիսյան գյուղի 23 բնակիչների տունը մանկապարտեզն է
Նարինեն դասերը սովորում է մոմի լույսի տակ: Նրա ընտանիքը ի վիճակի չէ վճարել 12 հազար դրամ էլեկտրաէներգիայի պարտքը:
Հարությունյանների 5-ամյա որդին՝ Արսենը, մանկապարտեզում է ծնվել: Երիտասարդ ընտանիքը երկրորդ երեխայի մասին լսել անգամ չի ուզում. «Այս անմարդկային պայմաններում մի կերպ Արսենին ենք մեծացնում: 21-րդ դարում նույնիսկ աթոռ չունենք, որ նստենք, էլ ի՞նչ 2-րդ երեխա»:
Մանկապարտեզի մեծահասակ բնակիչները կծկված քնում են մանուկների համար նախատեսված այս մահճակալներին:
10-րդ դասարանցի Մարիամ Յափունջյանը թաղել է ապագայի հետ կապված իր բոլոր երազանքները. «Շատ էի ուզում դպրոցն ավարտելուց հետո ընդունվել թատերական ինստիտուտ, բայց հիմա մի հարց է հուզում՝ վաղը հաց կունենա՞նք ուտելու, թե՞ ոչ»:
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 7 ընտանիք արդեն 13 տարի անտուն է եւ բնակվում է անմարդկային պայմաններում: Այս ընտանիքների գոյության մասին ՀՀ իշխանությունները հիշում են միայն ընտրություններից ընտրություն. «Գալիս են մեզ՝ անճարներիս խոստումներ տալիս, հույսով անում, բայց հենց ընտրվում են՝ մեր մասին մոռանում են»,- «Առավոտի» հետ զրույցում հուսալքված պատմեցին Մայիսյանի անտուն բնակիչները: 1994-ի փետրվարին նրանց շենքը՝ հոսանքալարերի վթարի պատճառով, ամբողջությամբ հրդեհվել է եւ 8 ընտանիք գիշերվա ժամը 2-ին մնացել է դրսում: Բնակիչներին չէր հաջողվել որեւէ գույք փրկել, միայն հասցրել էին երեխաներին դուրս բերել: Անգամ մարդկանց անձը հաստատող փաստաթղթերն էին կրակի բաժին դարձել: Մարզային իշխանությունների միակ քայլն այն է եղել, որ տուժած ընտանիքներին տեղավորել են գյուղի չգործող, կոմունալ հարմարություններից զուրկ մանկապարտեզի շենքում եւ խորհուրդ են տվել՝ «յոլա գնալ»: Մինչ օրս 23 մայիսյանցի, բառի բուն իմաստով, «յոլա է գնում»: Երեկ մեր այցելության պահին մանկապարտեզում սարսափելի տեսարան էր. բնակարանների մեծ մասն արդեն երկար ժամանակ, պարտքերի պատճառով, հոսանքազրկված էր, եւ մարդիկ ապրում էին ցրտի պայմաններում: Այս ընտանիքների ունեցած-չունեցածը մանկապարտեզից «ժառանգած» անպիտան պահարաններն ու մանկական մահճակալներն են: Մարդիկ մի սենյակի մեջ ե՛ւ ուտում են, ե՛ւ քնում, ե՛ւ լողանում: Տուժած բնակիչներին հատկապես խիստ վիրավորել էր պետության անտարբերությունը:
«13 տարի շան կյանքով ենք ապրում, շունը մեր տեղը լիներ՝ հիմա վաղուց սատկել էր, ոչ աշխատանք ունենք, ոչ թոշակառու ենք, ոչ էլ նպաստառու, ինչպե՞ս պետք է ապրենք: «Փարոսից» պատասխանում են, որ մեր բալերը չեն հերիքում նպաստառուների ցուցակում ընդգրկվելու: Էլ ի՞նչ է պետք՝ չգիտեմ, ոչ տուն ունենք, ոչ հողամաս, ոչ էլ ապրուստ, եթե իմ նմանին պիտի չտան, էլ ո՞ւմ են տալիս: Ուրիշից ենք ցախ ու աթար խնդրում, որ վառենք-տաքանանք»,- սրտնեղեց ազատամարտիկի այրի Հայկանուշ Քոչարյանը: Նրա ամուսինը՝ Հակոբ Ավետիսյանը, երկու տարի առաջ մահացել է կոկորդի քաղցկեղից: Քնարիկ Ղազարյանի ներկայացմամբ էլ, դուստրը՝ Նարինեն, ընդամենը 13 տարեկան է, բայց արդեն հասցրել է կյանքից հիասթափվել. «Սրա-նրա տված շորերով եմ դպրոց գնում, ես էլ կուզենայի ընկերուհիներիս նման հագնվել, նորմալ սնվել, բարեկամները մեր ձեռքը կրակն են ընկել, մի օր հաց են բերում, մի օր հագուստ, դրանով էլ ապրում ենք»:
Մանկապարտեզի բնակիչների խոսքերով, բազմիցս դիմել են Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանին, որ իրենց խնդիրը կառավարությունում բարձրացնի, սակայն մարզպետն ասել է, որ հարցը պետք է լուծի իրենց գյուղապետը՝ համայնքի բյուջեի հաշվին: Մեզ հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանն ասաց. «Գյուղի բյուջեն ընդամենը 9 մլն դրամ է, 5,5 մլն էլ դոտացիա է տրվում, այդ գումարով ինչպես կարող ենք տուժածների շենքը վերանորոգել: Դրա համար լուրջ գումարներ ու պետական աջակցություն է պետք»: Մարդիկ ցրտից չմեռնելու համար մանկապարտեզի մյուս սենյակների դռներն ու պատուհաններն են հանել եւ որպես վառելափայտ օգտագործել: