Անօթեւաններին լողացնում, կերակրում ու հագցնում են, հետո վերադարձնում փողոց
«Ես ահավոր վիճակում էի, կեղտոտ, չսափրված, սարսափելի տեսք ունեի, մարդիկ տեսան, խղճացին ու ինձ այստեղ բերեցին, եթե չբերեին, ես հիմա ողջ չէի լինի: Ժամանակին նորմալ տուն-տեղ ունեի, կին, երկու երեխա, բայց երկիրը փլուզվեց, ընտանիքս էլ հետը փլուզվեց: Ես հայտնվեցի փողոցում: Արդեն 7 տարի դրսում եմ ապրում: Ձմռանը քնում եմ Կիեւյան փողոցի շենքերի նկուղներում, ամռանը՝ Նաբերեժնիում»,- իր վիճակն այսպես նկարագրեց ՀՀ քաղաքացի, 62-ամյա Կարեն Ներսիսյանը, որը 20 օր է, ինչ փողոցից տեղափոխվել է անօթեւանների համար նախատեսված ժամանակավոր կացարան: Նրան ցրտից սառչած, համարյա կիսամեռ՝ կացարան են բերել ոստիկանները: Նա դերասան Աշոտ Ներսիսյանի տղան է, որը հայտնի է «Ոսկե ցլիկը» ֆիլմում մարմնավորած Պողոսի կերպարով:
Արդեն մեկ տարի է՝ 4-րդ գյուղում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատում պետության միջոցներով գործում է անօթեւանների համար նախատեսված ժամանակավոր կացարան, որտեղ անտունները կարող են օթեւանել ընդամենը 2 ամիս, որից հետո ստիպված են վերադառնալ նախկին թափառական կյանքին: Ժամանակավոր կացարանի մյուս բնակիչների համեմատությամբ, որոշ իմաստով Կ. Ներսիսյանի բախտը բերել է. նա կենսաթոշակի տարիքի է եւ կացարանի տնօրինության միջնորդությամբ երկու ամիսը լրանալուց հետո տեղափոխվելու է ծերանոց:
Ներկայումս ժամանակավոր կացարանում ապրում է 39 անօթեւան՝ 29 տղամարդ եւ 10 կին: Այս տարվա աննախադեպ ցրտի պատճառով այստեղ ապաստանողների թիվը կրկնապատկվել է: Գիշերելով դրսում՝ նրանցից շատերը կացարան են տեղափոխվել ցրտահարված վիճակում:
Տուն-ինտերնատի տնօրեն Դավիթ Շահբազյանի խոսքերով, անօթեւաններին փողոցներից ժամանակավոր կացարան են բերում հիմնականում տուն-ինտերնատի աշխատակիցները, ոստիկաններն ու հասարակական կազմակերպությունները: «Երբ անօթեւանին բերում են՝ շուրջ 4 օր նրան բժշկական քննության ենք ենթարկում՝ հնարավոր վարակներից բուժելու համար: Նրանք կեղտի մեջ կորած են լինում: Լողացնելուց, մազերը կտրելուց ու նոր շորեր հագցնելուց հետո այդ մարդիկ անճանաչելիորեն փոխվում են»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Դ. Շահբազյանը: Ըստ տնօրենի, նրանց մեծ մասն անգամ անձը հաստատող փաստաթուղթ չունի, ուստի տնօրինությունը, անտունների արտաքինով զբաղվելուց բացի, նրանց օգնում է նաեւ փաստաթղթերի հարցում: Մեզ հետ զրույցում անօթեւանները պատմում էին, որ հեշտությամբ են ընտելանում «փափուկ» կյանքին, սակայն մեծ դժվարությամբ են հաշտվում այն մտքի հետ, որ իրենց մարդավարի ապրուստը ժամանակավոր է եւ որ հաշված օրերի ընթացքում կրկին փողոցում են հայտնվելու եւ կրկին «բոմժի» կյանքով են ապրելու. «Հիմա գոնե սենյակ ունենք, անկողնում ենք քնում, օրը երեք անգամ տաք ճաշ ենք ուտում, բայց մեկ է՝ այդ ամենը ժամանակավոր է, քանի որ շուտով էլի «բոմժ» ենք դառնալու: Նույնիսկ հիմա, երբ մեզ ժամանակավոր կացարան են տվել, այս գյուղի բնակիչները, ցույց տալով մեր շենքը, ասում են՝ էս «բոմժնոցը»: Տուն-ինտերնատի աշխատակիցների պատմելով, երբեմն էլ իրենցից մեծ ջանքեր է պահանջվում մինչեւ անօթեւաններին բերում են ժամանակավոր կացարան. «Մի անգամ, երբ փորձում էինք Նուբարաշենի աղբանոցում ապրող անօթեւաններին համոզել տեղափոխվել կացարան, դանակներով հարձակվեցին մեզ վրա: Չէին ուզում դրսի կյանքից հրաժարվել»:
Ազգությամբ ռուս 60-ամյա Իրա Կրիտինայի՝ ժամանակավոր կացարանում գտնվելու երկու ամիսը լրացել է, սակայն նա դեռեւս չի կարող լքել ինտերնատը, քանի որ անկողնային հիվանդ է: Նրան մոտ օրերս պետք է տեղափոխեն հիվանդանոց: Մեզ հետ զրուցելիս էլ նա ջերմություն ուներ եւ հազիվ հեւալով պատմում էր իր գլխին եկածը. «Վեց ամիս է՝ ապրում եմ փողոցներում եւ հաց եմ մուրում: Անիծում եմ այն օրը, երբ 35 տարի առաջ հայի հետ ամուսնացա եւ Կալինինգրադից եկա Հայաստան: Ամուսնուցս բաժանվելուց հետո մի որոշ ժամանակ ապրեցի վարձով, սակայն չկարողանալով այլեւս վարձ տալ՝ հայտնվեցի փողոցում ու դարձա թափառական»: Կնոջ պատմելով, ամիսներով քնել է Կոմիտասի այգում՝ բաց երկնքի տակ: Նրա միակ մտերիմը եղել է բախտակից ընկերուհին՝ Սվետան, որն այլեւս չդիմանալով դաժան կյանքին՝ վերջերս մահացել է: Ի. Կրիտինան, բացի Կալինինգրադում ապրող մորից ու քրոջից, ոչ ոք չունի. «Շատ կուզենայի վերադառնալ նրանց մոտ, բայց ձեռքս ճար չկա: Երբեւէ փող չեմ ունեցել, որ գոնե հեռախոսով նրանց հետ խոսեմ, նույնիսկ նրանց հասցեն եմ մոռացել»:
52-ամյա Սիլվա Չատինյանը կացարանում բնակվելու դեռ մեկ ամիս էլ ժամանակ ունի, բայց արդեն իրեն հաշտեցրել է այն մտքին, որ շուտով հրաժեշտ է տալու տաքուկ անկյունին ու հայտնվելու է փողոցում: Նա նույնիսկ իր փողոցային նախկին հասցեն մեզ տրամադրեց, ասելով՝ «Հաղթանակի զբոսայգի բարձրանալիս մի խնձորի ծառ կա, ինձ այնտեղ կարող եք գտնել, մեկ է՝ 1 ամսից նորից վերադառնալու եմ նախկին կյանքիս: Ցուրտ օրերին ծառը ցելոֆաններով պատում էի, մտնում էի մեջը, քրտնում, դուրս գալիս մրսում էի: Մի խոսքով, կյանքն ահավոր է մեզ համար»:
Ս. Չատինյանը 10-12 տարի առաջ աշխատանք փնտրելու նպատակով մայրաքաղաք է տեղափոխվել Ստեփանավանի Ագարակ գյուղից, սակայն ոչ մի գործ չգտնելով՝ դարձել է մուրացկան: Նրա պատմելով, հայրենի գյուղում էլ տուն չի ունեցել, քանի որ երկրաշարժի ժամանակ բնակարանը հիմնահատակ ավերվել է. «Քուչեքում եմ ապրել, ծառերի տակ քնել: Ոնց որ երազում լինեմ: Աղջիկս եւ թոռներս Ստեփանավանում բարեկամի տանն են ապրում: Փող եմ հավաքում եւ տարին մեկ անգամ գնում եմ զավակներիս տեսնելու»:
Գալուստ Խաչատրյանն էլ գողություն անելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից է արտաքսվել Հայաստան ու քանի որ հայրենիքում հարազատներ չունի, դարձել է «բոմժ»: Մեկ շաբաթ օդանավակայանի սրահներում մնալուց հետո, որպես անօթեւան, նրան բերել են ժամանակավոր կացարան. «Ծնողներիս մահից հետո վատ շրջապատ ընկա՝ «ուռում» էի, նարկոտիկ էի օգտագործում, մի օր էլ զգացի, որ կործանվում եմ, ինձ փրկելու համար համաձայնվեցի Ամերիկայում դատվելու փոխարեն արտաքսվել հայրենիք: Մտածում էի՝ կգնամ Հայաստան, կյանքը լավ կլինի, աշխատանք կգտնեմ, բայց այստեղ ամեն բան այլ է: Ընդամենը 45 դոլար ունեի՝ այն էլ 2 օրում վերջացավ»:
Սուսաննա Խաչատրյանը մինչ կացարան տեղափոխվելը գիշերել է գերեզմանատներում, քանի որ, ինչպես ինքն է ասում, ինքը եւ իր նմանները մեռածի հաշիվ են: Նա 46 տարեկան է, ունի աղջիկ եւ ամուսին, սակայն նրանց հետ որեւէ կապ չունի. «18 տարի Քանաքեռի հանրակացարանում եմ ապրել, աղջիկս հիվանդ է ու ինձ անընդհատ ծեծում էր, հարեւաններս սովորեցնում էին, որ դույլով վրաս ջուր լցնի, նույնիսկ դանակը ձեռքին հարձակվում էր իմ ու ամուսնուս վրա: Ես այլեւս չէի կարող նման պայմաններում ապրել ու տնից հեռացա: Ապրում էի փողոցներում»:
Հ. Գ. Այս խավը, ըստ էության, պետության համար «գոյություն չունի»: Նրանք ընդգրկված չեն պետության սոցիալական, աղքատության հաղթահարման ռազմավարական, զանազան օգնությունների ծրագրերում, նպաստառուների ցուցակներում: Նրանց հաշվառումը միանգամայն այլ կերպ կարտացոլեր երկրում աղքատության պատկերը: