Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երեխաները Վանում թուրքերեն չեն խոսել

Փետրվար 05,2007 00:00

\"\"Վանի պատմությունը խեղաթյուրվել է կողմնակալ պատմաբան Մակ-Քարթիի կողմից

Անցյալ տարվա սեպտեմբերին Յութայի համալսարանի կողմից (ԱՄՆ) հրատարակվել է «Հայկական ապստամբությունը Վանում» գիրքը, որ հեղինակել են Ջասթին Մակ-Քարթին, Էսաթ Արսլանը, Սեմալեթին Թաշքիրանը եւ Օմեր Թուրանը: Աշխատությունը խեղաթյուրված նկարագրում է առաջին համաշխարհային պատերազմին նախորդող իրադարձությունները եւ հայերի ապստամբությունը, որը իբր պատճառ դարձավ Վանի ավերմանը եւ հետագայում ամբողջ հայ բնակչության վտարմանը այդ քաղաքից:

Նշեմ, որ Ջասթին Մակ-Քարթին պատմաբան Է, Միջին Արեւելքի մասնագետ եւ հայտնի է թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը ժխտող իր բազմաթիվ աշխատություններով: Վերջին գիրքը եւս դրա վառ օրինակն է: Վանի պատմության մասին բազմաթիվ աշխատություններ կան, այդ թվում ճանաչված պատմաբաններ Անահիտ Տեր-Մինասյանի, Ռիչարդ Հովհաննիսյանի եւ այլոց գործերը: Սերելով վանեցու ընտանիքից, ես եւս խոր եւ բազմակողմանի ուսումնասիրել եմ Վանի պատմությունն ու վանեցիների ապստամբությունը, ծանոթացել ականատեսների պատմածներին, պրպտել ոչ հայկական աղբյուրները եւս: Արդյունքում՝ ծնվել է իմ գիրքը՝ «Արարատի մյուս կողմում» վերնագրով: Այնտեղ անդրադարձել եմ Մակ-Քարթիի գրքում տեղ գտած որոշ հարցերի:

Նրա «Հայկական ապստամբությունը Վանում» գիրքը վերաբերում է 1800-ականներից մինչեւ 1917 թ. ընկած իրադարձություններին: Այստեղ հայերը ներկայացվում են իբրեւ երախտամոռ փոքրամասնություն Օսմանյան Թուրքիայում: Ըստ այդ գրքի, հայերը՝ դաշնակցության գլխավորությամբ, վայրենաբար մորթել, բռնաբարել ու ոչնչացրել են մուսուլմանական բնակչությանը, այնուհետեւ ռուսների դավաճանության պատճառով ստիպված թողել-հեռացել են իրենց տներից:

Մակ-Քարթին իր գրքում հղում է անում հայկական, թուրքական, անգլիական, ֆրանսիական աղբյուրներին: Բայց հիշատակելով հայկական աղբյուրները՝ նա նշում է, որ իբր դրանք, ինչպես նաեւ անգլերեն նյութերի մեծ մասը, չափազանցված են: Մակ-Քարթին նշում է, թե հայ բնակչության 70%-ը անգրագետ էր: Մինչդեռ այնտեղ 12 հայկական դպրոց է գործել, վանեցիների մեծ մասը իրենց երեխաներին ուղարկել են նաեւ մասնավոր դպրոցներ: Հայ երեխաները Վանում երբեք թուրքերեն չեն խոսել, ինչպես պնդում է Մակ-Քարթին, որովհետեւ 30000 հայերով բնակեցված Վանի դպրոցներում թուրքերեն չէր դասավանդվում: Ի դեպ, այս քաղաքում բնակչությունը բարեկեցիկ է ապրել: Շատերը ուսուցիչներ, առեւտրականներ, խանութպաններ, իրավաբաններ, նկարիչներ, արհեստավորներ, բժիշկներ էին: Ինչ վերաբերում է դաշնակցությանը, այն եկել էր Թիֆլիսից եւ, ըստ իրավիճակի, մերթ բռնում էր թուրքական կառավարության կողմը, մերթ նրան դեմ գնում: Դաշնակցությունը մեծ հարգանք չէր վայելում Վանում եւ օժանդակություն էլ չէր ստանում վանեցիներից մինչեւ 1915թ. ապրիլը:

Իր գրքում Մակ-Քարթին Ջեւդեդ բեյի՝ Էնվեր փաշայի փեսայի մասին զուսպ է արտահայտվում, մինչդեռ տարբեր աղբյուրների համաձայն, Ջեւդեդը իր դաժանությամբ վատ համբավ էր վայելում Վանում: Մակ-Քարթին ամեն ինչ արել է հայերին իբրեւ վայրենիներ ներկայացնելու համար: Բարեբախտաբար, նա չի համարձակվել սեւացնել Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկին՝ Արամ Մանուկյանին: Սակայն, ըստ կողմնակալ պատմաբանի, հենց հայերի ապստամբությունն է կրում Վանի ավերման ամբողջ պատասխանատվությունը: Մակ-Քարթիի համոզմամբ, Վանի ապստամբությունը երախտամոռ վերաբերմունքի ցավալի փաստ է, որը պետք է ջախջախվեր նախքան սկսվելը: Իր գրքի վերջում նա նույնիսկ ապստամբների հետ հաշվեհարդար տեսնելու բաղադրատոմսեր է ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել