«Կասկադ Ինշուրանսի» գլխավոր տնօրենը փաստում է, որ մեր քաղաքացիներն ավելի շատ մտածում են օրվա հացի, քան ապահովագրության մասին:
Պարզվում է, Հայաստանում գործում է ապահովագրության համակարգի լայն սպեկտր՝ մոտ 67 տեսակ: Ճիշտ է, դրա մեջ չեն մտնում մարմնի բարեմասնությունների ապահովագրման տեսակները, ու ցանկության դեպքում էլ, ասենք, մեր որեւէ «աստղ» չի կարող հայաստանյան որեւէ ընկերությունում ապահովագրել իր գեղեցիկ կուրծքը, Հասմիկ Կարապետյանն ու Հայկոն իրենց «հայի աչերը», բայց կարեւորը՝ մեր հայրենակիցները կարող են ապահովագրել առողջությունը, գույքը, գերեզմանաքարերը՝ մինչեւ ինքնաթիռներ:
Գործող ընկերություններն էլ քիչ չեն. «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1996 թվականին, մինչ օրենքի ընդունումը գործում էր մոտ 85 ապահովագրական ընկերություն, օրենքի ընդունումից հետո դաշտը զտվեց, այժմ գործում է միայն 14-ը: Այդուհանդերձ, այս տեսակի ծառայությունները Հայաստանում մասսայականություն չեն վայելում, եւ մարդիկ քիչ են օգտվում դրանցից: Մինչդեռ՝ ապահովագրական ընկերությունը ֆինանսական կառույց է, որը քաղաքացիների հետ կնքում է այս կամ այն ռիսկի վերաբերյալ պայմանագիր: Ապահովագրությունը «պոպուլյար» չլինելու համար «Առավոտի» հետ զրույցում «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Լեւոն Մամիկոնյանը մի շարք պատճառներ նշեց. «Սովետական ժամանակաշրջանում 70 տարի ինչ-որ չափով եղել ենք ապահովագրված եւ չի եղել ապահովագրական համակարգ, մարդկանց մոտ չկա վնասների պատմություն հասկացությունը: Արեւմուտքում յուրաքանչյուրը մտածում է իր մասին, իր շենքի, գույքի, կենսաթոշակի մասին եւ ապահովագրում է դրանք, որովհետեւ նա պետությունից ոչինչ չի ակնկալում: ՀՀ-ում եւ ԱՊՀ պետություններում այնպիսի մտածելակերպ կա, որ իրենց անպայման պետք է պետությունն օգնի, ինչը եւ պարտավոր է անել»:
Նրա խոսքերով, քաղաքացիները ապահովագրական ընկերություններին չեն վստահում, աչքները վախեցել է եւ տարբերություն չեն դնում բանկի ու ապահովագրական ընկերության միջեւ. «Դա գալիս է բանկերի 90- ականների ֆինանսական պայթյունից եւ քաղաքացիների դառը փորձից, պարզապես ասում են, որ չենք վստահում, բայց երբեւէ նրանք չեն ապահովագրվել, հատուցում չեն ստացել, սակայն ենթադրում են, որ եթե ապահովագրվեն էլ՝ հատուցում չեն ստանալու»:
Լ. Մամիկոնյանի խոսքերով, Հայաստանը ապահովագրական ցուցանիշներով ԱՊՀ երկրների ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը:
Ըստ պրն Մամիկոնյանի, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միակն է, որտեղ ներդրված չէ պարտադիր ապահովագրության համակարգ: 2006թ. հունվարի 1-ից ապահովագրական ընկերությունների գործունեությունը կանոնակարգվում է ԿԲ կողմից, վերջինս էլ, ըստ Լ. Մամիկոնյանի, մտադիր է մշակել օրենքի նախագիծ, որով ապահովագրության առանձին տեսակներ կդառնան պարտադիր: Թեեւ ընկերության տնօրենը կողմ է պարտադիր ապահովագրմանը, սակայն մեր երկրի համար համարում է ժամանակավրեպ. «Այսօր մեր շուկան պատրաստ չէ պարտադիր ապահովագրությանը, դա գալիս է ոչ բավարար գումարներից, համապատասխան կադրերի բացակայությունից, տեխնիկական ռեսուրսներից, ընկերությունները չեն կարող այդ ծավալը մարսել»: Ըստ Լ. Մամիկոնյանի, մեր երկրում հիմնականում ապահովագրվում են կազմակերպությունները, իրավաբանական անձինք, դեսպանատներն ու դրանց աշխատակիցները: Անհատ քաղաքացիներին բաժին է հասնում չնչին տոկոսը, դա էլ այն դեպքում, երբ բանկերից ավտոմեքենայի եւ հիպոթեքային վարկ են վերցնում եւ բանկի կողմից կա հստակ պահանջ, որ անպայման պետք է ապահովագրեն:
Տնօրենի խոսքերով, ոչ մի ապահովագրական ընկերություն չի կարող միայնակ կրել վնասները, իրենք էլ իրենց հերթին վերաապահովագրվում են արտասահմանյան ընկերություններում (օրինակ՝ ինչպես «Արմավիայի» դեպքում: Ընկերությունն ապահովագրել էր ուղեւորների կյանքը «Գրանդ» ապահովագրական ընկերությունում, որն էլ իր հերթին ապահովագրվել էր բրիտանական մի ընկերությունում), սակայն զրուցակցիս տեղեկացմամբ, ոչ բոլոր արտասահմանյան ընկերություններն են համագործակցում հայաստանյան ընկերությունների հետ: Հիմնական պատճառը փոքր շուկան է. «Հայաստանի ապահովագրական բոլոր ընկերությունները միասին տարեկան հավաքագրում են միջինը 10 մլն դոլար, իսկ արեւմտյան միջին հնարավորությունների մեկ ընկերությունն է մեկ ամսում այդքան հավաքում, այդ իսկ պատճառով մեր շուկան նրանց չի ձգում»: